Երեկ մեր թերթի խմբագրություն էին դիմել Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում (նախկինում՝ թիվ 25 հանրակացարան) գտնվող հանրակացարանի բնակիչները: Բանն այն է, որ հանրակացարանի շենքը գտնվում է վթարային ծանր վիճակում, եւ չի բացառվում, որ տեղի բնակիչները հայտնվեն ճիշտ նույն իրավիճակում, ինչ պատահել էր Աէրացիայի 7-րդ հանրակացարանի բնակիչների հետ: Հիշեցնենք, որ Աէրացիա 4-րդ կարգի վթարային 7-րդ հանրակացարանի ընդհանուր պատշգամբը պատահաբար փլվել էր, ինչի պատճառով բնակիչներից մեկը 3-րդ հարկից ընկել եւ լուրջ վնասվածքներ էր ստացել: Վարդաշենի հանրակացարանի բնակիչները վստահեցնում են, որ բազմիցս ահազանգել են ինչպես Երեւանի քաղաքապետարան, այնպես էլ` Էրեբունի վարչական շրջան` խնդրելով շենքի վթարայնությունը որոշելու նպատակով մասնագետների խումբ ուղարկել այդ տարածք: Սակայն ասում են, որ որեւէ կառույցի կողմից ուշադրության չեն արժանացել: «Դուք, ավելի լավ կլիներ, եթե անձրեւի կամ ձյան ժամանակ գայիք լուսանկարեիք: Ամբողջ շենքը կամաց-կամաց փլուզվում է, ու մի օր մենք էլ զոհ կդառնանք: Վախենում ենք երեխաներին թույլ տանք, որ դուրս գան պատշգամբ, բայց մյուս կողմից՝ բակ էլ չկա, որ ասենք` գնացեք բակում խաղացեք»,- արդարացիորեն դժգոհում են հանրակացարանի բնակիչները, ովքեր մեզ հրավիրեցին հանրակացարանի հինգ հարկերով ու սենյակներով շրջելու: Մենք ականատես եղանք շենքի ընդհանուր միջանցքի պատերի հսկայական խոռոչներին ու ճաքերին, որոնք, բնականաբար, բնակիչների կյանքի համար վտանգ են ներկայացնում: «Ամիսներ առաջ համատիրությունից ինժեներ եկավ` իբր թե ստուգումներ ա անցկացնում շենքի վտանգավորության աստիճանը որոշելու համար: Շըփ-թըփ, գնաց, եկավ` իբր գործ ա անում, հետն էլ մեկը կար. դու մի ասա` ցուցակագրում են անձերի թիվը, որ իմանան, թե ով` ինչքան վարձ ա վճարում»,- մեզ հետ զրույցում պատմեց Անահիտ Սարգսյանն` ասելով, որ Էրեբունի վարչական շրջանի պատասխանատուները, որպես կանոն, «արհամարհում» են վերոնշյալ տարածքի բնակիչների դիմում-բողոքները: Նրանք մեզ խնդրեցին թերթի միջոցով իրենց դժգոհությունը փոխանցել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արմեն Պուրտոյանին, քանի որ նրանցից բոլորն էլ որպես այդ ընտրատարածքի ընտրողներ` հավատալով նրա խոստումներին` միահամուռ կերպով քվեարկել են նրա օգտին: «Ախր ասում են` ընտրեք էսինչին` հետո պահանջեք, որ խոստումները կատարի: Արմեն Պուրտոյանին ո՞վ կարա տեսնի կամ մի քանի մետրից մոտենա, որ մի հատ էլ պահանջենք խոստումները կատարել: Քանի չեն ընտրվել` ամեն օր դուռ են ծեծում ու ձայն են մուրում, բայց ընտրվելուց հետո դառնում են իշխաններ, որոնց դուռը գնալու համար տարիներով պիտի տարածքում փորձեր անես: Նա պարտավոր ա էն մարդկանց խնդրով զբաղվել, որոնց շնորհիվ էսօր պատգամավոր ա: Վերջապես մարդ ենք, հո անասուն չե՞նք, պրն Պուրտոյան, մենակ օգտագործում եք մեզ»,- բարկացած նշում է բնակիչներից Աստղիկ Պետրոսյանը, ով մյուս բնակիչների պես՝ իրեն խաբված է զգում: Հանրակացարանի բոլոր բնակիչները պատմում են, որ խորհրդարանական ընտրություններից առաջ դեռեւս պատգամավորի թեկնածու Ա. Պուրտոյանն իր ներկայացուցիչներին բազմիցս ուղարկել է հանրակացարանի բնակիչների հետ «բանակցությունների», ովքեր «ոսկե սարեր» խոստանալով` հորդորել են նրան ընտրել. «Ասում էին` ընտրվելուց հետո էս մի քանի մետրանոց փողոցը կասֆալտապատի, էդ ի՞նչ տարածք ա, որ: Շենքի հարցերը կլուծի, երեխեքի համար խաղահրապարակ կկառուցի: Ասում էին` հանրապետականներն իրա թիկունքին կանգնած են, ինքը պրոբլեմ չունի, եւ այլն: Մենք էլ նորից հավատացինք ու միահամուռ իրան քվեարկեցինք: Ընտրվելուց հետո, փոխարենը համայնքի խնդիրները լուծի` իրա անձնական բիզնեսն ա զարգացնում: Արտաշատի ճանապարհին հսկայական համալիր ա սարքում: Մեր հանրակացարանից մի քանի կանայք գնացել էին աշխատելու, էնտեղ մաքրելու բաներ կային: Նայել էր, ինչ ա թե դուրը չէր եկել, մեծ կնանիք են` գործից հանել էր: Կարծես թե Պուրտոյանի օբյեկտում հավաքարար աշխատելու համար պիտի սիրուն հետույք ու կրծքեր ունենաս»: Ի դեպ, տարածքի խնդիրներին քաջատեղյակ է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններից առաջ այցելել է այնտեղ եւ զարմանալով փողոցների անբարենպաստ վիճակից՝ ասել է` «Էս ցեխաշենն իսկական Վարդաշեն եմ դարձնելու»: Բնակիչներից Եպրաքսիա Մելքոնյանն օրեր առաջ հանրակացարանի կիսափուլ աստիճաններից ընկել ու ոտքը կոտրել է: Դիմել է Էրեբունու Հանրապետական կուսակցության տարածքային մասնաճյուղի նախագահին` խնդրելով խոստումներին տեր կանգնել եւ շենքում վերանորոգման աշխատանքներ կատարել: Վերջինս տարեց կնոջն այնպիսի պատասխան է տվել, որ Ե. Մելքոնյանը որոշել է այլեւս ոտք չդնել այդ տարածք. «Ասեց` ի՞նչ անեմ, գա՞մ ոտերդ մասաժ անեմ»:
Հանրակացարանի բնակիչներն ասում են, որ մանավանդ անձրեւային եղանակին հանրակացարանի հինգ հարկերի առաստաղի ծեփերը փլվում են, իսկ սենյակների պատերն ամբողջովին բորբոսով են պատվհել: Անտանելի խոնավության պայմաններում հանրակացարանում ապրող մանկահասակ երեխաները հաճախակի հայտնվում են հիվանդանոցում, իսկ թոքաբորբ եւ բրոնխիալ ասթմա հիվանդությամբ տառապելն արդեն օրինաչափություն է դարձել: Ի դեպ, մենք եղանք հանրակացարանի հինգ հարկերի ընդհանուր պատշգամբներում, որտեղ, իսկապես, իրավիճակը խիստ վթարային է. «Մենք մեր ուժերով ամեն տարի փորձում ենք ծեփերով ամրացնել, բետոնապատել, բայց այլեւս հնարավոր չի: Տարեցտարի վտանգը մեծանում ա: Պիտի անպայման մի դեպք պատահի, մի քանի հոգի մեռնեն, որ նոր ուշադրություն դարձնե՞ն էս խնդրին»: Հանրակացարանի առաջին հարկի բնակչուհի տիկին Ռիման դիմումների փաթեթը ներկայացնելով՝ ասում է, որ այս խնդրի վերաբերյալ տասնյակ դիմում-նամակներ է ուղարկել պետական մարմիններին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Նրանք քաղաքային իշխանություններին կոչ են անում հնարավորության դեպքում հանրակացարանի շենքում վերանորոգման աշխատանքներ կատարել, իսկ եթե ոչ` տեղահանել իրենց եւ մեկ այլ շենք կամ հանրակացարան հատկացնել:
Ինչեւէ, Վարդաշեն 6-րդ փողոցի հանրակացարանի բնակիչները ՀՀ իշխանություններից պահանջում են հետամուտ լինել այս խնդրին եւ շենքի վթարայնության հետ կապված հարցին լուծում տալ: Այս հրապարակումից հետո նրանք եւս մեկ անգամ դիմում-բողոքներ կուղարկեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, Երեւանի քաղաքապետարան եւ Էրեբունի վարչական շրջան: Կրկին պատասխանի չարժանանալու դեպքում բնակիչները սպառնում են կառավարության շենքի առաջ պիկետ կազմակերպել. «Դիմելու ենք ամենածայրահեղ քայլի, մինչեւ լուծում տան մեր հարցին»: