Հանրակացարանի` գնացքի թունելի պես ձգվող անվերջանալի միջանցքի երկայնքով` պատերի տակ, մի քանի կանայք նստած` շշուկով քչփչում են: Մթության մեջ մարդկանց խորհրդավոր գաղտնիությունն էլ ավելի է ընդգծում այն տեսարանի դաժանությունը, որին րոպեներ անց պիտի ականատես լինեմ: Տեսարանը շատ նման է ճնշող, հոգեհանգիստ հիշեցնող մթնոլորտին, երբ սեւազգեստ կանայք ու ծխախոտի գլանակների մեջ ցավը զսպած տղամարդիկ են հավաքվում: Հանրակացարանի երկար ու ձիգ միջանցքում ծանր հոգոցը հեւում է…
Տատյանա Հակոբյանն ինձ ուղեկցում է այն սենյակ, որտեղ մահճակալին «դիակի» պես ընկած է որդին: 33-ամյա Խաչիկին նայելիս` սկզբում բացի շփոթմունքից ու տարակուսանքից՝ ոչինչ չեմ զգում: Սենյակի սառնությունը լցվում է մեջս ու մինչեւ ոտքերիս ծայրը սուր դող է անցնում: Բոլորս պապանձվել ենք, որովհետեւ սենյակում ցավը բոլորիս բերանը փակել է: Ասում եմ` «Բարեւ»… Անկողնում ընկած երիտասարդը լսում, բայց չի կարողանում որսալ ձայնի հասցեատիրոջը: Մեկ ամիս առաջ միանգամայն առողջ Խաչիկն այսօր վիրավոր թռչունի նման թպրտում է: Մայրը խորհուրդ է տալիս հարցեր չտալ` հավատացնելով, որ չի կարող արձագանքել: Ուզում է իրեն հարցեր տամ, բայց Խաչիկի անօգնական ու անհասկանալի վիճակից սառել-պապանձվել եմ: Մայիսի 3-ին հարեւանները Խաչիկին գտել են իր սենյակի դռան առաջ ընկած ցնցվելիս: Մի բան ինձ խանգարում է նրա հետ կատարված պատմությունը հասկանալու համար: Ու խանգարողը մայրն է` Տատյանան, ով ինձ կանչել է որդուն օգնելու ակնկալիքով, բայց հասկացնում է, որ «զոհն» ինքն է: Նրան գետնին անօգնական վիճակում գտած հարեւաններն անմիջապես զանգահարել են մորը, ով իսկույն հայտնվել, շտապօգնության ծառայություն է զանգահարել: Մայրն ասում է, որ Շտապօգնության բրիգադը ծայրաստիճան վատ, անգիտակից վիճակում գտնվող երիտասարդին հիվանդանոց տեղափոխելուց հրաժարվել է: «Ասեցին` հարբած ա, չենք կարա տանենք»,- պատմում է Տատյանան` վստահեցնելով, որ նույնիսկ երկրորդ ահազանգից հետո էլ շտապօգնության բուժանձնակազմը երիտասարդին չի տեղափոխել հիվանդանոց: Անգիտակից վիճակում երիտասարդը մեկ օր տանն է մնացել: Հաջորդ օրը` մայիսի 4-ին, մայրը կրկին շտապօգնություն է կանչել, եւ միայն Ոստիկանություն ահազանգելու սպառնալիքից հետո են Խաչիկին ծանր վիճակում տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Մոտ 20 օր վերակենդանացման բաժնում պահելուց հետո նրան ուղարկել են տուն: Իրականում թե ինչ է կատարվել` գիտի միայն Խաչիկը, ով, սակայն, բառ անգամ արտաբերելու ուժ չունի: Մայրն ունի իր վարկածը, որը լսելուց հետո հարցերի շարանները մնում են անպատասխան, որովհետեւ որդու կյանքի, ապրած օրերի մասին քիչ բան գիտի: Ասում է` «Էս վերջերում իրան տվել էր խմիչքի: Վատ շրջապատ էր ընկել, գալիս խմում էին էստեղ»: 2005 թ.-ից Խաչիկը Ներքին Շենգավիթ 9փ., 3շ., 615 բնակարանում միայնակ էր ապրում: Մայրը բնակարանը վաճառել, նրա համար սենյակ է գնել, իսկ ինքը 2 դուստրերի հետ առանձին է ապրում: Դա արել է, որպեսզի Խաչիկն ընտանիք ստեղծի եւ առանձին կյանքով ապրի, բայց… Մայրը որդու կյանքի, նրա կենսակերպի մասին այնքան բան գիտի, որքան, ասենք` ես կամ նրա հարեւանները: Հարցնում եմ` «Ինչի՞ էր իրեն տվել խմիչքի: Երեւի պատճառներ կային, հա՞»: Տատյանան ասում է, որ հոր մահից հետո Խաչիկը ծանր սթրես է տարել ու երկար ժամանակ «ուշքի չի եկել»: Հետո գնացել է բանակ, վերադառնալով` ամուսնացել է, ապա ամուսնալուծվել ու միայնակ է մնացել: Կորցրել է դեղագործական լաբորատորիայում իր աշխատանքն ու գործազուրկ է դարձել: Հարցնում եմ` «Բա ի՞նչն էր բաժանության պատճառը»: Ուսերն է թափ տալիս: Հարցնում եմ` «Լավ, ձեր որդին միայնակ է ապրել, բայց դուք իրենով չե՞ք հետաքրքրվել»: «Ո՞նց չէ, հետաքրքրվել եմ: Ասում էր` աշխատանք եմ փնտրում: Ամեն օր գնում էր, հետո ասում էր` աշխատանք չկա: Ամեն օր դուրս էր գալիս գործ ման գալու: Հարցնում էի` հը՞, մի բան կա՞: Ասում էր` չէ: Հետո իմացա, որ վատ շրջապատ ա ընկել, իրան տվել ա խմիչքի»,- պատմում է Տատյանան: Ասում եմ` «Գոնե գիտե՞ք ովքեր են ընկերները: Հանդիպե՞լ եք նրանց, փորձե՞լ եք հասկանալ, թե իրականում ինչ է եղել»: Պատասխանում է` «Չէ՛, ո՞ւր են էդ ընկերները, հիմա ոչ ոք չկա: Հիմա արդեն ինքը ոչ մեկի պետք չի»: Տատյանայի աչքերի մեջ կարդում եմ իմ աչքերի ատելությունը, որից հավանաբար կաշկանդվելով՝ ճնշվում է: Ամեն պատասխանից հետո հարցերիս տակից անզուսպ ատելությունը ստիպում է Տատյանային հասկանալ, որ մենակության մեջ ապրող Խաչիկը հաստատ ինչ-որ մեկի օգնության կարիքը զգացել է, ու էդ ինչ-որ մեկի բացակայությունը լրացրել են վատ շրջապատն ու խմող ընկերները:
Մոտ 20 օր «Արմենիա» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվելուց հետո բժիշկները նրան դուրս են գրել հետեւյալ ախտորոշմամբ` «Դիֆուզ ատրոֆիկ, ինտոքսիկային էնցեֆալոպաթիա, խրոնիկական ալկոհոլիզմ, ասթենո-նեւրոտիկ համախտանիշ, ալկոհոլային խրոնիկ հեպատիտ, աջ վերին վերջույթի լիմֆոստազ բարդացած դաստակի…»: Բժիշկները ախտորոշումը մորը մեկնաբանել են հետեւյալ կերպ` «Ասեցին` ուղեղի հարթեցում ա եղել: Թե հիմա ընկնելու հարվածի՞ց, թե՞ խմելուց` չգիտեմ: Ասեցին` ուղեղի աշխատանքը, գիտակցությունը չի վիրականգնվի: Մի խոսքով` ասեցին` կմեռնի, երկար չի ապրի: Բժիշկն ասեց` վերականգնելու միջոց չկա, ուղղակի իրան խնամք ա պետք արդեն: Բայց ես ո՞նց խնամեմ էս նեղ պայմաններում: Գոնե մի հիվանդանոց, բան լիներ` ուղարկեի պահեին: Ինքը պետպատվերի թղթերով էր բուժվում»: Տատյանան ասում է, որ Ոստիկանությունից կանչել եւ բացատրագիր են պահանջել: Ինքն էլ չգիտի, թե Ոստիկանությունն ինչպես է իմացել շտապօգնության բրիգադի` Խաչիկին հիվանդանոց չտանելու մասին: Ասում է, որ թեեւ սպառնացել է, բայց չի ահազանգել: Հարցնում եմ` «Այնուամենայնիվ, Ոստիկանություն չդիմեցի՞ք Խաչիկի հետ կատարվածի առիթով հետաքննություն անցկացնելու համար»: «Չէ՛,- ասում է,- ի՞նչ դիմեմ, կամ ո՞վ պիտի մի բան պարզի: Էդ ընկերները հիմա կորած են, չկան»: Հետո Տատյանան երկար պատմում է նման հիվանդին խնամելու դժվարություններից, նկարագրում է նման տարիքի տղամարդու ամեն օր տակդիրներ փոխելու ծանրությունը: Ուզում է Խաչիկին ծերանոց կամ խնամքի կենտրոն տեղափոխել: Խաչիկն անսպասելի կիսատ-պռատ ձայնարկություններն իրար կապկպելով` բղավում է` «Մա՛մ, մա՛մ», բայց, երբ բառերը դուրս չեն գալիս միջից` ձեռքերով հարվածում է կրծքավանդակին: Ասում եմ` «Երիտասարդ է, ի՞նչ ծերանոց»: Ապա տարակուսած հարցնում եմ` «Ինձ ինչո՞ւ եք դիմել, ի՞նչ կարող եմ անել…»: Պատասխանում է` «Չգիտեմ, որ օգնեք մի տեղ տեղավորենք»:
Միջանցքում խմբված, շշուկով քչփչացող հարեւաններն իսկույն ցրվում են, երբ փորձում եմ հարց ու փորձ անել: Խաչիկի դռանը կպած սենյակի հարեւանուհին ասում է` «Խելոք տղա էր, մենք էսքան տարի իրանից վատ բան չենք տեսել: Հանգիստ իրա համար ապրում էր, բայց էս վերջերս շատ էին խմողները գնում-գալիս: Մենք իրանից դժգոհություն չունենք, ուղղակի իրա ընկերներն էին շատ գալիս իրա մոտ, խմիչքներ, դես-դեն»: Այս խոսքերը հաստատում են նաեւ մյուս հարեւաններն` ասելով, որ Խաչիկին բոլորն էլ հարգել են, սակայն վերջին ժամանակներս նրա ընկերների այցելությունները բնակիչների մոտ անհանգստություն են առաջացրել: Խաչիկի հարեւանների ու Տատյանայի մեջ խոսքուզրույց չկա: Տատյանայի աչքերի մեջ արտացոլված է հարեւանների բացասական վերաբերմունքը իր նկատմամբ:
Խաչիկն, արդեն մեկ ամիս է, անգիտակից ընկած է մահճակալի վրա: Անհաղորդ, անշարժ ու անկարող է: Միայն ժամանակ առ ժամանակ, վիրավորի պես անակնկալ ճիչեր է արձակում: Աչքերի շարժն անկանոն է ու ոչ ռեալ: Կարծես մի ուրիշ աշխարհում լինի, լարված ու նյարդային նայում է ոչնչին ու մեկ-մեկ էլ կռվելու, բղավելու ձայներ է արձակում: Կարծես աչքի առաջ բազմություն կա, ու էդ բազմության հետ կռիվ տալով՝ անկանոն շարժումներ է անում: Ուզում եմ հասկանալ` Խաչիկն էստե՞ղ է, թե՞ էնտեղ: Մարմինը էստեղ է, իր սենյակում, որտեղ երեւի տարիներ շարունակ օգնության կարիք է ունեցել, բայց մենակության մեջ «խեղդվել» է: