Բուժիչ նամակներ

09/06/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Չինական առողջ դիետան կփրկի Եվրոպան ճարպակալումից

Միացյալ Թագավորությունում չինական խոհանոցի մասին շատ վատ կարծիքի են: Կարծիք կա, որ բրնձից ու ճարպոտ մսից պատրաստված ծանր կերակրատեսակները կարող են օրգանիզմում ճարպակալման ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ: Ըստ որոշ մասնագետների, սակայն, շատ կարեւոր է այդ սննդամթերքով ճաշատեսակների պատրաստման ձեւը: Պատրաստման ձեւից կախված` այն կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենալ: Չինական խոհանոցի մասնագետ Լորեյն Կլիսսոլդը պնդում է, որ չինական խոհանոցն առողջարար է, սննդարար եւ հաղթահարում է հիվանդություններն ու երկարացնում կյանքի տեւողությունը: Նա իր` «Ինչո՞ւ չինացիները չեն հաշվում կալորիաները» գրքում համոզիչ բացատրում է, որ իսկական չինական դիետայից հնարավոր չէ գիրանալ: Նա պնդում է, որ Չինաստանում ճարպակալումը լինում է արեւմտյան սննդատեսակներից, որոնք չափից շատ վերամշակված են ու հարուստ են շաքարով:

Կլիսսոլդի համոզմամբ` առհասարակ պետք է դադարել հաշվել կալորիաները: Չինացիների մոտ «կալորիա» բառի համարժեքներն էլ գոյություն չունեն: Նրանք ուտելուն վերաբերվում են որպես սննդի ընդունման, եւ ոչ որպես քաշի պոտենցիալ ավելացման: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 1990-ական թվականներին չինացիները 30 տոկոսով ավելի շատ են կալորիաներ ստացել, քան ամերիկացիները, բայց, չնայած դրան, նրանք ավելի ակտիվ պահվածք ունեին:

Մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղենն ընկալել եւ ընդունել որպես առանձին սննդամթերք եւ ոչ թե ընդունել որպես ձկնեղենով, մսեղենով պատրաստված ճաշատեսակի համար նախատեսված խավարտ: Ընդհանրապես ընդունած սննդի կեսից ավելին պետք է բանջարեղենի տեսքով լինի: Պետք է շատ բրինձ ուտել: Չինացիները նաեւ խորհուրդ են տալիս ուտել այնքան, քանի դեռ չեք կշտացել, իհարկե` դանդաղ ու կանոնավոր ծամելով: Եթե չինացիները գերադասում են օրվա մեջ 3-4 անգամ սնվելը, ապա եվրոպացիները 1 շաբաթ քաղցին դիմանալուց հետո մեծ խնջույք են կազմակերպում եւ զբաղվում շատակերությամբ, ինչն էլ օրգանիզմի վրա շատ վատ անդրադարձ է ունենում: Հատկապես պետք է հեղուկի պարունակությամբ սնունդ շատ ուտել: Չինական ցանկացած ճաշկերույթի ժամանակ պարտադիր է ջրալի սնունդը: Պատճառը շատ պարզ է. քանի որ ուտելու ընթացքում հաճախ ծարավ է առաջանում, իսկ ուտելու ընթացքում խմելը հակացուցված է, ապա ջրալի կերակուրը հագեցնում է նաեւ ծարավը: Այսինքն` ապուրները կանոնավորում են ախորժակը:

Չինացիները նաեւ համոզված են, որ շատ օգտակար է հում սնունդը: Օրինակ` նրանց խոհանոցում շատ տարածված են հում բաղադրիչներով աղցանները: Նրանք վստահ են, որ որքան սնունդը հում է` այնքան օգտակար է: Եվ, ամենակարեւորը, չինացիները կանաչ թեյ շատ են խմում: Կանաչ թեյը չեզոքացնում է վնասակար նյութերն ու տոքսինները: Գիտնականները նաեւ պարզել են, որ կանաչ թեյը խոչընդոտում է ուռուցքների ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացմանը: Ըստ սովորության, երբ չինացիները ցանկանում են կրկին թեյ խմել, նախկին թեյախոտի վրա ընդամենը եռման ջուր են ավելացնում, որպեսզի կոֆեինի մեծ քանակություն չընդունեն:

Դիետա` կոլիտի բուժման համար

Կոլիտի բուժման ժամանակ դիետան առաջնահերթ կարեւորություն ունի: Դիետայից պետք է միանշանակ հանվեն բոլոր տեսակի թեփերը (նույնիսկ` հացի). դրանք քերծում եւ բորբոքում են հիվանդ աղիի ներքին թաղանթը: Չի կարելի սննդամթերքն ուտել շատ սառը կամ շատ տաք վիճակում: Հեղուկներ, այդ թվում՝ նաեւ ջուր, պետք չէ շատ խմել: Հրաժարվեք մսի դժվարամարս տեսակներից, օրինակ` խոզի, հորթի եւ այլն: Ոչ թե մրգահյութ խմեք, այլ, ընդհակառակը` միրգը կերեք` առանց կորիզների, առավել ցանկալի է` միրգը եւ բանջարեղենն ուտել եփած վիճակում: Խուսափեք սուր համերով ուտելիքից` կծու, թթու եւ այլն: Պետք է հրաժարվել տապակած ուտելիքից, թարմ հացից եւ սուրճից: Կովի կամ այծի կաթ կարելի է խմել ցանկացած քանակությամբ, բայց ընդհանուր առմամբ հեղուկների օգտագործումը շատ չպետք է լինի: Եթե հիվանդը պահպանի դիետան եւ բժշկի խորհրդով դեղամիջոցներ ընդունի, ապա լրիվ կառողջանա: Կոլիտի բուժման ընթացքում պետք է հիշել, որ երբեք չի կարելի լուծողականներ օգտագործել: Դրանք հաճախ կոլիտ են առաջացնում: Պարզապես երբեմն կարելի է հոգնա ընդունել, այն էլ` եթե հիվանդը շատ ցանկանա: