Նոր ժանր՝ գյուղական տեսարան

02/10/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արցախյան մի գյուղի բնակիչների կյանքը՝ ներկայացված երգերով, ղարաբաղյան
բարբառով եւ տարազներով, կարելի էր դիտել Օպերայի եւ բալետի ազգային
թատրոնի բեմում: Այս երաժշտական բեմադրությունը ներկայացման հեղինակ,
կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն անվանել է «տեսարան»: «Սա ոչ ներկայացում է,
ոչ էլ մյուզիքլ, սա մի դրվագ է գյուղի կյանքից»,- ասաց նա: Մասնակիցները
շատ երիտասարդ են. բոլորն էլ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի սաներ
են, ունեն լավ ձայներ եւ սովորելու մեծ ցանկություն: «Մեր գյուղի»
երեւանյան պրեմիերային նախորդել են երկարատեւ փորձերը, որոնք իրենց
արդյունքն են տվել: Բացի երգից կարեւորվել է եւ՛ մասնակիցների պարելու
ունակությունը, եւ՛ պարզապես բեմում անկաշկանդ շարժվելը: «Մեր գյուղը»
բեմադրված է մեծ սիրով, հաճույքով եւ պատասխանատվությամբ: Այն ուղղված է
դեպի ապագան, ղարաբաղյան հաջորդ՝ ետպատերազմյան սերնդի սպասելիքներին:
Գյուղի առօրյա կյանքը՝ ցանքը, հունձը, չխկչխկոցով աշխատող ալրաղացը, արտից
վերադարձող գյուղացիների հորովելը, սերը, հարսանիքը, պարտադիր բամբասանքն
ու պատերազմի գնացած տղամարդկանց համար աղոթող կանանց երգը. այս բոլորը
կազմում եմ բեմադրության առանցքը: Երիտասարդ գյուղացիները չեն մոռանում
անցյալը, բայց նրանց հայացքներն ուղղված են վաղվա օրվան: «Մի բան ենք
միայն խնդրում երկնից՝ թող այսօր ծագող արեւը ծագի նաեւ վաղը՝ հույս եւ
լույս տալով մեզ»,- այսպիսի բառեր են հնչում երգերից մեկի մեջ: Զգալ
ընկերոջ ուսը, ընտանիք կազմել, իմանալ, որ խաղաղ կյանքը նորեն չի դադարի.
սա է Արցախի նոր տերերի երազանքը, որը ցանկացել է հնչեղ եւ տեսանելի
դարձնել Արթուր Գրիգորյանը: Շատ հետաքրքիր են մոդելավորող Կարինե Աթանյանի
ստեղծած զգեստները եւ նաեւ «Մեր գյուղի» դեկորացիաները, որոնց մեջ կենդանի
ոչխարներն ու հորթերն իրենց բավականին հարմարավետ էին զգում:
Բեմադրությունը ցուցադրվելու է նաեւ Լոս Անջելեսում: