Քելե՛, Լաո՛, քելե, չերթանք մեր էրգիր

09/06/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հանգստանա՞լ Թուրքիայում, թե՞ չհանգստանալ: Ամեն ամառ այս հարցը հասարակական հնչեղություն է ստանում, քանի որ հայրենասիրական զգացմունքների ցուցադրության «գեղեցիկ» առիթ է: Բայց այս տարի Թուրքիա գնալ-չգնալու խնդիրն առավել սրությամբ է դրված: Եթե նախորդ տարիներին մենք չպետք է Թուրքիայում հանգստանայինք, քանի որ դա հիմնավորվում էր որպես ուղղակի անարգանք Ցեղասպանության զոհերի հիշատակին, այս տարի հիմնավորումները զգացմունքային դաշտից տեղափոխվել են քաղաքական հարթություն: Թուրքագետներից Ռուբեն Մելքոնյանն, օրինակ, օրերս հեռուստատեսությամբ նկատեց, որ Թուրքիայում ՀՀ քաղաքացիների ծախսած յուրաքանչյուր դրամն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղվելու է հակահայկական քարոզչությանը: Այսինքն` հայերի ընդունած արեւայրուքը, լիարժեք ու մատչելի հանգիստը Հայաստանի դեմ կարող է շուռ գալ, ասենք, Եվրախորհրդարանի 2016 բանաձեւով: Պարոն Մելքոնյանը նաեւ զգուշացրեց, որ Թուրքիա հանգստանալու մեկնած հայ զբոսաշրջիկների անվտանգությունը, խոշոր հաշվով, երաշխավորված չէ: Հետեւաբար` եթե մեր քաղաքացիները Հայաստանում հանգստանալու հնարավորություն չունեն, թող մեկնեն Կանարյան կղզիներ, Իտալիա, բայց ոչ երբեք` Թուրքիա:

ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն էլ (ում հայ ժողովուրդն, ինչպես երեկ բոլորիս համար անակնկալ նկատեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, 2008 թ.-ին նախագահ չի ընտրել) նույն հաղորդման ընթացքում պնդեց, որ հոգեբանորեն բարդ է զբոսաշրջիկի կարգավիճակով լինել քո պատմական հայրենիքում: Ոսկե խոսքեր են:

Կան մտավորականներ, ովքեր եւս երբեք չէին մեկնի Թուրքիա` հանգստանալու: Պարզապես չէին անի, եւ վերջ: Օրինակ` գրող, մշակութաբան Ռուբեն Անգալադյանը համարում է, որ հայերի Թուրքիա գնալուն ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել: Դա կարող է եւ պետք է անի ազգային բարձր գիտակցությունը եւ հարգանքը Եղեռնի զոհերի հիշատակին:

Հայ-թուրքական Արձանագրությունների տապալումից հետո հատկապե՛ս, երբ Թուրքիան, ըստ էության, օդում թողեց նախագահ Սարգսյանի պարզած ձեռքը, կարելի է վիրավորվածի տեսք ընդունել եւ վերջնականապես հրաժարվել Թուրքիայում հանգստանալուց: Սակայն տուրիստական գործակալություններում այլ վիճակագրություն է. Անթալիա մեկնելու հայտերը խոսում են այն մասին, որ հայ զբոսաշրջիկների վիրավորվածության մակարդակն այնքան չէ, որ խոչընդոտի հանգիստն անցկացնել հարեւան, ոչ այնքան բարեկամական Թուրքիայում: Տուրիստական գործակալներից մեկն անգամ պատմում է, որ իրենք ուղեւորություն ընտրող հայերին առաջարկում են նույն գումարով հանգստանալ եվրոպական երկրներում, անգամ էկզոտիկ երկրներում, սակայն շատերը հրաժարվում են եւ նախապատվությունը տալիս Թուրքիային: Դժվար է բացատրել այս երեւույթը, բայց հասկանալ հնարավոր է: Չի բացառվում, որ դա ենթագիտակցորեն բողոք է սեփական իշխանություններին:

Կարելի է Հայաստանում սեփական լեզվի հանդեպ քամահրական վերաբերմունք ունենալ, կարելի է սեփական քաղաքացիներին հայրենիքում այնքան օտար դարձնել, որ սեփական երկրում ոչ միայն չհանգստանա, այլ միայն անհանգստանա, եւ, որպես սփոփանք, հայրենասիրության մասին պատկերացումները նեղացնել եւ տեղավորել Թուրքիա մեկնել-չմեկնելու ցանկության ոլորտում: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանի քաղաքացիներին իրենց երկրում պահելու, նաեւ նրանց հանգիստը հայրենիքի սահմաններում կազմակերպելու համար մեր իշխանությունները ոչինչ չեն անում: Եթե չասենք` հակառակը: Տեսե՛ք, բանավոր զրույցներում հայերս միմյանց համարում ենք թուրքից վատը: Այսինքն` մեր վերաբերմունքը միմյանց հանդեպ նույնքան անխնա է, որքան թուրքերի վերաբերմունքը հայերի հանդեպ: Անցյալ դարի սկզբին:

Հասարակության հանդեպ անազնիվ վարքագիծը, որ դրսեւորում են բոլոր ղեկավարներն ու բոլոր քաղաքական գործիչները, ՀՀ քաղաքացիներին որեւէ ձեւով չի պարտավորեցնում ազնիվ լինել սեփական պետության հետ եւ, դիցուք, քո երկրի անցյալն ու ներկան հարգելով` չհանգստանալ Թուրքիայում: Երբ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարում է` եթե 2008թ. նախագահական ընտրություններին «հայ ժողովուրդն ընտրեր Վահան Հովհաննիսյանին, այսօր կապրեինք ամբողջությամբ այլ Հայաստանում»: Այսինքն` Դաշնակցության գործարքը Սերժ Սարգսյանի (կամ, ավելի ստույգ, Ռոբերտ Քոչարյանի) հետ, երկրի նոր նախագահի ձեռքը ամուր սեղմելն ու ականջին շնորհավորանքի խոսքեր մրմնջալը ներկայացվում է որպես հայ ժողովրդի սխալ ընտրություն: Սա այն դեպքն է, որը մեկնաբանություն չի ուզում:

Մթնոլորտը, որը Հայաստանում ձեւավորում են նախեւառաջ իշխանություններն ու քաղաքական ուժերը, անառողջ է եւ ամենեւին չի նպաստում բարոյական, ազգային գիտակցություն ունեցող հասարակության ձեւավորմանը:

Հետեւաբար, այսօր անաքրոնիկ է հարցը` գնա՞լ Թուրքիա հանգստանալու, թե՞ ոչ: Կարող ենք գնալ, կարող ենք` ոչ: Իսկ նրանք, ովքեր, ամեն դեպքում, փնտրում են այս հարցի պատասխանը, թող նախ պատասխանեն մեկ այլ հարցի: Դավաճա՞ն են նրանք, ովքեր Հայաստանի իշխանությունների անտարբերությունից, կոռումպացված իրավապահներից հուսահատ` որոշում են փախչել Հայաստանից: Ընդ որում` Թուրքիայի ուղղությամբ: Եվ ամենեւին` ոչ հանգստի նպատակով:

Մարտի մեկին սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը օրեր առաջ հայտարարեց, որ որդու սպանության բացահայտման ուղղությամբ քննչական մարմինները բացարձակապես ոչինչ չեն արել: Իր հարցերին՝ «Մի բան արե՞լ եք, ասե՛ք, գոնե մի բարձրաստիճան սպայի հարցաքննե՞լ եք, մի չնչին բան բացահայտե՞լ եք, թե՞ ոչ», Գլխավոր դատախազության ավագ քննիչ Հարություն Հարությունյանը քամահրանքով է պատասխանել: Ո՞ւմ պատմի իր վիշտը տիկին Ռուզաննան: Նրան Հայաստանի Հանրապետությունում ոչ մի պատկան մարմին լսել չի ցանկանում: Հետեւաբար, ըստ նրա՝ «Միակ ելքը Հայաստանից հեռանալն է: Ես դիմելու եմ Թուրքիային, ազգությունս փոխելու եմ ու նրանցից պատասխան եմ խնդրելու»: Բանն այնտեղ է հասել, որ որդեկորույս մայրը խոստովանում է, որ իր որդուն բանակ ուղարկելը սխալ էր. «Ես պետք է տասը հազար դոլար կաշառք տայի, իմ տղային ազատեի, որ նա ծառայության չգնար»: Իհարկե, կարելի է այս հայտարարությունը մեկնաբանել` որպես հայրենիքի դավաճանություն, թշնամու ջրաղացին լցված ջուր: Այսուհետ ոչ բարեկամական երկրներում` Ադրբեջանում, Թուրքիայում, կիմանան, որ Հայաստանում բանակից ազատվելու գինը տասը հազար դոլար է: Ի դեպ, այդ գումարով մինչեւ 2013 թվականի նախագահական ընտրությունները ՀՀ քաղաքացիները կարող են երեք տարի անընդմեջ հանգստանալ Անթալիայում: Իսկ հետո առանց խղճի խայթ զգալու՝ ընտրել Վահան Հովհաննիսյանին: