Հայտնաբերել են

04/06/2010

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութերի, զարդերի եւ այլ ապրանքների մաքսանենգության դեպքեր են հայտնաբերել Հայաստանի տարբեր սահմանային կետերում եւ շրջանցիկ ճանապարհներին: Թմրանյութերի մաքսանենգության դեպքերը բացահայտվել են Մեղրիի մաքսակետում` օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Մոհամմադ Հոսեինին փորձել է ներմուծել մոտ 7 գրամ ափիոն, որը թաքցրել էր կոշիկի կրունկի մեջ: Ափիոն է փորձել ներմուծել նաեւ Թեհրան-Երեւան երթուղով ժամանած ԻԻՀ մեկ այլ քաղաքացի` Աֆշար Հեյդարկոլին, ով մաքսային հսկողության գոտուց դուրս գալուց ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղին»: Սակայն մաքսավորները ԻԻՀ քաղաքացու մոտ հայտնաբերել են մոտ 33 գրամ ափիոն, որը նա թաքցրել էր դրամապանակի մեջ: Հայտնաբերվել են նաեւ մաքսային հսկողությունից թաքցված զարդեր. Գոգավան-Պրիվոլնոե մաքսակետում` Թբիլիսիից ժամանած «Ֆորդ-տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի զննման ընթացքում պարզվել է, որ ուղեւորներ Լյուդմիլա Շահնազարյանը եւ Կարինե Ավետիսյանը փորձել էին առանց հայտարարագրման ներկրել մոտ 27 կգ զարդեր: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրավախախտման դեպք է բացահայտվել նաեւ Բավրայի մաքսակետը շրջանցող ճանապարհի վրա. մաքսավորներն այնտեղ հայտնաբերել են դաշտում թափված մոտ 700 մանկական խանձարուր` շուրջ 1 տոննա ընդհանուր քաշով: Նույն` Սարագյուղ-Բավրա շրջանցիկ ճանապարհին, «ՈՒԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի զննման ժամանակ, պարզվել էր, որ նրանում առկա է թուրքական արտադրության 57 արկղ` ավելի քան 8000 հատ շոկոլադե խաղալիք, որոնք ավտոմեքենայի վարորդը ներմուծել էր Վրաստանից` շրջանցելով Բավրայի մաքսակետը: Մաքսանենգության դեմ պայքարի եւ Կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն իրավախախտման մեկ այլ դեպք են արձանագրել Բագրատաշենի մաքսակետում` ՌԴ արտահանվող ապրանքներով բեռնված «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի մաքսային զննման ժամանակ: Պարզվել էր, որ ավտոմեքենայի` ավելի քան 22 տոննա քաշը չի համապատասխանում մինչ այդ «Ապավեն» մաքսային պահեստում կշեռքի արձանագրած տվյալներին. պահեստում ավտոմեքենան կշռել էր մոտ 13 տոննա: Այսինքն, առանց մաքսային ապահովման միջոցը վնասելու, իրավախախտները պահեստից մինչեւ մաքսակետ ճանապարհին ավտոմեքենան 10 տոննայով ավելի բեռ էին բարձել: