Իսկ Դավթի արձանը ցանկացած պահի կարող է փլուզվել

09/06/2010

Սասունցի Դավթի արձանը Երվանդ Քոչարի ստեղծած գլուխգործոցներից է, որը Երեւանի կարեւորագույն խորհրդանիշերից մեկն է: Սակայն արձանի այսօրվա վիճակն ու նրան շրջապատող տարածքը լուրջ մտահոգությունների առիթ են տալիս, որի մասին բազմիցս ահազանգել ենք: 1959թ. դեկտեմբերի 3-ին տեղադրված պղնձակոփ Սասունցի Դավիթը, որի ներքին կոնստրուկցիաները երկաթից են պատրաստված, մինչ օրս երբեք մասնագիտական զննման չի ենթարկվել: Արձանի մետաղը ժամանակի ընթացքում օքսիդանում է, իսկ կառույցի ներքին կոնստրուկցիաները թուլանում են: Եվ այսօր վտանգված է արձանի ֆիզիկական գոյությունը. արձանը քայքայվել է այն աստիճան, որ ցանկացած պահի կարող է փլուզվել:

Արձանի փորձաքննությունն այդքան էլ բարդ ու ծախսատար աշխատանք չէ, եւ ամենակարեւորը` ՀՀ-ում համապատասխան մասնագետներ ունենք: Ինչ խոսք, հնարավոր է նաեւ արտասահմանից մասնագետներ հրավիրել: Մասնագետների հաշվարկներով` արձանը վերականգնելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի տասնյակ հազար դոլար: Խնդիրը, սակայն, սրտացավ ու ուշադիր լինելու մեջ է: Արձանի տարածքն անմխիթար վիճակում է ու մշտապես աղտոտված է: Խորհրդային տարիներին արձանը մշտական պահակ է ունեցել, որը ջրավազանն ու տարածքը մաքուր է պահել: Պահակ վաղուց արդեն չկա, ինչպես նաեւ՝ բացակայում են ջուրն ու ջրի միջոցով դիտողին փոխանցվող էմոցիոնալ ուղերձը: Արդեն 20 տարի է, ինչ Սասունցի Դավիթը ջրազուրկ է, քայքայվել ու փտել են ջրատար խողովակները: Մշտական հոսող ջուր չլինելու պատճառով` ջրի հոսքը կտրվել է, եւ խողովակները խցանվել են: Իսկ համբերության բաժակը մի քանի անգամ գողացվել է: Ամիսներ առաջ գողացված պղնձաձույլ «համբերության բաժակը» փոխարինվել էր Կայարանի դեպոյից բերված ինչ-որ ալյումինե դետալով, իսկ ջրատար խողովակի դերը կատարում էր սպիտակ պլաստմասսայե «շլանգը»:

ՀՀ Մշակույթի նախարարությունն այսօր կարող է իրեն թույլ տալ եւ պետբյուջեից հարյուր-հազարավոր դոլարներ հատկացնել ապաշնորհ որեւէ ռեժիսորի, չեղած սցենարի, չկայացած սցենարիստի կամ շոու-բիզնեսով զբաղվող որեւէ ընկերության` հերթական տխմարությունը նկարահանելու համար, սակայն երբեք չի մտահոգվի արվեստի բացառիկ նմուշ հանդիսացող այս հուշարձանի ճակատագրով: