Թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան, CNNTurk-ի գլխավոր խմբագիր Մեհմեդ Ալի Բիրանդը, անդրադառնալով օրեր առաջ «Խաղաղության նավախմբի» ուղեւորների եւ իսրայելական բանակի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպին, գրում է, որ այդ իրադարձությամբ խարխլվելու են ոչ միայն թուրք-իսրայելական հարաբերության հիմքերը, այլեւ տարածաշրջանում փոխվելու է հավասարակշռությունը, եւ ստեղծվելու է բոլորովին նոր իրավիճակ: «Նախ եւ առաջ, երկու երկրները միմյանց թշնամի դարձան, եւ Թուրքիան շարունակելու է Իսրայելին դիտել որպես թշնամի: Անգամ եթե Նեթանյահուի կառավարությունը փոխվի, եւ գա նոր կառավարություն, մեկ է, Թուրքիան նրան չի ներելու: Իսրայելն էլ իր հերթին՝ Թուրքիային դիտելու է որպես թշնամի եւ որդեգրելու է դրան համահունչ քաղաքականություն: Եվ օգտակար կլինի, եթե Թուրքիան դրան պատրաստվի հենց այս պահից»,- գրում է թուրք վերլուծաբանը` նշելով հնարավոր մի քանի թույլ կետեր, որոնց փորձելու են հարվածել Իսրայելն ու հրեական լոբբին: «Այսուհետեւ միջազգային մամուլում հանդիպելու ենք այնպիսի հոդվածների, որոնցում կնշվի, թե Թուրքիան մեջքով է շրջվել դեպի Արեւմուտքը եւ սկսել է հետաքրքրվել Իրան-ՀԱՄԱՍ-Իսլամ եռանկյունիով: Խոսակցություններ կսկսվեն «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության անցյալի մասին, հետազոտություններ, զեկույցներ կհրապարակվեն այն մասին, թե ինչպես է Թուրքիայի ուղեգիծը փոխում Էրդողան-Դավութօղլու տանդեմը… Իսկ այս արշավը հրահրվելու է հրեական լոբբիի կողմից: Լուրեր կշրջանառվեն այն մասին, թե ինչքան «վտանգավոր» է Թուրքիայում ներդրումներ կատարելը: Այսուհետեւ Թուրքիան պետք է սպասի Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը: Իսկ հրեական լոբբին շատ հեշտությամբ այս բնագավառում կարող է հաջողություններ արձանագրել: Պետք է սպասել նաեւ, որ Իսրայել պետությունն իր գործունեությունը կակտիվացնի Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) հարցում: Իսկ թե դա ինչպես եւ որ բնագավառում ի հայտ կգա, դժվար է ասել: Սակայն, ամենայն հավանականությամբ, մի շարք բնագավառներում իր գործունեությունը կընդլայնի Mossad-ը: Իսրայելի ձեռքում մեկ այլ կարեւոր զենք կա՝ Վաշինգտոնի վրա ազդեցությունը: Հրեական լոբբին, օգտվելով ամերիկյան լրատվամիջոցներին եւ վարչակազմի բոլոր կառույցներին հասնելու իր կարողությունից, կփորձի էլ ավելի խորացնել Անկարա-Վաշինգտոն հակասությունները (օրինակ` Իրանի հարցում)»,- գրում է Ալի Բիրանդը: Միաժամանակ նա նշում է մի քանի հնարավոր տարբերակներ, որոնց կիրառման դեպքում Թուրքիային կհաջողվի կասեցնել իր դեմ հրեական լոբբիի կողմից ծավալվելիք արշավը: «Շատ կարեւոր է, որ Թուրքիան առանց ուռճացնելու շարունակի իր այսօրվա քաղաքականությունը: Օրինակ` նոր նավախմբեր չուղարկի, նվազեցնի իր կոշտ հայտարարությունների թիվն ու դրանց չափաբաժինը, խոսի այնքան, որքան կարող է անել, բացի այդ, հետեւի, որպեսզի հանրության ներսում առկա հակազդեցությունն ու այդ առնչությամբ կազմակերպվող ակցիաները չանցնեն թույլատրելիի սահմանը… Իսկ Թուրքիայի ձեռքում ամենակարեւոր հաղթաթուղթը դառնալու է սեփական տնտեսությունն ամուր պահելն ու այն զարգացնելը»,- եզրափակում է Մեհմեդ Ալի Բիրանդը: