Լավ գործիքն ունի լավ գին

02/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Ամբողջ աշխարհում բավական եկամտաբեր ու հարգի «գործ» է համարվում
երաժշտական գործիքների պատրաստումն ու վաճառքը: Մեր երկրում էլ հնարավոր է
քիչ թե շատ «հարստանալ» այս գործով, թեպետ նույն երաժշտական գործիքները
Հայաստանում եւ արտասահմանում վաճառվում են տարբեր գներով: Ու սրանով է
բացատրվում այն, թե ինչու են այստեղ պատրաստված բավական մեծ քանակով
երաժշտական գործիքներ արտահանվում մեր երկրից: Ընդ որում, արտահանվող
գործիքների մեծ մասը, եթե ոչ` բոլորը, ձեռքի աշխատանք են, իսկ
արտասահմանում ձեռքով պատրաստած ամեն ինչ շատ թանկ է գնահատվում: Այսօր
գնորդը երաժշտական գործիք գնելու համար կարող է գնալ երաժշտական խանութ,
վերնիսաժ կամ էլ դիմել գործիք պատրաստող վարպետին: Գները սկսվում են 5000
դրամից եւ հասնում մինչեւ տասնյակ հարյուրավոր դոլարների:

Սկսենք խանութներից

Այսօր Երեւանում 4 երաժշտական խանութ է զբաղվում երաժշտական գործիքների
վաճառքով` «Մյուզիքլենդ», «Սիոն», «Ֆորտե» եւ «Արմեն մյուզիք»
խանութ-սրահները: Վերջիններս զբաղվում են հիմնականում արտասահմանից բերված
գործիքների վաճառքով: «Մյուզիքլենդ» առեւտրասրահն արդեն 15 տարի զբաղվում
է այս բիզնեսով: Տնօրեն Մելս Սնխչյանից տեղեկացանք, որ այստեղ վաճառվող
երաժշտական գործիքները բերվում են Չինաստանից, բայց պատրաստված են
գերմանական սարքերով ու տեխնոլոգիաներով: Եթե Գերմանիայում, օրինակ, միջին
չափի ռոյալն արժե 10-13 հազար դոլար, ապա այստեղ այն վաճառվում է 6-7
հազար դոլարով: «Սա պայմանավորված է էժան աշխատուժով: Եթե Գերմանիայում
բանվորին տալիս են 3 հազար դոլար, ապա Չինաստանում 100 դոլար են վճարում
բանվորին»,- այսպես բացատրեց Մ. Սնխչյանը: Խանութից գործիք գնողները շատ
չեն, հիմնականում ստուդիաները եւ կազմակերպություններն են գնում: Ամենաշատ
գնվող գործիքներն են կիթառը, ջութակը եւ երաժշտական տեխնիկան: «Մենք
աշխատում ենք ազգի հետ համաքայլ գնալ, որ մարդիկ ի վիճակի լինեն գնելու:
Ունենք իսպանական, ամերիկյան կիթառներ, որոնք արժեն 500 դոլար, բայց ավելի
շատ բերում ենք որակով մի քիչ պակաս, բայց էլի լավ ու մատչելի կիթառներ,
որոնք արժեն 40 հազար դրամ»,- ասում է Մ. Սնխչյանը: Ըստ նրա` Հայաստանում
հնարավոր չէ լավ գումար աշխատել այս բիզնեսով, քանի որ մաքսային տուրքերը
շատ բարձր են, իսկ գնորդները երաժիշտներ են, ովքեր չունեն այդքան փող:
«Եթե ես որոշողը լինեի, մի քանի տարի մաքսեր չէի դնի այն ապրանքների վրա,
որոնք վերաբերում են մշակույթին, որպեսզի մշակույթը նորից վերելք ապրի»,-
ասում է Մ. Սնխչյանը:

Էժան ու կոլորիտով

Վերնիսաժն այն տեղն է, որտեղ տուրիստները սիրում են թափառել ու զգալ երկրի
կոլորիտը: Ըստ մասնագետների՝ այստեղ վաճառվող երաժշտական գործիքները բարձր
որակ չունեն, բայց զբոսաշրջիկների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում:
Հիմնականում ընկուզենու, տանձենու, ծիրանենու փայտից են պատրաստված
Վերնիսաժի երաժշտական գործիքները: Տուրիստին Վերնիսաժը գրավում է այն
պատճառով, որ այստեղ ժողովրդական գործիքների տեսականի կա, ու գներն էլ
բավական մատչելի են: Օրինակ, այստեղ կարելի է 60 դոլարով գնել մի դուդուկ,
որը պատրաստել է Արթուր-Հովսեփ Գրիգորյանը (վաճառողի հավաստմամբ՝ Ջիվան
Գասպարյանի վարպետը): 8000 դրամով իր դուդուկներն է վաճառում 50 տարվա
դուդուկահար Համբարձում Մուրադյանը, որը վաճառելուց առաջ այդ նույն
դուդուկով հայկական մի որեւէ ստեղծագործություն է նվագում գնորդի համար:
60-160 դոլարով զբոսաշրջիկը կարող է գնել թառ, ուդ, քյամանչա, քյամանի: Եվ
արտասահմանցի գնորդն այս նույն գործիքները դրսում կրկնակի, եռակի ու
նույնիսկ քառակի թանկ գնով կարող է վաճառել: «Շատ թանկ ասենք` չեն գնի,
դրա համար ավելի լավ է` էս գնով թող տանեն, հետո իրենք ինչ գնով ուզում են
թող ծախեն»,- ցավով ասում են վարպետները:

«Գործը վարպետից է վախենում»

Ինչպե՞ս կողմնորոշվել՝ որտեղի՞ց երաժշտական գործիք գնել՝ Վերնիսաժի՞ց,
խանութի՞ց, թե՞ վարպետից: «Դե վերնիսաժից 15 դոլարով կարելի է նկար առնել,
բայց իսկական լավ նկարիչը շատ թանկ է, չէ՞, վաճառում իր նկարը: Նույնն էլ
այս դեպքում կարելի է ասել»,- ասում է կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին
Երիցյանը:

Մարտին Երիցյանը երաժիշտ է: Նա հորից է ժառանգել երաժշտական գործիքներ
պատրաստելու արհեստը: Հիմնականում պատրաստում է աղեղնային եւ լարային
գործիքներ՝ ջութակ, թավջութակ, քանոն, ուդ, ալտ, կիթառ եւ այլն: 1988թ.
Իտալիայի Ստրադիվարիուսի անվան մրցույթում դիպլոմի է արժանացել իր
պատրաստած թավջութակի համար:

Գործիքին գին տալիս է հումքի տեսակը, որակը եւ ձեռքի աշխատանքը:

Երաժշտական գործիքների համար ամենալավ հումք է հանդիսանում ալիքավոր թխկին
եւ միջին յուղայնություն պարունակող եղեւնին: Հայաստանը կլիմայական
տեսակետից չոր գոտի է եւ հիմնականում հումք հանդիսացող ծառերը կտրվում են
Կովկասյան անտառներում: Ջութակի վարպետներն իրենք են փնտրում ծառը: Լավ
գործիքը պատրաստվում է այն ծառից, որը կտրված է ժամանակին, աճեցվել ու
պահվել է համապատասխան կլիմայական պայմաններում, ունի ճիշտ յուղայնություն
ու էլի մի քանի կարեւոր դետալներ: «Իհարկե, վատ է ծառ կտրելը, բայց ես չեմ
ոչնչացնում ծառը, այլ նոր կյանք եմ տալիս նրան: Այն ծառերը, որոնք պետք է
դառնան վառելիք, ես ընտրում եմ լավ մասը եւ օգտագործում գործիք
պատրաստելու համար: Այսպիսով, այդ ծառին նորից կյանք եմ տալիս»,- ասում է
Մ. Երիցյանը: Յուրաքանչյուր լավ արվեստագետ, բնականաբար, ցանկանում է լավ
գործիքի վրա նվագել, իսկ լավ գործիքն ունի լավ գին: Օրինակ, եթե
գործարանային ջութակը կարելի է Վերնիսաժից 30-150 դոլարով գնել, ապա
ձեռքով պատրաստվածը գնահատվում է նվազագույնը 500 դոլար: Սա, ըստ
մասնագետների, «գին չէ գործիքի համար»:

«Իտալացի մասնագետը կարող է 20.000 դոլարով վաճառել իր գործիքը, որը դեռ
չի կարելի համարել լավ գործիք»,- ասում է Մ. Երիցյանը: Իհարկե, մենք`
հայերս սիրում ենք ամեն ինչում ցույց տալ մեր առավել լինելը, բայց
երաժշտական գործիքների պատրաստման գործում խոսքն ու իրականությունը
համընկնում են: Թեպետ հայերը համարվում են լավ մասնագետներ, միեւնույն է,
սա դեռ քիչ է փող աշխատելու համար: Մեր հարցին, թե արդյոք այսօր հե՞շտ է
մի երկրից մյուսը գործիք տեղափոխելը, վարպետներն ու վաճառողները
պատասխանեցին, թե «մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին
նոր օրենքի համաձայն՝ 75 տարի ու ավելի հնության գործիքներն են միայն
համարվում մշակութային արժեք, մնացած գործիքները տեղափոխվում են առանց
որեւէ խնդրի»: Հատկապես դրանում նրանց աջակցում են հենց իրենք՝
վարպետները, այսինքն՝ գործիքը գնահատելու ժամանակ ասում են այն գինը, որը
ցանկանում է գնորդը: Փաստորեն, կարելի է ասել, որ բիզնես անում են ոչ թե
մերոնք, այլ օտարերկրացիները, ընդ որում՝ մեր հաշվին:

Հ.Գ. Սովետական Միության նախկին հանրապետությունների շարքում
Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել երաժշտական գործիքների որակով եւ
քանակով: Ըստ Մարտին Երիցյանի՝ կառավարությունը գումարներ է նախատեսել
լավագույն գործիքներ գնելու համար: Եվ Մոսկվայի ամենամեծ հավաքածուից հետո
Հայաստանն ունի երկրորդ լավագույն հավաքածուն, որը այսօր Մարտին Երիցյանի
հսկողության տակ է: «Սրանք նկարներ չեն, որ մարդիկ գան նայեն, այս
գործիքներով պետք է նվագեն լավագույն կատարողները, եւ այդպես դրանք պետք է
ցուցադրվեն հանրությանը,- ասում է Մ. Երիցյանը: -Օրինակ, Կոմիտասի անվան
քառյակի 4 անդամներն էլ նվագում են մեր հավաքածուի լավագույն գործիքների
վրա»: