Նոր տարածքներ

09/06/2010

Հունիսի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Եվրոպայի օրվան» նվիրված միջոցառումների փակման արարողությունը: Այդ կապակցությամբ ելույթ ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մինչ համերգի մեկնարկը հնչեցին Եվրամիության եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերը, որից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Վերջինս ներկաներին ողջունեց տոնի առթիվ` կարեւորելով Եվրամիության գաղափարը, որի շուրջ այսօր համախմբվել են 27 երկրներ: «Անցյալ շաբաթ Եվրոպական միության նախագահը ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ` կատակելով նշեց, որ Եվրամիության գաղափարին հասնելու համար պահանջվեց 2 աշխարհամարտ: Ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, եւ շինարարությունը դեռ չի ավարտվել: Անընդհատ նոր տարածքներ են ներառվում եվրոպական հովանու ներքո»,- ասաց Ռաուլ դե Լուցենբերգերը` նկատելով նաեւ, որ Հայաստանում Եվրամիության ներկայությունը տարեցտարի ձեւափոխվում է` ստանալով ավելի ընդլայնված տեսք: «Հուլիսի երկրորդ կեսին Հայաստանի հետ կմեկնարկեն ասոցիացման համաձայնագրի բանակցությունները»,- ավելացրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը: Իսկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Ռուբեն Ասատրյան) կատարեց Էնեսկուսի առաջին «Ռումինական ռապսոդիան», Բիզեի «Կարմեն» օպերայից հատվածներ, Մոցարտի, Վերդիի ստեղծագործություններից, ինչպես նաեւ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Օրորը» եւ «Սուսերով պարը»: Մենակատարներն էին սոպրանո Հասմիկ Թորոսյանը, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանը եւ տենոր Պերճ Քարազյանը: