Ի՞նչ կորոշի Հովիկ Աբրահամյանը

04/06/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ գարնանային վերջին` հաջորդ շաբաթ կայանալիք քառօրյան կարող է անցնել բավական թեժ մթնոլորտում:

Ընդ որում, այդ թեժությունն ապահովելու են ՀՀ կառավարությունն ու կոալիցիոն խմբակցությունները, հատկապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Բանն այն է, որ այս քառօրյա նիստերի օրակարգում են ընդգրկված կառավարության ներկայացրած աղմկոտ երկու օրինագծեր, որոնք արժանացել են Հ. Աբրահամյանի ու ԲՀԿ-ի քննադատությանը: Օրինագծերից առաջինը` «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն անցած քառօրյայում անցել է առաջին ընթերցումը: Հ. Աբրահամյանն այդ ժամանակ քննադատելով նախագիծը` հայտարարեց, թե այս անգամ կողմ կքվեարկեն, եթե ԱԺ-ում դրա հետ կապված բաց լսումներ անցկացվեն, եւ կառավարությունն էլ ընդունի պատգամավորների հնչեցրած մտահոգությունները: Այս նախագիծը կառավարությունը ներկայացրել էր հրատապ կարգով, այսինքն` այն չէր քննարկվել ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովում եւ դրական եզրակացություն չէր ստացել: Հ. Աբրահամյանը քննադատեց կառավարության այդ «հրատապ» աշխատաոճը եւ այնպես արեց, որ այդ նախագիծը, թեեւ լսումների ձեւաչափով, բայց ԱԺ-ում, այնուամենայնիվ, քննարկվի: Կառավարությունը որոշ փոփոխություններ արել է երկրորդ ընթերցմանը ներկայացրած տարբերակում: Եվ հաջորդ շաբաթ պարզ կդառնա, թե արդյո՞ք այդ փոփոխությունները բավարարել են Հ. Աբրահամյանին, նա կհորդորի՞ խորհրդարանին օրենքն ընդունել ամբողջությամբ: Կառավարության ներկայացրած երկրորդ օրինագիծը, որն առաջիկայում կարող է միջկոալիցիոն հաջորդ սկանդալի պատճառը դառնալ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ու «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն է, որը երեկ քննարկվեց ու դրական եզրակացություն ստացավ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Այս նախագիծն էլ, ամենայն հավանականությամբ, կքննարկվի հաջորդ շաբաթվա քառօրյայի ժամանակ:

Բանն այն է, որ Հ. Աբրահամյանը եւ ԲՀԿ խմբակցությունը կառավարության ներկայացրած այս նախագծին նույնպես կտրուկ դեմ են արտահայտվել: Նախօրեին օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողների հետ հանդիպման ժամանակ Հ. Աբրահամյանը հայտարարել էր, թե իր «հեղինակությունն ու ամեն ինչ օգտագործելու է, որ կառավարությունն ընդունի» ներկայացված առաջարկությունները: Նա նաեւ հայտարարել էր, որ չընդունելու դեպքում էլ «դեմ կքվեարկենք` կգնա, ինչի՞ մասին է խոսքը»: «Ես մինչեւ վերջ պայքարելու եմ դրա համար, չեմ թողնելու, որ ընդունվի` իմ հնարավորությունների չափով»,- ասել էր Հ. Աբրահամյանը: Նրա հիմնական պահանջն այն էր, որ կառավարության այս ծրագիրը կիրառվի ոչ թե տարրական դասարաններից սկսած, այլ ավագ դպրոցում` բարձր դասարաններում: Նույն պահանջն ունի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Թեեւ երեկ այս օրինագիծը 4 «կողմ» եւ 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ, սակայն այն խոստանում է միջկոալիցիոն հերթական սկանդալի պատճառ դառնալ: Կողմ էին քվեարկել հանձնաժողովի ՀՀԿ-ական չորս անդամները: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը թեեւ քննարկմանը մասնակցում էր, բայց քվեարկությանը չմասնակցեց: «Դեմ» էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ու ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: «Դեմ» էր քվեարկել նաեւ այդ հանձնաժողովում ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը: Կառավարությունն այս տարբերակում չէր ներառել այս խմբակցության առաջարկությունը: Փաստորեն, կառավարությունն իր նախագծում չի ներառել նաեւ Հ. Աբրահամյանի պահանջը: Ինչպես ասում են, գնդակը հիմա ԱԺ նախագահի դաշտում է: Եվ հիմա արդեն Հ. Աբրահամյանն է որոշելու, թե ԱԺ-ն ե՞րբ է քննարկելու այս նախագիծը: Նախագծերի քննարկման հերթականությունը որոշելու իրավունքը պատկանում է ԱԺ նախագահին: Եվ չի բացառվում` Հ. Աբրահամյանը որոշի, որ կառավարության այս նախագիծն այս քառօրյայում չի քննարկվելու: Այս դեպքում կքննարկվի արդեն աշնանային նստաշրջանում: Հիշեցնենք Հ. Աբրահամյանի կողմից ցուցաբերված նման եւս մի քայլ` դեռեւս ապրիլ ամսին ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել կառավարության ներկայացրած` «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրինագծին, այլ կերպ ասած` «սթրիպտիզի» մասին օրենքին: Այն ներառվել էր հերթական լիագումար նիստի օրակարգ, սակայն մինչ այժմ չի քննարկվել, որովհետեւ Հ. Աբրահամյանը դա չի ցանկացել: Չի բացառվում, որ նույնը տեղի ունենա նաեւ օտարալեզու դպրոցների մասին օրինագծի դեպքում: Հատկապես, երբ դրա նկատմամբ այս երկու ամիսներին դժգոհության ակնարկներ են արել նաեւ ՀՀԿ խմբակցության որոշ անդամներ, օրինակ, Գալուստ Սահակյանը: Եվ թե՛ կառավարությունում, թե՛

ԱԺ-ում ու իր հարազատ ՀՀԿ-ում նախագիծը ներկայացնող` կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծես մենակ է մնացել: Այս օրինագծի հետ կապված, մեծ հաշվով, նրան չի պաշտպանում քաղաքական այն ուժը, որի ներկայացուցիչն է ինքը: Նրան մենակ է թողել կուսակցական ու վարչական ղեկավարը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Թեեւ, ասում են, թե այս նախագիծն իրականում վարչապետի նախաձեռնությունն է ռուսաստանահայ խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի` Դիլիջանում ռուսալեզու եւ անգլալեզու միջազգային դպրոց հիմնելու ծրագիրն իրականացնելու նպատակով:

Ի դեպ, ապագա այդ դպրոցի կայքում (http://dilijanschool.org/գid=346) ՀՀ վարչապետը ներկայացված է՝ որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Երեկ քննարկման ժամանակ Ա. Աշոտյանը հայտարարեց, թե այս փաստաթուղթը, օրինագիծ լինելուց զատ, իր մեջ պարունակում է տարաբնույթ` քաղաքական, անձնական, կուսակցական եւ այլ տիպի մոտեցումներ: «Այս քննարկումների տպավորությունն այն էր, որ մենք պաշարված Լենինգրադն ենք, թիկունքը մի հազար կիլոմետր Ուրալին է հասել արդեն, եւ մի կյանքի ճանապարհ կա, չեմ ասի՝ որտեղ, որը որ թույլ է տալիս այս երկու ամիսներին դիմակայել»,- հայտարարեց Ա. Աշոտյանը: Ավելացնենք, որ այս երկու ամիսներին է այն քննարկվում եւ բուռն քննադատության է արժանանում հասարակության տարբեր հատվածների` մտավորականների, գիտնականների, պատգամավորների, անգամ իշխանական թեւի պատգամավորների կողմից: Այս օրինագծի նպատակն այն է, որ Հայաստանում թույլատրվի օտարալեզու մասնավոր դպրոցների գործունեությունը: Եվ ընդդիմախոսները գտնում են, որ այս նախաձեռնությունը կվտանգի հայոց լեզվի իմացությունը, որովհետեւ դա կարող է լինել հատուկ քաղաքականություն եւ նպաստել օտարալեզու, հատկապես` ռուսալեզու դպրոցների ավելացմանը: Եվ այս դեպքում արդեն մի քանի սերունդ օտար լեզվով կրթվող հայի մեջ հայկական քիչ բան կմնա, ու այս հանգամանքն էլ արդեն կվտանգի հայի ինքնությանը: Այսինքն՝ սա կարող է դառնալ ազգային անվտանգության խնդիր: Եվ քննարկումներն այնքան թեժացան, որ ոմանք այս նախագիծն ԱԺ ուղարկող` ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին դավաճան համարեցին: Իսկ երեկ ԱԺ համապատասխան հանձնաժողովում պատգամավորներն ու ԿԳ նախարարը փայլեցին իրենց պերճախոսությամբ` այսպիսի արտահայտություններ էին հնչեցնում կառավարության այդ նախագծի ու դրա շուրջ ծավալված քննարկման, ու ընդհանրապես մեր երկրում գոյություն ունեցող կրթության մասին. «ապուշ, այլանդակ, անբարոյական դրսեւորումներ, բարձրագույն կրթությունը գոմ է», եւ այլն: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նույնիսկ առաջարկեց օրինագծի անունը դնել «մարդս մարդ լինի»:

Հ.Գ.
Կառավարության նախաձեռնության դեմ հանդես եկող «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» հասարակական նախաձեռնության ակտիվիստները երեկվա քննարկման ժամանակ ԱԺ մուտքի մոտ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում` ընդդեմ օտարալեզու դպրոցների բացման: Նրանք հայտարարում էին, որ շարունակելու են իրենց պայքարը, եւ եթե իշխանությունները չլսեն իրենց ձայները, իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի: