Զգուշացեք շոգից

09/06/2010

Քանի որ ամռան սեզոնին բնորոշ են աղիքային վարակիչ հիվանդությունները, մարդիկ պետք է օրական առնվազն 4-5 բաժակ հեղուկ օգտագործեն: Երեկ հրավիրված ասուլիսում նման խորհուրդ տվեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Ըստ նրա, շոգ եղանակին մարդկանց օրգանիզմը աղերի եւ հեղուկի պակաս է զգում, հետեւաբար խորհուրդ է տրվում օրական պարտադիր 1-2 բաժակ հանքային ջուր խմել: Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ ամռանը շատ օգտագործել թան ու մածուն, որոնք պաշտպանում են օրգանիզմը: Գլխավոր վարակաբանը բնակչությանը նաեւ խորհուրդ է տալիս չգնել փողոցում վաճառվող սննդամթերք, հատկապես զգույշ լինել արագ փչացող սննդամթերքից: «Ոչ միայն պետք է գետնանցումներում վաճառվող սննդամթերքի նկատմամբ վերահսկողություն սահմանվի, այլեւ, ես բազմիցս ասել եմ, որ հենց սուպերմարկետներում վաճառվող գեղեցիկ տեսքով խմորեղենների որակը նույնպես պետք է հսկվի: Որեւէ մեկը չգիտե, թե ովքեր են պատրաստում այդ խմորեղենները: Իսկ խմորեղեններից թունավորման դեպքեր շատ են գրանցվում»,- ասել է նա: Ասոյանը նաեւ նշել է, որ չնայած մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել ամռանը, բայց Հայաստանում աղիքային վարակները գրանցվում են հիմնականում աշնան ամիսներին: Հետեւաբար նա բնակչությանը խորհուրդ է տալիս զգոն լինել նաեւ աշնանը՝ հաշվի առնելով, որ այդ սեզոնին էլ են մեծ սպառում ունենում միրգն ու բանջարեղենը: