Ինչպե՞ս է Հայաստանում ֆիլմ նկարահանվում

04/06/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Թեեւ այս հարցը կինոարտադրողներին ու հանդիսատեսին լրջորեն մտահոգում է, սակայն այդպես էլ մնում է չպարզաբանված` օդից կախված, քանի որ պատասխանները ոչ միայն մշուշոտ են, այլեւ` շատ դեպքերում հակասական ու իրարամերժ:

Անցյալ տարվա վերջում ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է. «Հայաստանի Հանրապետությունում կինեմատոգրաֆիայի բնագավառը համապատասխան օրենսդրական կարգավորում չունի, մինչեւ օրս ընդունված չէ կինոարտադրությունը կարգավորող որեւէ իրավական ակտ»: Իրավական դաշտ չկա, սակայն ֆիլմեր նկարահանվում են, ու պետբյուջեից տարեկան հատկացվում է 290 մլն դրամ:

Ի վերջո, ցանկալի է պարզել, թե ինչպե՞ս են ընդունվում, քննարկվում ու հավանության արժանանում այս կամ այն ֆիլմերի նախագծերը: Որո՞նք են պետական աջակցության արժանացող ֆիլմերի առավելություններն ու կինոստեղծման մեխանիզմները:

ՀՀ Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործում են «Ազգային կինոկենտրոն» ու «Հայկ» կինոստուդիա ՊՈԱԿ-ները, որոնք «կինոարտադրություն են իրականացնում Մշակույթի նախարարության կողմից հստակեցված ծրագրերով» (այդպես է վկայում օրենքը): «Իրականացնել» բառը ենթադրում է, որ կինոհայտերը պետք է քննարկվեն, ֆինանսավորում ստանան ու վերջիվերջո նկարահանվեն, մոնտաժվեն եւ ընդհանրապես` հետարտադրական փուլ անցնելով` հանրությանը ներկայացվեն: Այդ ամենը սկսվում է հանձնաժողովներից, որոնք մեր հանրապետությունում 3-ն են: «Հայկ» ստուդիան իր հանձնաժողովի միջոցով ուսումնասիրում է փաստավավերագրական ֆիլմերի հայտերը, Կինոկենտրոնը` գեղարվեստական ու անիմացիոն նախագծերը, իսկ հետո արդեն բոլոր հայտերը հայտնվում են Մշակույթի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի մանրադիտակի տակ:

Հանձնաժողովները

Ողջ աշխարհում հանձնաժողովները կամ էլ գեղարվեստական խորհուրդները ստեղծվում են 1 տարով (այնուհետ` անժամկետ լուծարվում են) ու փորձում են ընդգրկել հանրային կարծիքը արտահայտող մասնագետներին: Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնն, օրինակ, իր խորհրդի կազմում երբեք կինոռեժիսոր չի ընդգրկում (այլ մոնտաժողի, լրագրողի, սոցիոլոգի)` փորձելով պահպանել անաչառությունն ու կոմպլեկտավորել միջազգային խորհուրդ: Իսկ մեր Կինոկենտրոնի հանձնաժողովում ճիշտ հակառակն է. 12 անդամներից 5-ը գործող ռեժիսորներ են, 2-ը՝ գրող (Պերճ Զեյթունցյան, Ռուբեն Հովսեփյան): Կա 1 երաժիշտ (Ռոբերտ Ամիրխանյան), 1 արվեստաբան (Պողոս Հայթայան), 1 օպերատոր (Վահագն Հակոբյան):

Ո՞վ կարող է երբեւէ մտածել, որ հանձնաժողովում ընդգրկված ռեժիսորները սեփական նախագծերը կարող են սթափ գնահատել: Հաստատ` ոչ ոք: Ընդ որում, շատերը պնդում են, որ այն օրը, երբ քննարկման են դրվում իրենց նախագծերը, նրանք նիստերին ներկա չեն լինում (սենյակից դուրս են գալիս) ու քվեարկությանը չեն մասնակցում: Ինչն էլ, իբրեւ թե, ապահովում է մասնագիտական անկողմնակալ գնահատականը: Իհարկե, այդ պնդումը առնվազն ծիծաղելի է. չէ՞ որ գործի դնելով «դու` ինձ, ես` քեզ» սկզբունքը, բոլոր ռեժիսորներն էլ գիտակցում են, որ եթե իրենք չընտրեն կոլեգաների նախագծերը, ապա հաջորդ օրը հենց իրենցը չեն ընտրվի: Ուշագրավ է, որ 5 կինոռեժիսորներից 4-ը (Հարություն Խաչատրյանը, Վիգեն Չալդրանյանը, Միքայել Դովլաթյանը, Արման Մանարյանը, նաեւ՝ մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը) ընդունել, քննարկել ու հավանության են արժանացրել սեփական հայտերը: Սակայն, եթե նույնիսկ ենթադրենք, որ իրոք ընտրվել են լավագույնները, ապա ծագում է հաջորդ հարցը` ինչի՞ հիման վրա է կատարվել որոշումը: Տրամաբանությունը ստիպում է պատասխանել` սցենարի: Սակայն հավաստի աղբյուրներից հայտնի է, որ, ասենք, այս տարվա կինոարտադրության մեջ կան ֆիլմեր, որոնք նույնիսկ հստակ սցենար չունեն: Օրինակ, Միքայել Պողոսյանի (սցենարիստ (՞)) «Կեչի» ֆիլմը որոշվել է պետբյուջեից ֆինանսավորել, մինչ` ավարտուն սցենարի կայացումը: Ընդ որում, այդ ֆիլմի հայտը Կինոկենտրոնի հանձնաժողովը մերժել է, իսկ Մշակույթի նախարարության հանձնաժողովը միաձայն է ընդունել (ինչը օրենքի խախտում է, քանի որ նախարարությունը կարող է հայտերը քննարկել միայն Կինոկենտրոնի դրական եզրակացություն հիման վրա): Ահա այսպիսի ինտրիգներ են ծավալվում, եւ մի հանձնաժողովը անտեսում է մյուսի պրոֆեսիոնալ կարծիքը:

Այս տարվա արտադրության մեջ է հայտնվել նաեւ «Հ1»-ի նախագիծը` «Արտիստը» ֆիլմը, որը պետք է իրականացնի դեբյուտանտ Զարուհի Սարգսյանը: Հարկ է նշել, որ աշխարհի ոչ մի պետություն կինոոլորտը զարգացնելու համար գումար չի տալիս հեռուստատեսությանը, իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը` TV-ն է սատարում ռեժիսորին, քանի որ իր սեփական ֆինանսական մուտքերն ունի: Իսկ մեզ մոտ ստացվում է. մենք մեր գրպանի պարունակությունը հանձնում ենք Հանրայինին, եւ մի բան էլ ապահովում ենք նրա անորակ արտադրությունը երկակի ճանապարհով:

Մշակույթի նախարարությունը նշում է, որ ֆիլմերի ֆինանսավորման «առաջնահերթությունը տրվում է հատկապես այն նախագծերին, որոնց հայտերի փաթեթներում առկա են լինում լրացուցիչ ֆինանսավորում հավաստող եւ ստանձնած պարտականությունների կատարումը երաշխավորող փաստաթղթեր»: Հասկանալի է, որ լրացուցիչ ֆինանսավորումը կատարվում է կամ հայրենական գործարարների, կամ էլ միջազգային կինոհիմնադրամների կողմից: Եվ այդ դեպքում պետք է հստակ տարբերակել սպոնսորի ու համաարտադրողի դերակատարությունը: Կոպրոդուկցիան ենթադրում է, որ ֆիլմի ստեղծման գործում նվազագույնը 2 երկիր պետք է մասնակցի, այլապես` ֆիլմը համաարտադրություն չի կարող համարվել: Եվ երբ, ասենք, որեւէ արտասահմանյան երկիր գումար է ներդնում հայաստանյան ֆիլմի մեջ, դա երաշխավորում է ֆիլմի հետագա դիստրիբյուցիան: Այսինքն` ճանապարհ է հարթում դեպի էկրան: Իսկ երբ ֆիլմն ընդամենը սպոնսոր է ունենում, ֆիլմի ստեղծումը բարեգործություն է համարվում (ֆիլմը կարող է բնավ էլ չցուցադրվել, եւ ուրեմն՝ նրա ստեղծումը հայրենական կինոոլորտի զարգացմանը չէ միտված, այլ միայն բավարարում է հեղինակի ամբիցիաները): Նման ֆիլմեր համաֆինանսավորելն ուղղակի պետական գումարների փոշիացում է:

Եվ եթե իրոք առաջնահերթությունը «ստանձնած պարտականությունների երաշխավորումն» է համարվում, ուրեմն Սուրեն Բաբայանի ոչ նախորդ «Մի նայիր հայելուն», ոչ էլ այս տարվա արտադրական ցուցակում ներգրավված «Սեւ գիրք, ծանր բզեզ» ֆիլմերը չպիտի պետբյուջեից գումար ստանային, քանի որ այդ ռեժիսորի սցենարները երբեք միջազգային «փիչինգների» չեն մասնակցել եւ չեն կարող «երաշխավորում» ունենալ: Նույնը կարելի է ասել Ալբերտ Մկրտչյանի, Էդգար Բաղդասարյանի նախագծերի մասին: «Փիչինգը» բարդագույն փուլ է` սցենարը ներկայացնելու համար: Ռեժիսորը պետք է կարողանա կանգնել միջազգային ժյուրիի առջեւ ու «պաշտպանել» իր նախագիծը: Իսկ դա կարող են անել շատ քչերը, քանի որ հայկական կինոսցենարների մեծամասնությունը ոչ միայն անտրամաբանական է, այլեւ` ուղղակի անհեթեթ է: Եվ առաջին իսկ միջազգային «փիչինգի» ժամանակ դրանք նետվելու են աղբարկղը: Իհարկե, հայաստանյան հանձնաժողովները շատ հազվադեպ են քննարկում բուն սցենարները (չեն էլ կարդում), եւ գումարը տալիս են` ելնելով ռեժիսորի անձից: Ինչը ռեժիսորին դարձնում է կամ Կինոկենտրոնի, կամ էլ Մշակույթի նախարարության «զինակիցը», այլ ոչ թե առանձին ու ինքնուրույն գործող միավոր:

Քննարկում

Եթե ֆիլմի ստեղծման հայտ է ներկայացվում, պետք է նկատի ունենալ, որ դա արվում է մինչեւ հունիսի 30-ը, իսկ պատասխանները պետք է հրապարակվեն ոչ ուշ, քան հոկտեմբերի 15-ը: Ընդ որում` Կինոկենտրոնը հայտերը (նաեւ օրացուցային-բեմադրական պլանները) ընդունում է ոչ միայն թղթի, այլեւ էլեկտրոնային կրիչի վրա: Եվ ուրեմն հանգիստ (եւ կարեւորը՝ մաքուր խղճով) կարող է դրանք տեղադրել ինտերնետում: Սակայն չի անում դա: Ինչո՞ւ: Ոչ ոք չգիտե: Միգուցե այն պատճառով, որ շատ հաճախ տեղադրելու բան չի լինում. չէ՞ որ սցենարը ավարտուն տեսք կարող է ստանալ արտադրության փուլ իջեցնելուց հետո: Նման նախադեպերը քիչ չեն: Ինչպես քիչ չեն նաեւ նկարահանման գրաֆիկների խախտման դեպքերը: Ակամայից ուզում ես ասել` եթե պլան կա, տեղադրեք այն համացանցում ու ապահովագրեք ձեզ անհիմն մեղադրանքներից: Եթե ռեժիսորը խախտում է գրաֆիկը («Սողանք» ֆիլմն, օրինակ, ըստ պլանի` պետք է վաղուց ավարտված լիներ), ուրեմն թույլ տվեք ֆիլմարտադրողից «երաշխավորագիր» պահանջել: Վերահսկիչ պալատը փաստում է. «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առանձին ֆիլմերի արտադրությունը տարիներ շարունակ ձգձգվել է եւ տեւել 3-7 տարի: Առ 01.03.2009թ. կինոթատրոններում Կինոկենտրոնի կողմից 2007-2008թթ. արտադրված որեւէ ֆիլմի ցուցադրություն չի եղել: Լիամետրաժ գեղարվեստական 2 ֆիլմի արտադրությունը (սկսվել է 2002 եւ 2004թթ). համատեղ իրականացնելու փոխարեն, հիմնականում ծախսերը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին («Նա եւ Նե», «Սողանք»)»։

Ըստ Մշակույթի նախարարության` 2010թ. ֆիլմերի արտադրության ծրագրերում ներառած են 12 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր (չհաշված դեբյուտային, կարճամետրաժ, ուսանողական ու անիմացիոն աշխատանքները), սակայն Կինոկենտրոնի համաձայն` այս տարի արտադրվելու է 7 ֆիլմ: Այդ տարաձայնությունն անհասկանալի է: Ստացվում է, որ ֆիլմերը ավելանում են` հասնելով նախարարության հանձնաժողով, որի կազմում այս տարի, բացի նախարարից ու փոխնախարարներից, ընդգրկվել են նաեւ դերասան Միքայել Պողոսյանը (վերը նշված «Կեչի» ֆիլմի իր սցենարով), «Շարմ հոլդինգի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանը, «Պարադիզ» ընկերության տնօրեն Մարտին Ադոյանը: Իսկ ֆիլմերի քանակն ավելացել է այն բանի շնորհիվ, որ գումարվել են «Պարադիզի» արտադրությամբ «Խենթերը կամգ» ու «Շարմ հոլդինգի» արտադրությամբ` «Զեմլյակ» ֆիլմերը: Իսկ շարունակելով հանձնաժողովների թեման, կարելի է ենթադրել, որ այն պահին, երբ քննարկվել է Կինոկենտրոնի կողմից մերժված Միքայել Պողոսյանի ֆիլմի հայտը, վերջինս քվեարկությանը չի մասնակցել: Սակայն հայտը միաձայն է ընդունվել: Եվ ուրեմն՝ կեցցե՜ արդարությունը:

Պարզ է, որ երկգլխանի հանձնաժողով-վիշապը շատ ավելի մեծ դաշտ է բացում «զինակիցներին» հավաքագրելու (նաեւ` զգուշացնելու ու սաստելու) համար, քան կարող էր անել մեկգլխանի վիշապը: Եվ ցանկացած կինոարտադրող պարտավոր է այդ վիշապների առջեւ կանգնել, քանի որ այլ ճանապարհ, այսինքն` պարզ ու տրամաբանական կինոստեղծման, վերահսկման ու պատասխանատվություն ենթադրող մեխանիզմներ չկան: Ինչպես չկան նաեւ հայրենական ու արտասահմանյան կինոարտադրության տարբերակումները: Այս տարի, օրինակ, շատ ֆիլմեր նկարահանում են ազգությամբ հայ, սակայն ոչ Հայաստանի քաղաքացիները: Եվ հարց է ծագում. Կինոկենտրոնը միջազգայի՞ն ֆոնդ է, թե՞ զուտ հայրենական: Եթե մենք միջազգային ֆոնդ ենք, ուրեմն պետք է եւ հանձնաժողովների, եւ հայտերի անոնսների ընթացքը թափանցիկ դարձնենք աշխարհի համար: Եվ չմերժենք ուզբեկի կամ թուրքի նախագծերը` նրանց գումար տալով պետբյուջեից ու նկատի ունենալով, որ նրանց աշխատանքները նպաստելու են կինոպրոցեսի աշխուժացմանը (ասենք՝ պարտադրելով, որ ֆիլմը Հայաստանում մոնտաժվի կամ օգտվի հայկական մասնագետների ծառայություններից): Ինչն, ի դեպ, հաջող իրականացնում է Վրաստանը:

Նկարահանում

Այս կետն ամենաանհասկանալին է, եւ հետեւաբար` բազմաթիվ խախտումների սկիզբ է դնում: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը բազմիցս նշել ու շարունակում է նշել, որ Կինոկենտրոնը ֆիլմ չի նկարահանում, այլ` աջակցում է: Այսինքն` հայտը քննարկելուց հետո գումար է տրամադրում ու ասում` բարի ճանապարհ, նկարահանեք: Իսկ Մշակույթի նախարարությունը նշում է. «Փաստն այն է, որ 2010թ. նկարահանվող ֆիլմերը Կինոկենտրոնի աջակցությունը ստանալուց հետո, Կինոկենտրոնի բազայի վրա հնարավորություն են ունենում իրականացնել իրենց մտահղացումները: Ավելին, այսօրվա հայաստանյան կինոգործիչների մեծամասնությունը ստեղծագործում են հենց Կինոկենտրոնում` գտնվելով ֆիլմերի արտադրական տարբեր փուլերում, տարբեր ժանրերում եւ կինոտեսակներում»: Այդ ինֆորմացիան կինոմեխանիզմները բացահայտել ցանկացող անձանց փոխանցել է Մշակույթի փոխնախարար Ա.Պողոսյանը: Հիմա կա՞, թե՞ չկա տեխնիկական բազա Կինոկենտրոնում: Եվ եթե կա, ապա ի՞նչ անվան տակ ու ի՞նչ կարգավիճակում է այն ամրագրված: Կա եւս մեկ կարեւոր հարցադրում. եթե 2009 թ. հոկտեմբերի

15-ին հաստատվել է 2010 թ. ֆիլմերի արտադրության ցանկը, ապա ինչո՞ւ չեն հայտարարվում յուրաքանչյուր ֆիլմի համար նախատեսված պետական աջակցության չափերը: Դա շատ կարեւոր ինֆորմացիա է ֆինանսավորման գումարների հավասարակշռությունը պահպանելու համար: Չէ՞ որ, ըստ Մշակույթի նախարարության` «նկարահանվելիք լիամետրաժ ֆիլմերը բյուջեից ֆինանսավորվում են ոչ թե ամբողջությամբ, այլ աջակցության կարգով` մասնակիորեն»: Թեեւ կան բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են այն մասին, որ ամբողջությամբ պետական ֆինանսավորում ունեցող ֆիլմեր էլ կան: Եվ դրանք ամենաանհաջողներն են: