Սկսվեց

02/06/2010

Երեկ Հայաստանում մեկնարկել են դպրոցների ավարտական եւ բուհերի ընդունելության միասնական քննությունները, որոնք ավարտվելու են հունիսի 23-ին: Երեկ դիմորդները քննություններ են հանձնել կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից: Ինչպես բոլոր տարիներին, այս տարի եւս անընդհատ քարոզվում էր, թե ամեն ինչ արվելու է քննությունների օբյեկտիվությունն ապահովելու համար` որպես դրա հիմնավորում ներկայացնելով մասնավորապես այն հանգամանքը, որ քննությունների թեստերը տպագրվել են Մեծ Բրիտանիայում: Բազմաթիվ ռեպորտաժներ էին ցուցադրվում այն մասին, թե ինչպես են հատուկ արարողակարգով այդ թեստերը փակ արկղերով Հայաստան բերվում, պահվում բոլորի աչքից հեռու, եւ այլն, եւ այլն: Սակայն արդեն երեկ` քննությունների առաջին իսկ օրը, բազմաթիվ դիմորդներ ունեցել են թեստերի պատասխանները, ինչը բնականաբար հարուցել է մյուս դիմորդների ծնողների արդարացի վրդովմունքը: Ի դեպ, վրդովված են նաեւ շատ դպրոցների տնօրեններ. ոչ թե քննությունների անարդարացիությունից, այլ այն պատճառով, որ ծնողները դա արել են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հետ, որը համակարգում է ընդունելության քննությունները: Որոշ ծնողներ պատմում էին, որ երեխաներից ոմանց հատուկ զգուշացվել է ձեւաթղթերի վրա նշումներ չկատարել (ճիշտ պատասխանների համար նախատեսված տեղերը չլրացնել)`մաքուր հանձնել: Սա, կրկնում ենք, ընդունելության քննությունների ընդամենը առաջին օրվա պատկերն է: Ինչպես ասում են` ամեն ինչ դեռ առջեւում է: Ի դեպ, այս համատեքստում միանգամայն այլ իմաստ է ստանում օտարալեզու դպրոցների շուրջ բարձրացված աղմուկը, կազմակերպված լսումները: Կրթության ոլորտի հետ կապված հասարակության ուշադրությունն այժմ սեւեռված է այդ խնդրի վրա: Եվ ամենեւին պատահական չէ, որ հենց այս օրերին է Ազգային ժողով ներկայացվել «Լեզվի մասին» օրենքը: