Հերթական փորձաքարը

04/06/2010

Երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը 4 «կողմ» եւ 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որն արդեն երկու ամիս բուռն քննադատության է արժանանում հասարակության գրեթե բոլոր շերտերի կողմից: Այս օրինագիծը, մասնավորապես` ԱԺ օրակարգում դրա ընդգրկումը, բացի հասարակական հնչեղությունից, նաեւ քաղաքական ենթատեքստ ունի եւ կարող է հերթական «լակմուսի թուղթը» դառնալ ներիշխանական խմորումների բացահայտման համար: Երեկ այդ օրինագծին դրական եզրակացություն տալու հարցին կողմ են քվեարկել հանձնաժողովի ՀՀԿ-ական չորս անդամները, դեմ են եղել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» ներկայացնող պատգամավորները: Ու չնայած ՀՀԿ-ականների կողմ լինելուն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեմ է արտահայտվել օրինագիծն այդ տեսքով ընդունելու կառավարության ցանկությանը: Եվ հիմա Հ. Աբրահամյանի որոշումից է կախված` օրինագիծը կընդգրկվի՞ հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում, թե՞ կտեղափոխվի աշնանային նստաշրջանի օրակարգ: Այնպես որ, առաջիկայում կարող ենք ականատես լինել բավական հետաքրքիր զարգացումների: Եվ ոչ միայն՝ կոալիցիայի ներսում: