Մայիսի 31-ին Ազատության հրապարակում Ոստիկանության հարձակումից հետո բոլոր բերման ենթարկվածներն ու ձերբակալվածները ազատ արձակվեցին՝ բացի Դավիթ Քիրամիջյանից:
Ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում 3 օր պահվելուց հետո լրագրող Անի Գեւորգյանն ու նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը, ազատ արձակվեցին` հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Իսկ 19-ամյա Դավիթը, որն, ըստ էության միջադեպերի արդյունքում ամենաշատն էր տուժել, կալանավորվեց 2 ամիս ժամանակով: Միջադեպի օրը Դավթի մայրը` տիկին Ռութը, ով մասնագիտությամբ իրավաբան է, մեզ հետ զրույցում ամենայն մանրամասնությամբ նկարագրեց, թե ինչպես են ոստիկանները հարձակվել իր տղայի վրա ու նրան «քացու տակ տալով»՝ դաժան հաշվեհարդար տեսել: «Իմ աչքերի առաջ տղայիս ոտքերի տակ էին տալիս, հայհոյում էին: Ինչ արեցի, չկարողացա նրանց ձեռքերից տղայիս փրկել»,- արցունքն աչքերին պատմում էր տիկին Ռութը: Նա մեզ ցույց տվեց իր տղայի պատառոտված վերնաշապիկը, որը, երիտասարդին Ոստիկանություն տանելուց հետո, մնացել էր փողոցում: Այդ օրը դեպքի վայրում եղած լրագրողները տեսանկարահանել էին այն ամենը, ինչ մեզ պատմեց տիկին Ռութը: Մեր թերթը եւս տպագրել է այն բոլոր լուսանկարները, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են մի քանի ոստիկաններ ոտքի տակ տալիս երիտասարդին` անխնա խփելով նրա գլխին ու մեջքին: Ի դեպ, ոստիկաններից հենց նրանք, որոնք դեպքի վայրում էին հատուկ մարդ ծեծելու համար, քաղաքացիական հագուստով էին: Ընդդիմադիրները վստահ են, որ Ոստիկանության աշխատակիցները միտումնավոր են «կերպարանափոխվել», որպեսզի հետո հնարավոր չլինի ապացուցել, որ վայրագությունների հեղինակը իրավապահներն են: Այնուամենայնիվ, լուսանկարներում հայտնվել են նաեւ մի քանի ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր բռնություն են կիրառում ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ: Մայիսի 28-ից մինչ այսօր, Ազատության հրապարակը աչալուրջ հսկող ոստիկանները գործում են Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի եւ Ոստիկանության Պետական պահպանության ծառայության գնդի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Վալերի Օսիպյանի հրահանգներով: Դավթի ձերբակալության փաստը առիթ դարձավ, որպեսզի պարոն Օսիպյանից փորձենք ճշտել. եթե վերջինիս ձերբակալել են իբրեւ թե խուլիգանական արարքներ գործելու համար, ապա նրան դաժանաբար ծեծի ենթարկած ոստիկաններին ի՞նչ պատիժ է սպասվում: Վ. Օսիպյանի հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
– Պարոն Օսիպյան, մայիսի 31-ի միջադեպին ներկա եք եղել նաեւ Դուք: Պատասխանատվության ենթարկվելո՞ւ են այն ոստիկանները, որոնք ծեծել եւ բռնություններ են կիրառել մարդկանց հանդեպ:
– Կոնկրետ ցույց տվեք, թե ո՞ր ոստիկանն է մարդ ծեծել:
– Շատ լրատվամիջոցներում պատկերված լուսանկարներում հստակ երեւում է, թե ինչպես են իրավապահները դաժանաբար ծեծում Դավթին: Այդ ամենը նաեւ տեսանկարահանվել է:
– Չէ, չէ, չկա տենց բան: Դուք իրականությանը չհամապատասխանող բաներ եք ասում:
– Այսինքն, ըստ Ձեզ, այն մարդիկ, որոնք ոտքի տակ են տալիս Դավթին, հետո հրելով նստեցնում ոստիկանական մեքենան, ոստիկաններ չե՞ն:
– Ոչ մի նկարում ու տեսաերիզում էլ պարզ չի երեւում, որ ոստիկանը մարդ է ծեծում, կամ ձեր ասած` ոտի տակ է տալիս:
– Ծեծված մարդկանց հագուստի վրա կոշիկների հետքեր կան, շորերը պատառոտված են: Դա ինչպե՞ս կբացատրեք:
– Ի՞նչ կոշիկի հետքեր, ինչե՞ր եք ասում, ո՞վ է մարդ խփել, եղել են միայն ինքնապաշտպանական դեպքեր: Այ, օրինակ, լրագրողների ներկայացրած 22 տարեկան անմեղ աղջիկը` Անին, 2 օր շարունակ տարբեր ոստիկանների հանդեպ բռնություն է կիրառել: Եվ պատկերացրեք, որ ոչ մի ոստիկան պատրաստ չի եղել եւ չի սպասել, որ մեր հայ աղջիկը, այն էլ` 22 տարեկան, կարա տենց բան անի: Դե ասեք, ասեք, էլ ի՞նչն ա ձեզ հետաքրքրում, հարցրեք, որ հանկարծ վաղը չիմանալով` աղավաղված բաներ չգրեք:
– Ընդդիմադիրները շա՜տ ծա՞նր վնասվածքներ են պատճառել ինքնապաշտպանվող ոստիկաններին: Նրանք ի վիճակի՞ են շարունակել իրենց ծառայությունը:
– Այո, մարմնական վնասվածքներ են` տարբեր աստիճանի:
Նշենք նաեւ, որ երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացանք նաեւ, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մայիսի 30-ին` Ազատության հրապարակում, եւ մայիսի 31-ին` Սարյանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցված քրեական գործերը: ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը, Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը, եւ ոլորտի այլ պաշտոնյաներ գլխավոր դատախազին զեկուցել են նախաքննության արդյունքները, ձեռք բերված ապացույցներն ու միջադեպերի հանգամանքները: Ա. Հովսեփյանը ցուցում է տվել՝ միացնել Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում եւ Երեւան քաղաքի Քննչական վարչությունում հարուցված նշված քրեական գործերը մեկ վարույթում եւ քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու: