Գերմանիայի կառավարությունը քննարկում է մի փաթեթ, որը թույլ կտա տնտեսել պետության միջոցները։ Իշխանությունները պատրաստվում են հաստատել ֆինանսական հատուկ պլան, որը թույլ կտա զգալիորեն կրճատել բյուջետային ծախսերը. հինգ տարվա ընթացքում տնտեսումը պետք է կազմի շուրջ 51 մլրդ եվրո։ Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա պետության ծախսերը կկրճատվեն 11 մլրդ եվրոյով։ Ծախսերի պակասեցումը նախատեսվում է իրականացնել մի քանի ճանապարհներով, այդ թվում՝ պետական հատվածում աշխատող մարդկանց թվի կրճատմամբ։ Ըստ ԶԼՄ-ների, պետական ծառայողների թիվը պետք է նվազի 10-15 հազարով, որի արդյունքում հնարավոր կլինի տնտեսել շուրջ 800 մլն եվրո։ Տխուր հեռանկար է սպասվում ոչ միայն աշխատանքը կորցրած գործազուրկ դարձած չինովնիկներին։ Աշխատանքը պահպանած պետական պաշտոնյաների աշխատավարձերը կարող են նվազեցվել 2,5 %-ով։ Ծախսերի կրճատում է նախատեսվում նաեւ սոցիալական ոլորտում՝ նպաստների մի շարք տեսակների վերացման եղանակով։ Չի բացառվում, որ տնտեսման նպատակով կկրճատվեն նաեւ բանակի ծախսերը։ Բյուջետային ծախսերի կրճատումների պատճառը ֆինանսական ճգնաժամն է եւ եվրոյի կայունացման անհրաժեշտությունը։