Օրեր առաջ ամբողջ աշխարհում նշվեց Հունիսի 1-ը` որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Կապանցի Ալեքսն այս ամենին հետեւում էր հեռուստացույցով` փորձելով հասկանալ այդ տոնի իմաստը:
Կապանի Շինարարների թաղամասն ասես քաղաքից կտրված արվարձան լինի: Այնտեղ ավտոբուս գնում է հստակ ժամանակացույցով` 1 ժամը կամ 40 րոպեն մեկ անգամ: Ձմռանը այս թաղամաս տանող ճանապարհն ամբողջությամբ սառցակալած է լինում: Բնակիչները բողոքում են Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից` ձյան պատճառով քաղաքի հետ կենսական «դարպասը» փակելու համար, իսկ իշխանություններն էլ ընդամենը մի քանի պարկ ավազ ու աղ շաղ տալով` փորձում են ցույց տալ, թե մարդկանց խնդիրներին աջակցում են, կամ թե` աշխատում են: Այս ամենին թաղամասի փոքրիկ բնակիչներից մեկը` 9-ամյա Ալեքսը, անհաղորդ է: «Երեխային 9 օրականում վիրահատեցին: Ողնաշարի գրիժա ուներ: Հետո նյարդին կպան, ու 2 տարեկանում նկատվեց, որ երեխայի ոտքը միանգամից թեքվում է»,- ասում է փոքրիկ տղայի մայրը` Նազիկ Թումանյանը: Վերջինս զրույցի ընթացքում պարբերաբար նայում էր որդուն, հետո աչքերը հառում ինչ-որ կետի ու լռում: «Առաջ գոնե մի քիչ քայլում էր, հետո էս գրիպներն էին, թե իր օրգանիզմի թույլ դիմադրողականությունը ոտքին խփեց: Հիմա արդեն մի քանի ամիս է` չի շարժվում»,- նշում է տղայի մայրը, ում զրույցը կարծես բոլորովին անհետաքրքիր լիներ Ալեքսի համար: Փոխարենը՝ տղայի փոքրիկ քույրը` Աշխենն էր ընդհատում զրույցը: Ուշադիր նայում էր մորը, ձայնագրիչին, հետո վազում դեպի եղբայրը: «Զգույշ, Աշխենչիկ: Ոտքս…»,- Ալեքսը գորովալից դիմում է քրոջը, ով ի պատասխան նախազգուշացմանը՝ շրջվում էր ու աչքերով ժպտում եղբորը: Երեխաների այս խաղին մայրն այնպիսի ոգեւորությամբ էր հետեւում: «2,5 ամիս Երեւանի հիվանդանոցում պահեցինք, բայց բժիշկները ռիսկ չարեցին վիրահատել էրեխուն: Ասացին` ոտքի մեջ թարախ կա, ու չենք կարա: Դե, բուժումն արեցինք, բայց ոչ մի տարբերություն էլ չկա: Բերեցինք Ղափան ու նորից նույն խնդիրներն են»,- ասում է կինը, ում ասածներին այս անգամ արձագանքում է Ալեքսը: «Մամ, որ բուժվեմ, Եվրոպա եմ գնալու, չէ՞»,- մոր աչքերում թրթռացող ջրի կաթիլն այս խոսքերից հանկարծ սառեց: «Հա, Ալեքս ջան, բա ի՞նչ ես անելու: Գնալու ես»,- ձեռքի կտրուկ շարժումով ջրի կաթիլը «պոկելով»` պատասխանեց մայրը: Քիչ անց կինը հուզմունքով ներկայացրեց ընտանիքի սոցիալական վիճակը: Ամուսինը` Ալեքսանը, Արցախյան հերոսամարտի վիրավորներից է: 2-րդ կարգի հաշմանդամ է: «Հիմա ամուսնուս հաշմանդամության թոշակով մի կերպ յոլա ենք գնում: Ոչ ոք մեզ չի օգնում: Մարզպետին դիմեցինք, բայց մինչեւ հիմա ոչ մի լուր չենք ստացել: Խնդրել էինք, որ Ալեքսի վիրահատության համար մի քիչ օգնի: Տան միակ եկամուտը հաշմանդամ ամուսնուս թոշակն ա: Էդ մի էրկու կոպեկով ո՞նց հասցնենք»,- հուզված պատմում էր տիկին Նազիկը: Հաշմանդամների ընտանիքն այսօր ապրում է վարձակալած բնակարանում: Տարիներ առաջ, ինչպես պատմում էր տիկին Նազիկը, վաճառել են իրենց բնակարանը` Ալեքսին բուժելու նպատակով, սակայն բուժումն արդյունք չի տվել: «Էնքան գոհ են ուսուցիչները: Դե, հիմա տանն են պարապում: Ասում են` զարմանալի ընդունակություններ ունի»,- նկատում էր մայրը` հուսահատությամբ նշելով, որ արդեն մի քանի ամիս է` Ալեքսի հաշմանդամության թոշակը` ընդամենը 10.000 դրամը, չեն ստանում: «Կամիսիա պիտի անցներ, բայց մենք էրեխուն էդ վիճակով որտե՞ղ տանեինք: Երեխան լավ սննդի կարիք ունի, բայց դե հազիվ դեղերն ենք առնում: Ի՞նչ անենք: Էսքան ժամանակ մեր ուժերով բուժեցինք, բայց հիմա չենք կարողանում էլ… գոնե ինչ-որ մեկը օգնի: Աստված կա, երեւի մի լույս կբացվի»,- ամոթխածությամբ նշում էր երեխայի մայրը, ով այդքան դժվարություններից հետո անգամ չի կորցրել ժպիտն ու ապագայի նկատմամբ հավատը: «Եվրոպան էստեղից շա՞տ հեռու է: Ես քանի պետություն պիտի ոտիս տակ դնեմ, որ էնտեղ հասնեմ»,- լսվեց Ալեքսի ձայնը: «Հենց լավանամ, եվրոպայերեն եմ սովորելու: Ոտքս բուժեն-պրծնեն, Եվրոպա եմ գնալու: Բայց ես Հայաստանը շատ եմ սիրում»,- ասաց նա` գուլպան զգուշությամբ հագնելով: Աշխենն ուշադիր հետեւում էր եղբոր հոգոցներին, ցավից կոպերի կծկումներին ու լուռ ժպտում: «Էրեխու ցավերը բռնում են իրիկունները… Գոնե մեկը լսի ու օգնի»,- տան մուտքի մոտ, արդեն հրաժեշտ տալիս, նշեց ընտանիքի մայրը: