Հայ բռնցկամարտիկը լավագույն տասնյակում է

02/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

2005 թ. ապրիլի 1-ին Կարեն Հարությունյանը WBO Համաշխարհային բռնցքամարտի
ֆեդերացիայի վարկածով ճանաչվեց Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն 51 կգ
քաշային կարգում: Այսօր աշխարհի 10 լավագույն բռնցքամարտիկների ցուցակում
նա 7-րդն է: Կարենին հանդիպեցինք Երեւանում: Բռնցքամարտի չեմպիոնը ԱՄՆ-ից
Հայրենիք էր եկել՝ ամուսնանալու համար: Բռնցքամարտիկը մեր գրասենյակ եկավ
ամերիկացի ռեժիսորների հետ, ովքեր հետապնդում են Կարենին ամենուր, քանզի
վավերագրական ֆիլմ են նկարահանում նրա մասին:

23 տարեկան չեմպիոնը բռնցքամարտով զբաղվում է 10 տարեկանից: Ի
տարբերություն շատ սպորտսմենների` նա մանկուց չի երազել հայտնի սպորտսմեն
դառնալու մասին: Հակառակը, սիրել է դասական երաժշտություն ու որոշել է
ջութակ նվագել սովորել. «Ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, հայրս
ջութակահար է, մայրս` դաշնակահար, ինքս սիրել եմ ջութակը եւ նույնպես
գնացել եմ երաժշտական դպրոց: Սակայն այդ տարիներին ապրուստի միջոց գտնելու
համար հայրս ուրիշ գործեր էր անում եւ չուզեց, որ ես էլ դառնամ ջութակահար
եւ հետո դժվարանամ ապրուստ վաստակել,- պատմում է Կ. Հարությունյանը:-
Դուրս եկա երաժշտական դպրոցից ու սկսեցի զբաղվել բռնցքամարտով: Շուտով
մասնակցեցի հանրապետական մրցումներին, հաղթեցի ու արդեն այնքան էի տարվել
այս սպորտով, որ որոշում կայացնելու ժամանակ չեղավ` ինչ մասնագիտություն
ընտրել»: 15 տարեկան էր Կարենը, երբ ընտանիքով մեկնեցին Լոս Անջելես՝
«Green Card» էին շահել: Կարենն այստեղ էլ չթողեց բռնցքամարտը, հայկական
համայնքը նրան արդեն ճանաչում էր, որպես լավ բռնցքամարտիկի, բայց նրան
դեռեւս մեծ ռինգն էր սպասում: «Հայերը քանակով շատ են այնտեղ, բայց
կազմակերպվածությամբ` թույլ: Բացառիկ են այն դեպքերը, երբ հայերը
կարողանում են իրենց շնորհքը հայկական համայնքից դուրս հանել,- ասում է
Կարենը,- շատ դժվարությամբ ինձ դա հաջողվեց: Սկսեցի սիրողական մակարդակից՝
1999-ին նվաճեցի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի կոչումը եւ մրցաշարի
լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեցի: Սակայն լինելով ՀՀ քաղաքացի, ես չէի
կարող ներկայացնել Նահանգները 2000-ի Օլիմպիական խաղերում, եւ այդպես
կարծես սահմանափակվում էր իմ աճը սիրողական բռնցքամարտում: Այդ պատճառով
որոշեցի շրջադարձ կատարել պրոֆեսիոնալ բռնցքամարտ: Եվ այս տարի
հաջողությունն ինձ ժպտաց` նվաճեցի Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնի
կոչումը: Մոտ ապագայում հույսեր եմ փայփայում մրցել աշխարհի չեմպիոնի
կոչման համար»: Ի դեպ, ամեն անգամ ռինգ բարձրանալիս նրան ուղեկցում է Ա.
Խաչատրյանի «Սուսերով պար»-ը, իսկ յուրաքանչյուր հաղթանակից հետո
փողփողում է մեր եռագույն դրոշը: «Եղել են առաջարկներ ամերիկացի
մենեջերների կողմից` հրաժարվել ազգանունիս «յան» վերջածանցից եւ
համագործակցել նրանց հետ, ինչը բավական եկամտաբեր կլիներ, բայց ես
հրաժարվել եմ, ես հայ եմ, չնայած ապրում եմ ԱՄՆ-ում: Մինչեւ վերջերս ես
մենակ էի պատրաստվում մարտերին, բայց արդեն մենեջեր ունեմ, ազգությամբ հայ
Արմեն Հակոբյանը»:

Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չկա, ինչը Հայաստանում բռնցքամարտով
զբաղվող երիտասարդներին քիչ հնարավորություններ է տալիս միջազգային
հեղինակության հասնելու համար: Կարենն էլ շատ բռնցքամարտիկ ընկերներ ունի,
ովքեր ունեն հաջողություններ, պատվոգրեր, բայց ինչպես ինքն է ասում`
«այդպես ընտանիք չես պահի»: Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ապա
բռնցքամարտը բավական եկամտաբեր գործ է, ու եթե լավ աշխատես, լավ էլ
կապրես: Բռնցքամարտիկն աշխատավարձի համար պայմանավորվում է խաղից առաջ եւ
անկախ ընթացքից` հաղթանակից կամ պարտությունից, ստանում է նախօրոք
պայմանավորված գումարը:

Այն կարծիքը, թե սպորտսմենները սպորտից բացի ոչինչ չգիտեն, Կարենի դեպքում
սխալ է: Թեեւ բռնցքամարտը Կարենի կյանքի իմաստն է, նրա
հետաքրքրությունները դրանով չեն սահմանափակվում: Կարենը սովորում է
Կալիֆոռնիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետում: Ջութակը
շարունակում է մնալ նրա սիրած երաժշտական գործիքը, իսկ ազատ ժամանակը
նվիրում է ընթերցանությանն ու դասական երաժշտությանը:

Մեկ շաբաթից Կարենը վերադառնալու է ԱՄՆ: Նորից պարապմունքներ, մարզադահլիճ, մեծ նպատակներ… Առջեւում աշխարհի չեմպիոնի կոչումն է: