Թատերական աճ եւ որակյալ ներկայացումներ

02/10/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մեկնարկել է «Հայֆեստ» միջազգային թատերական երրորդ փառատոնը: Աճել է
մասնակիցների քանակը եւ մասնակից երկրների թիվը: 8 օրվա ընթացքում 40
թատերախումբ կցուցադրի իր ներկայացումները Երեւանի, Վանաձորի, Գյումրիի,
Արտաշատի թատրոնների բեմերում: Ամենաուշագրավը «Հայֆեստի» մասնակիցների
ընտրությունն է:

Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը անցյալ տարի կարողացել էր հրավիրել
բազմաոճ խմբեր: Ընդ որում, շատ ներկայացումներ արժանացան ոչ միանշանակ
ընդունելության եւ նույնիսկ իրարանցում ստեղծեցին՝ ցույց տալով ներկայիս
թատրոնի ժանրային եւ ոճային ուղղությունները: «Հրավիրված լինելով տարբեր
փառատոների, ես ինքս եմ ընտրում մասնակիցների, պայմանավորվում եւ
հրավիրում եմ նրանց», – ասաց Ա. Ղուկասյանը: Հայ հանդիսատեսին առաջարկվող
ներկայացումներից շատերը փառատոնի նախագահն անձամբ տեսել է «Եվրոպաներում
եւ Ասիաներում», իսկ որոնք տեսնել չի հասցրել, ընտրել է տեսաժապավենների
տեսքով ուղարկված բեմականացումներից: Լավ կողմնորոշվելով թատերական
մենեջմենթի ոլորտում եւ հարցումներ անելով տարբեր փառատոների
կազմակերպիչներից, Ա.Ղուկասյանն առաջարկելու է այն ներկայացումները, որոնք
«հնացած կամ մեռած չեն», պարունակում են թարմ հայացք եւ հանդուգն
մոտեցումներ: Մնջախաղ, դրամա, պարային, տիկնիկային եւ խամաճիկների թատրոն,
բացօթյա ներկայացումներ, ստվերների թատրոն. բոլոր ժանրերը ներկայացված են:
Թատերախմբեր հրավիրելու, նրանց հոնորար վճարելու, տեղավորելու ծախսերը մեծ
են: Ֆինանսական խնդիրները լուծում է հայկական կողմը՝ օգտագործելով
հրավիրված երկրների տարբեր կազմակերպությունների ու նախարարությունների
դրամաշնորհները: Երկրներից շատերը ցանկություն ունեն ցուցադրել իրենց
թատերական նվաճումները, այդ պատճառով էլ գումար են տրամադրում
«Հայֆեստին»: Հիմնականում այդ գումարներից են վճարվում հոնորարները: «Ոչ
ոք միայն հաճույքի համար Հայաստան չի գա: Մենք մոռացել ենք՝ ի՞նչ է
նշանակում Հայաստանի Մշակույթի նախարարություն, կարծես նման կառույց
պարզապես չկա: Նախարարությունից օգնություն սպասելն անհեթեթություն է»,-
ասաց Ա. Ղուկասյանը:

«Հայֆեստը» նոր ճանապարհներ եւ հեռանկարներ է բացելու: Ստեղծվելու է
Performing Arts Network միջազգային ցանցը, որը Կովկասի եւ Միջին Ասիայի
թատերական գործիչներին միմյանց հետ շփվելու եւ նորությունները
ներկայացնելու հնարավորություն կտա: Փոքր, բայց լավ ներկայացում ունեցող
թատերախմբերն այդ ցանցի օգնությամբ կկարողանան ներկայանալ աշխարհին եւ այլ
փառատոներին մասնակցել: Իսկ «Հայֆեստի» ծրագրերը շատ խիտ եւ հագեցած են:
Արդեն երրորդ անգամ մեզ այցելելու է Ղազախստանի «Արտիշոկ» թատրոնը` իր նոր
«Մեզ այցելել է ՎՎՊ-ն» (այսինքն՝ Վ. Վ. Պուտինը) բեմադրությամբ:
Շվեյցարացի Մարկուս Ցոնների Թատերական ընկերությունը կներկայացնի
«Ոդիսական» բեմադրությունը: Կլինեն նոր, մեզ անծանոթ թատերախմբեր
Սինգապուրից, Ճապոնիայից, Իսրայելից, Անգլիայից եւ այլ երկրներից:
«Հայֆեստն» ունի պատվավոր հյուրեր, սակայն չունի ժյուրի: «Փառատոնը սպորտ
չէ, որ հաղթողներ կամ պարտվողներ ունենա»,- ասում է «Հայֆեստի» նախագահը՝
շարունակելով արդեն ավարտված «Արմմոնո» փառատոնի նախագահի միտքը: Փառատոնը
ցուցադրում է, տոն եւ շփում: Եվ շփումից ծնվող նոր գաղափարներ: Հայտնի է,
որ բացօթյա ներկայացումներ բեմադրող գերմանացի դերասան Բերնարդ Բաբը
ցանկություն ունի հայ դերասանների հետ համատեղ նախագիծ անել: Նման
գաղափարը ծագել է նախորդ այցելության ժամանակ: Հնարավոր է, որ նման
գաղափարներ շատ լինեն, քանի որ հայկական թատերախմբերը շատ լայն են
ներկայացված, եւ գրեթե բոլորը նորարար եւ երիտասարդ են: Մասնակիցների
շփման եւ զրույցների համար ստեղծվելու է «Հայֆեստի» ակումբը: Փառատոնի
շրջանակներում կազմակերպվելու է կլոր սեղան՝ նվիրված Եղեռնի 90-ամյակին եւ
Գրերի գյուտի 1600-ամյակին: «Մասնակիցներից շատերը չգիտեն՝ ի՞նչ բան է
Հայաստանը, բայց լավ գիտեն՝ ինչ է փառատոնը: Փառատոնի շնորհիվ ծանոթանում
են Հայաստանի եւ հայերի հետ»,- ասաց Ա. Ղուկասյանը: Եվ քանի որ շատ
հետաքրքիր հյուրեր ունենք, ուրեմն ծանոթությունն էլ փոխադարձ կլինի:
Թատրոնը միշտ էլ ավելի լավ է ներկայացնում կյանքի ներկայիս մոդելն ու
մարդկանց սպասելիքները, քան արվեստի որեւէ մեկ այլ ճյուղ: