«Մասամբ ազատ» երկիր ենք

04/06/2010

«Freedom House» միջազգային կազմակերպությունը հրապարակել է ամենառեպրեսիվ վարչակարգերի տասնյակը: Այսպիսով, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների ոլորտում ամենավատ վիճակը նկատվում է Մյանմայում, Լիբիայում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում, Սուդանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Հասարակածային Գվինեայում, Էրիթրեայում եւ Տիբեթում: Այս երկրների եւ տարածաշրջանների բնակիչները, ինչպես նշվում է զեկույցում, մշտապես ենթարկվում են ռեպրեսիաների: Այստեղ անկախ կազմակերպություններն ու քաղաքական ընդդիմությունը կամ արգելված են, կամ հետապնդվում են, իսկ մարդիկ վախենում են ինքնարտահայտվել եւ գործել սեփական նախաձեռնությամբ: Եվս 9 երկիր «Freedom House»-ի մոտ լուրջ մտահոգություն են առաջացնում` Բելառուսը, Գվինեան, Չինաստանը, Կուբան, Լաոսը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արեւմտյան Սահարան եւ Հարավային Օսիան: Հայաստանը, Վրաստանը եւ Թուրքիան գնահատվել են՝ որպես «մասամբ ազատ», Ադրբեջանը եւ Ռուսաստանը` «անազատ» պետություն: