Կրոնն ու բռնությունները

09/06/2010

Գերմանացի կրիմինալիստները բացահայտել են, որ իսլամն ու բռնության հակվածությունը ուղղակի կապ ունեն. որքան մեծ է իսլամի դերը մարդու կյանքում, այնքան նա ավելի ագրեսիվ պահվածք է ցուցաբերում։ Կրիմինալիստիկայի համալսարանի գիտնականները լայնամասշտաբ ուսումնասիրություններ են անցկացրել դեռահասների, ներգաղթածների՝ քրիստոնեական, բուդդիստական, մուսուլմանական ընտանիքների շրջանում եւ պարզել են, որ իսլամական դավանանքը խոչընդոտում է երիտասարդներին՝ ինտեգրվել գերմանական հասարակության մեջ։ Ոճրագործների ու բռնություն կիրառած անձանց մեծամասնությունը կրոնապաշտ մուսուլմաններն են (45%)։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ թուրքական արմատներ ունեցող երիտասարդների ընդամենը 21%-ը այլազգի ընկերներ ունի, ընդամենը 14%-ն են իրենց գերմանացի համարում եւ 11%-ն է գերմանական միջնակարգ դպրոցներ հաճախում։ Քրիստոնեություն դավանող երիտասարդների շրջանում անցկացված ուսումնասիրությունները հակառակ արդյունքների են հանգեցրել. որքան կրոնապաշտ են լինում քրիստոնյա երիտասարդները, այնքան ավելի խաղաղ կեցվածք են ունենում ու հակված չեն լինում բռնություն կիրառել։ Գերմանացի գիտնականները նման արդյունքները բացատրում են տարբեր կրոններում իշխող տղամարդու կերպարի առանձնահատկություններով։ Իսլամում տղամարդը ագրեսիվ նվաճող է ներկայանում, իսկ Գերմանիայում, որը փորձում է գենդերային հավասարությունն ամրապնդել, այդ մոտեցումը հաճախ բռնությունների եւ բռնաբարությունների սկիզբ է դնում։ Գերմանացի գիտնականները ահազանգում ու փորձում են ուշադրություն հրավիրել իմամների դերակատարության վրա։ Որպես կանոն՝ Գերմանիայում աշխատող իմամները չեն տիրապետում գերմաներեն լեզվին, գաղափար անգամ չունեն գերմանական մշակույթի մասին ու ծայրահեղ կոնսերվատիվ պահվածք են քարոզում։ Ինչը, ըստ կրիմինալիստների՝ չի համապատասխանում ժամանակակից Գերմանիայի քաղաքական ու սոցիալական կյանքին։