Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արմեն Հարությունյանն օրերս դիմել է Սահմանադրական դատարան՝ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի (16 ապրիլի 2002թ., ՀՕ-324) 7-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին եւ 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Հունիսի 3-ին Առողջապահության ազգային ինստիտուտի շենքում Հանրային խորհրդի (ՀԽ) կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել են օրենքի որոշ դրույթներ, որոնք մասնագետների շրջանում մեծ աղմուկ են առաջացրել: Նաեւ պարզվել է, որ բժիշկներից շատերը նույնիսկ տեղյակ չեն եղել այս օրենքի որոշ դրույթների մասին:
Ձեզանից ո՞վ գիտի, որ 2002թ. սկսած մենք բոլորս պոտենցիալ դոնորներ ենք: Եթե նախկինում ըստ օրենքի` մարդը կենդանության օրոք կարող էր իր համաձայնությունը տալ օրգանի կամ հյուսվածքի փոխպատվաստում կատարելու համար, ապա ըստ նույն օրենքի` 2002թ. փոփոխված դրույթների համաձայն` ՀՀ ազգաբնակչությունը պոտենցիալ դոնոր է, քանի դեռ մեզնից յուրաքանչյուրը կենդանության օրոք գրավոր անհամաձայնություն չի ներկայացրել` հետմահու իր օրգանները օգտագործելու կամ չօգտագործելու վերաբերյալ: Հետեւաբար, ովքեր գրավոր չեն հրաժարվի մահանալուց հետո դոնոր լինել` օրենքը մասնագետներին իրավունք կվերապահի փոխպատվաստել նրանց օրգաններն ու հյուսվածքները: Մի խումբ մասնագետներ նախ տարակուսած են, թե ինչո՞ւ է օրենքը փոփոխության ենթարկվել անաղմուկ, առանց հասարակական եւ մասնագիտական քննարկումների` սուսուփուս: Իսկ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը, բացի ՀՀ ՍԴ դիմելուց, նաեւ ՀԽ անդամների ուշադրությանն էր ներկայացրել նշյալ օրենքի փոփոխությունների դրույթների հակասահմանադրական փաստարկները: Այս օրենքը շրջանառության մեջ դնելու շահագրգիռ կողմ է հանդիսանում մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ով օրերս ՀԽ կոլեգիայի նիստում ասել է. «Փոփոխված դրույթներով, ամեն մարդ իրավունք ունի հրաժարվելու, որ իր մահվանից հետո այլ մարդու փոխպատվաստվեն իր օրգանը կամ հյուսվածքը. հրաժարումը գրանցվում է հատուկ ռեեստրում: Բայց, եթե նա չի հրաժարվել, համարվում է, որ համաձայնությունը կա: Բայց դրված է երկրորդ անհրաժեշտությունը` հարազատների համաձայնությունը… Որպես թերություն է նշվում, թե կեղծիքների ու հանցագործությունների դաշտ է բացում: Եկեք ոչ թե ամեն ինչի մեջ կեղծիք կամ հանցագործություն տեսնենք, այլ դրանք բացառելու համակարգ մշակենք` փրկենք փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց կյանքը…»: Մինչդեռ ՀԽ անդամ, «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի գլխավոր տնօրեն Արա Մինասյանը հակադարձելով Ա. Բաբլոյանի կարծիքին՝ հարց է ուղղել. «Ինչո՞ւ ենք օրենքի մասին այսքան ուշ իմանում, այն էլ` ընդունվելուց հետո: …Դուք միշտ բաց եք եղել, ինչո՞ւ այս անգամ այդպես փակ եղավ»: Թեեւ Ա. Բաբլոյանը նշել է, որ մի քանի անգամ օրենքի քննարկումներ եղել են, այդուհանդերձ, ներկաներից որեւէ մեկն այդ քննարկումից տեղյակ չի եղել: Կոշտ գնահատականներով իրավական հակափաստարկներ է ներկայացրել ՄԻ պաշտպանը` վկայակոչելով զարգացած այն երկրներին, որոնք ձախողելով այս օրենքը՝ կրկին վերադարձել են այն սկզբունքին, որ կենդանության օրոք է մարդը որոշում օրգանը կամ հյուսվածքը փոխպատվաստելու համաձայնություն տալը կամ չտալը: «Ասում եք` հարազատների համաձայնությունը: Բայց այդ օրգանների տերը առաջին հերթին ինքն է: Այստեղ անորոշության վտանգ կա, իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համար անորոշությունը վտանգավոր հիմք է: Այստեղ առանցքայինը այն մարդու իրավունքն է, որի օրգանը վերցնելու են: Բացի այդ, 2002թ. օրենքում, երբ կենդանության օրոք նա համաձայնությունը պիտի տված լիներ, ավելի քիչ կոռուպցիոն ռիսկեր կային: Հայաստանի պայմաններում ասում եք` դուք՝ բոլոր 3 միլիոնդ, պոտենցիալ դոնոր եք, եթե կենդանության օրոք չհրաժարվեք: Հարազատի համաձայնության մասին էլ այնպես է գրված, որ չստանան էլ, խնդիր չի լինի: Ուրեմն էս մարդիկ էլ բան ու գործ չունեն, ամեն օր գնան-լցվեն հիվանդանոց, որ հրաժարվեն: Մարդը հիվանդանոց գնալիս լիքը դարդ ունի, չի ասում` էս գլխից ասեմ` եթե մահացա, օրգաններս չօգտագործեք: Այս փոփոխություններով, դու քո տանը նստած՝ արդեն դոնոր ես: Գերմանիայի պես երկիրը հետ է վերցրել, վերադարձել է մեր հին օրենքին: Դանիան քննարկում է: Աշխարհի ամենաեկամտաբեր բիզնեսներից է, ու Հայաստանը կսարքեն ուրիշների համար դոնորների երկիր: 5 հոգու փրկեցինք, 10 հոգու փրկեցինք, բայց երբ ամբողջ բնակչությանը դարձնում ենք պոտենցիալ դոնոր, շատ վտանգավոր բան է»,- նշել է Արմեն Հարությունյանը: Ակադեմիկոս, դեղաբան Էմիլ Գաբրիելյանը հորդորել է գտնել ոսկե միջինը` առողջության իրավունքի եւ մարդ-դոնորի իրավունքի: Նա մատնանշել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին դրույթը` մարդն իրավունք ունի պահպանելու իր առողջությունը: «Այս օրենքի մյուս կողմն այն է լինելու, որ առանց բացառության բոլորը, ովքեր «չէ» չեն ասել, նրանք բոլորը «հա» են: Կողքի երկրներից գալու են… Իսկ հակառակ կողմը, եթե մենք մեր երկրում հարցը չլուծենք, փոխպատվաստման համար աչքներս տնկենք դրսի վրա, դա էլ ելք չէ, բոլորը չէ, որ միլիոններ կարող են գտնել: Եթե Բելգիայում կամ մի այլ երկրում մարդը փրկվում է, Հայաստանում մահանում է դոնոր չլինելու պատճառով, դա էլ վատ է: ԱՄՆ-ում վարորդական իրավունքի հետ խնդիրներ ունեցա, փաստաթղթերը լրացնելիս դա էլ հարցրին` համաձայնությունս, օրգաններդ հետո կտաս, թե չէ: Մի բան էլ. եթե խեղդած վիճակում պահենք այս ոլորտը, բժշկությունը չի զարգանա»: 2002թ. ընդունված այդ օրենքի հետ կապված ոլորտի խնդիրների վերաբերյալ նկատառումներ անելիս Ա. Մինասյանը նկատել է. «Մինչ օրենքի այս փոփոխությունը 2002-ինը կար, ինչո՞ւ չէր զարգանում բժշկության այդ ոլորտը: Որովհետեւ դրա համար ահռելի նյութատեխնիկական բազա է պետք, ֆինանսական ռեսուրսներ: Եղածն էլ շատ արագ է հնանում: Այս օրենքը կարող է գործել, եթե ամբողջ բնակչությունը պաշտպանված լինի ապահովագրական ընկերությունների եւ պետության կողմից: Առողջապահական իրավական դաշտն էլ ստեղծված չէ, ամբողջ պրակտիկ բժշկությունը կընկնի հարվածի տակ: Առանց այդ էլ, երբ հիվանդի վիճակը վատանում է, բժշկին պատին են սեղմում, թե՝ մի բան այն չարեցիր»: Այդուհանդերձ, Ա. Բաբլոյանը լսելով այս կարծիքները՝ կոլեգիայի նիստում ասել է. «Ասվեց, որ մեզ մոտ օրգանների փոխպատվաստման վիրահատությունները չեն ընդլայնվի, եւ որ ընդհանրապես որոշ օրգանների վիրահատություններ չեն արվում… Ամոթ մեզ, որ լյարդ չենք վիրահատում… Ասում եք՝ կգողանան մարդկանց, օրգանները կհանեն, կտանեն այլ երկրներ: Եթե տանելու են, այս օրենքը հո դրսում չի՞ աշխատելու… Ասում եք` ազնվորեն ասա, ինչո՞ւ եք արել այս փոփոխությունները: Ասում եմ, այո, ես գտնում եմ, որ երկրում պետք է դաշտը կարգավորվի: Հարց չկա, մեռնեմ օրենքին, թող Սահմանադրական դատարանը որոշի: Ինչ էլ որոշի` կենթարկվեմ: … Այո, 20 տարվա կյանքս նվիրել եմ ոչ թե ճողվածք կամ կույր աղիք վիրահատելով հանգիստ քնելուն… Հաջորդ շաբաթ 100-րդ երիկամը կպատվաստեմ: Բայց չեմ ուզում, որ մարդկանց կյանքը երիկամ պատվաստելով միայն փրկվի»: Իսկ Ա. Հարությունյանը Ա. Բաբլոյանին հորդորել է. «Բայց դուք այդ վիրահատություններն արել եք հին օրենքի պայմաններում: Որպես իրավաբան, փոփոխություններն ինձ համար համոզիչ չեն: Նախորդ օրենքում մարդն ավելի պաշտպանված էր…»:
Որեւէ մարդ դեմ չէ հնարավորության դեպքում այլ մարդու կյանք փրկելուն: Այլ երկրներում դա կարգավորված է օրենսդրական նորմերով ու այլ օրենքներով: Այս պարագայում մասնագետները նաեւ մտավախություն ունեն, որ այս օրենքի առկայությամբ անբուժելի հիվանդության պարագայում մարդիկ կարող են տեսնել բժշկի դիտավորությունը` հետագայում իր օրգաններն այլ մարդկանց վաճառելու նպատակով. «Մարդիկ կարող են ասել` դուք մեզ հետ այդպես վարվեցիք, որպեսզի մեր օրգանները վաճառեք արտասահմանին»: Այսպիսով, ՀՀ-ն կարող է դառնալ «մարդու օրգաններ վաճառող» երկիր, որտեղ կոռուպցիայի այս տեսակը կարող է զարգանալ: