Նախօրեին Թուրքիայում քրդերի եւ թուրք ոստիկանների միջեւ տեղի են ունեցել կատաղի բախումներ. թուրք իրավապահները սպանել են մեկ անչափահասի եւ վիրավորել քուրդ խորհրդարանականի: Բախումները տեղի են ունեցել Շըրնաքի Սիլիոփի շրջանում` քուրդ բնակչության կողմից կազմակերպված ակցիայի ժամանակ, երբ 10 հազար քրդեր «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունից պատգամավորներ Հասիփ Քափլանի եւ Սեւահիր Բայընդըրի, ինչպես նաեւ՝ նրանց մի շարք կուսակիցների գլխավորությամբ փորձել են հատել թուրք-իրաքյան Հաբուր սահմանը: Թուրք ոստիկաններն ամենակոշտ ձեւերով խոչընդոտել են ակցիայի մասնակիցների այդ նախաձեռնությունը` նրանց դեմ օգտագործելով ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Արդյունքում կատաղի բախում է սկսվել ցուցարարների եւ իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով քուրդ կին խորհրդարանական Սեւահիր Բայընդըրի ոտքը կոտրվել է: Իսկ «Firat» գործակալության փոխանցմամբ, բախման ընթացքում ոստիկանական զրահապատ մեքենան ճզմել եւ սպանել է ազգությամբ քուրդ, 14-ամյա Ֆըրաթ Բասանին: Քուրդ ցուցարարներն այդ բողոքի ակցիայով ցանկանում էին Թուրքիայի իշխանություններին կոչ անել վերջ դնել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններին եւ նրանց ուշադրությունը հրավիրել քրդական հարցի լուծման վրա: Ցուցարարները պարզել են «Քրդական հարցին ժողովրդավարական լուծում գտնելու համար պետք է հաշվի նստեք քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ» գրությամբ ցուցապաստառ: