Կոչ են անում չքննարկել

09/06/2010

Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Լրատվամիջոցների աջակցության «Ինտերնյուս» հ/կ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը եւ Բաց հասարակության ինստիտուտը տարածել են հաղորդագրություն, որում ասվում է. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված լսումներից (26.05.2010թ.) հետո ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնամուխ էր եղել հնչած առաջարկությունների քննարկմանը: Մենք` ներքոստորագրյալ կազմակերպություններս, համարելով, որ մինչեւ երկրորդ ընթեցմամբ փաստաթուղթն ընդունելը եւ մինչեւ հուլիսի 20-ը` հեռարձակման լիցենզավորման մրցույթների հայտարարման օրը, եղած ժամանակը բավարար չէ լիարժեք եւ համապարփակ օրինագիծ մշակելու համար, ինչպես նաեւ՝ ելնելով մրցույթների կազմակերպիչներին եւ հնարավոր մասնակիցներին ցայտնոտային վիճակի մեջ չդնելու մտահոգությունից, առաջարկում էինք՝ 1. ՀՀ ԱԺ-ին երկրորդ ընթերցման ներկայացնելուց առաջ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում թողնել միայն այն դրույթները, որոնք անմիջականորեն առնչվում են հեռարձակման թվայնացմանը եւ հնարավորություն են տալիս 2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարել եւ կազմակերպել պետական շահագործման մուլտիպլեքսներով հեռարձակվելու լիցենզավորման մրցույթներ, իսկ մնացած բոլոր փոփոխությունները եւ լրացումները, որոնք ուղղակիորեն չեն առնչվում թվայնացմանը եւ մրցույթներին` հանել նախագծից,

– հրապարակել հեռարձակման հաճախականությունների աուդիտի արդյունքները, որով կհիմնավորվեր, թե ինչու է նախատեսվում պետական շահագործման մուլտիպլեքսների ցանցում ընդամենը 18 հաճախականություններով հեռարձակման լիցենզավորում, – նախատեսել դրույթ` արբանյակային հեռարձակման վերաբերյալ, այն հաշվով, որ այդպիսի հեռարձակումը կախված չլինի Հայաստանում եթերային հեռարձակման լիցենզիա ունենալուց: 2. Մշակել Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի լրացումներ, որոնցով պատասխան պիտի տրվեն այն բոլոր հարցերին ու մտահոգություններին, որոնք մեր կազմակերպությունները ներկայացրել են մայիսի 26-ի խորհրդարանական լսումների ժամանակ: Այդ լրացումները կառավարությունը պետք է ընդունի մինչեւ հուլիսի 20-ը: 3. ԱԺ-ն էլ, ըստ առաջարկված քայլերի հերթականության, ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, պետք է պարտավորություն ստանձներ` վեց ամսում մշակելու «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր, արդի պահանջներին համապատասխանող եւ ոլորտի բոլոր մտահոգիչ ու սկզբունքային խնդիրները կարգավորող նախագիծ, որպեսզի 2011 թվականի հունվարից լիցենզավորված հեռուստաընկերություններն աշխատեն արդեն նորացված օրենսդրական միջավայրում:

Այս ամենի հետ մենք ներկայացրել էինք օրինագծում փոփոխություններ առաջարկող 20 կետից բաղկացած մի փաստաթուղթ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ս.թ. հունիսի 3-ին կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ միջգերատեսչական հանձնաժողովի մի քանի այլ անդամներ վստահեցրին, թե ընդունել են մեր կազմակերպությունների անունից առաջարկած գործողությունների պլանը (համենայն դեպս` հանձնաժողովի իրավասությանը վերաբերող առաջին երկու կետերը) եւ մեր, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկությունների մի մասը: Այդ քննարկումից երկու օր անց մենք ստացել ենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունների ամփոփաթերթը եւ երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագիծը:

Հիշյալ փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ միջգերատեսչական հանձնաժողովը խախտել է պայմանավորվածությունների հենց առաջին կետը, այն է` փոփոխությունները պետք է վերաբերեն միայն այն դրույթներին, որոնք ապահովում են հեռարձակման թվայնացումը եւ հնարավորություն են տալիս կազմակերպել եւ անցկացնել լիցենզավորման մրցույթներ: Մենք փաստում ենք, որ մի քանի առաջարկություններ ընդունելով, Միջգերատեսչական հանձնաժողովը ոչ մի զիջման չի գնացել մեզ համար սկզբունքային այլ հարցերում. օրինագծից չեն հանվել թվայնացման եւ մրցույթների անցկացման հետ որեւէ կապ չունեցող փոփոխությունները: Մասնավորապես, չնայած մեր բազմաթիվ պնդումներին ու հիմնավորումներին, նախագծում չի վերականգնվել հանրային հեռուստառադիոընկերության գովազդի սահմանափակումը (հաղորդումները գովազդով չընդհատելու պահանջը) եւ պահպանվել է գովազդի ծավալը 5-7 տոկոս դարձնելու դրույթը: Ավելին` ներմուծված է ըստ էության հակասահմանադրական դրույթ. օրենքի նախագծի 35 հոդվածի 1 մասը խմբագրվել է, ինչի արդյունքում Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը դուրս է մնում որեւէ կարգավորումից եւ վերահսկողությունից: Չեն հրապարակվել աուդիտի արդյունքները, չի պարզեցվել արբանյակային հեռարձակման իրավունքի տրամադրումը: Պահպանվել են նաեւ նախագծի անընդունելի ձեւաչափը (երբ փաստաթղթից չի երեւում, թե ինչ փոփոխություններ են կատարված), եւ ԱԺ-ում օրինագիծը քննարկելու հրատապության ռեժիմը:

Վերոհիշյալ երկու հիմնական պայմանավորվածությունների խախտումը մեզ հիմք է տալիս խիստ կասկած հայտնելու Էկոնոմիկայի նախարարության եւ միջգերատեսչական հանձնաժողովի` խոստումները կատարելու եւ կառուցողական համագործակցության պատրաստակամության եւ ընդունակության վրա: Հերթական անգամ մեր կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ նրանց ներկայացուցիչների ծախսած ժամանակը, աշխատանքը, միջոցները չտվեցին համարժեք արդյունք: Իսկ օրինագծի hանրային քննարկումը մասամբ վերածվեց իմիտացիայի, որի միակ նպատակն էր՝ ժամանակ ձգել, եւ ժամանակին մրցույթներն անցկացնելու պատրվակով հապշտապ անցկացնել անորակ եւ հեռարձակման ոլորտի զարգացմանը անուղղելի վնաս հասցնող օրենքը:

Ելնելով վերոգրյալից՝ մենք մեր խորը հիասթափությունն ենք արտահայտում օրինագծի նախաձեռնողների եւ հեղինակների աշխատանքից, հայտարարում ենք, որ հավանություն չենք տալիս երկրորդ ընթերցման ներկայացված նախագծին եւ կոչ ենք անում` ա) ՀՀ Ազգային ժողովին` չքննարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հիշյալ օրինագիծը` մինչեւ այն չներկայացվի պայմանավորված ձեւաչափով ու բովանդակությամբ: բ) միջազգային կառույցներին` հեռարձակման թվայնացման գործընթացում որեւէ աջակցություն չցուցաբերել ՀՀ կառավարությանը` մինչեւ վերջինս չներկայացնի փոփոխված նախագիծ եւ չապացուցի, որ ունակ է արդյունավետ օգտագործել աջակցությունը:

Մենք դարձյալ հայտնում ենք կառուցողական համագործակցության (մասնավորապես` թվայնացման հայեցակարգի լրացումների մշակման գործում) մեր պատրաստակամությունը, սակայն այդ համագործակցությունն իմաստ կունենա միայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտելու դեպքում»: