Ո՞ւմ կամարի տակ է «Կամարը»

02/06/2010

2006թ. Բնապահպանության նախարարության պատվերով ՌԴ-ից հիդրոլոգիական նավ ձեռք բերած «Կամար» ՓԲԸ-ն, որոշ տեղեկությունների համաձայն, պատկանում է Պետեկամուտների կոմիտեի Քննչական վարչության պետի տեղակալ Անրի Վարդանյանի հորը: Վերջինս երեկ մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց այդ տեղեկությունը: «Ո՛չ ես, ո՛չ էլ հայրս երբեւէ որեւէ ընկերության փաստացի սեփականատեր, տնօրեն չենք հանդիսացել: Տնտեսական որեւիցե գործունեություն չենք իրականացրել: Մենք պետական ծառայողներ ենք: Միշտ աշխատել եմ պետական համակարգում: Աշխատում եմ պետական ծառայողի իրավասությունների շրջանակում»,- ասաց Վարդանյանը, ով վերջերս է դարձել այդ վարչության պետի տեղակալ, բայց թե կոնկրետ ե՞րբ` չցանկացավ ասել: Մեր տեղեկություններով՝ մինչ այդ պաշտոնում նշանակվելը նա այդ վարչությունում աշխատել է որպես քննիչ: Հավելենք, որ Ա.Վարդանյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան է: