Չնայած գլոբալ ռեցեսիային, աշխարհում 2009թ. ռազմական ծախսերի աճն ամենաբարձրն է եղել 2003-ից ի վեր: Այս մասին, «Christian Science Monitor»-ի փոխանցմամբ, ասվում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի հրապարակած զեկույցում: Ամենախոշոր ռազմական բյուջեն շարունակում է ունենալ ԱՄՆ-ը. երկրորդ տեղում Չինաստանն է: 2009թ. ռազմական ծախսերն աշխարհում ավելացել են 5.9 տոկոսով` կազմելով 1.5 տրիլիոն դոլար, մինչդեռ համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 2.2 տոկոսով: Վերջին 50 տարիներին, ըստ զեկույցի, ռազմական բյուջեն ամենից շատ մեծացել է փոքր, նավթով հարուստ երկրներում: 2000-2009թթ. Չադի ռազմական բյուջեն ավելացել է 663 տոկոսով, Ադրբեջանինը` 471 տոկոսով, իսկ Ղազախստանինը` 360 տոկոսով: Ադրբեջանը, ըստ պարբերականի, նավթադոլարներն օգտագործում է Հայաստանի հետ սահմանին իր ուժերը մեծացնելու համար: Հայաստանը, ինչպես նկատում է «Christian Science Monitor»-ը, միշտ ավելի ուժեղ բանակ է ունեցել, քան Ադրբեջանը, եւ ռազմավարական դիրքային առավելություններ ունի Ադրբեջանի նկատմամբ: Պարբերականը հիշեցնում է Ճգնաժամային խմբի անցած տարվա զեկույցը, որում ասվում էր, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի մեծացումը վտանգում է Հայաստանի հետ առանց այն էլ փխրուն զինադադարը: