Ինչո՞ւ է լռում ՀՔԾ-ն

04/06/2010

Դեռեւս նախորդ տարի, երբ Մարտի 1-ի գործն ուսումնասիրող Փաստահավաք խումբը անուն առ անուն հրապարակեց, թե մարտի 1-ին ովքեր են խաղաղ ցուցարարների դեմ կիրառել «Չերյոմուխա-7» հատուկ զինատեսակը, թվում էր` ուր որ է, թե՛ նրանք, թե՛ նրանց ղեկավարները վերջապես պատասխանատվության կենթարկվեն: Հիշեցնենք, որ «Չերյոմուխա-7»-ի կիրառման հետեւանքով սպանվել են 3 երիտասարդներ` Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը եւ Արմեն Ֆարմանյանը: Սակայն, մինչ այսօր Հատուկ քննչական ծառայության` Մարտի 1-ի գործով քննչական խումբը որեւէ բացահայտում չի հրապարակել: Ինչպես վստահեցնում են զոհվածների հարազատները, նախաքննական մարմինը պարզապես մատնված է անգործության: Նրանք Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից պահանջում էին ճանաչել ՀՔԾ-ի անգործության փաստն ու վերջինիս պարտադրել անցկացնելու արդար դատաքննություն: Դատավարություններն ընթացան արագացված կարգով: Դատական նիստերի ընթացքում բողոքարկող կողմին նույնիսկ հնարավորություն չտրվեց հարցեր տալու Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի ներկայացուցիչներին: Իսկ երեկ արդեն դատավոր Գայանե Կարախանյանը 1 րոպեում ոտքի վրա հրապարակեց վճիռն ու արագ հեռացավ: Ինչպես եւ սպասվում էր, բողոքը մերժվեց, իսկ դատավորը հարկ չհամարեց գոնե 2 տողով ներկայացնել, թե ինչ հիմքերով է դատարանը նման որոշում կայացրել: Փաստորեն, դատարանը գտնում է, որ գործը նախաքննության փուլում է, եւ դեռեւս հնարավոր չէ ասել՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ նախաքննական մարմինը որեւէ բան արե՞լ է, թե՞ ոչ: «Զոհերը հայտնի են, նրանց սպանողների անունները հայտնի են: Այս գործի բացահայտումը 2 ժամվա գործ է»,-ասում է Գոռի հայրը` Սարգիս Քլոյանը: Զոհերի հարազատները տասնօրյա ժամկետում կդիմեն ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` մերժման որոշումը բողոքարկելու: Ինչպես միշտ, դատարանի բակը բազմամարդ էր: Ոչ միայն զոհերի հարազատները, այլ նաեւ ընդդիմության շատ ներկայացուցիչներ ու նախկին քաղբանտարկյալներ պաստառներով ու զոհվածների նկարներով կանգնել էին շենքի առաջ եւ պահանջում էին իրականացնել արդար դատաքննություն: Նշենք նաեւ, որ, ըստ Փաստահավաք խմբի, «Չերյոմուխա-7» հատուկ միջոց կիրառելու հրաման են տվել Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, Ոստիկանության թիվ 1001 զորամասի հրամանատար Բագրատ Խաչատրյանն ու նրա տեղակալը եւ թիվ 1033 զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Անտոնյանը: Հայտնի են նաեւ մարտի 1-ին այդ զինատեսակը կիրառած եւ վերոնշյալ զորամասերում ծառայած 4 անձանց անունները` Լեւոն Հակոբյան, Ավետիք Աթաբեկյան, Մկրտիչ Ղարիբյան եւ Վարդան Սահակյան: Նշենք նաեւ, որ Մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքը դատարանը վարույթ է ընդունել 4 տարբեր խմբերով` ըստ մահվան հանգամանքների: Դրանցից 3-ը արդեն մերժվել են, իսկ վերջինը` «Մակարով» տեսակի ատրճանակից սպանված Դավիթ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի գործով դատավարությունը վերջին փուլում է: