Օպերայի բակում հայտնվելը խիստ վտանգավոր է

02/06/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Ազատության հրապարակի բացումից հետո, ամեն օր, երեկոյան ժամը 5-ից սկսած` ավելի քան հինգ տասնյակ ոստիկան հայտնվում են այնտեղ:

Նրանց մի մասը հերթապահության է կանգնում Օպերայի բակ տանող ճանապարհների մոտ, մյուս մասն էլ` հարմարավետ տեղավորվելով ոստիկանական «Գազելներում»` ուշի ուշով հետեւում է բոլոր անցորդներին: Զավեշտալին այն է, որ «խեղճ իրավապահները» պարտավոր են գուշակել, թե հրապարակում զբոսնող քաղաքացիներից ով է լրագրող, ով` զբոսանքի դուրս եկած քաղաքացի, եւ ով` պոտենցիալ ընդդիմադիր: Ու եթե հանկարծ մեկի պահվածքը կամ քայլվածքը հայրենի իրավապահների մոտ կասկած առաջացնի, նրան օպերատիվ կերպով անմիջապես մեկուսացնում են հասարակությունից: Ընդ որում, մեկուսացնում են բառի բուն իմաստով: Նրանց տանում են Ոստիկանության մոտակա, այսինքն` Կենտրոնի բաժանմունք, հետո, ըստ վերեւներից հնչած կարգադրության, ձերբակալում կամ ազատ արձակում: Ինչպես արդեն հայտնի է, ձերբակալվել են լրագրող 22-ամյա Անի Գեւորգյանը եւ Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ 19-ամյա Դավիթ Քիրամիջյանն ու 18-ամյա Սարգիս Գեւորգյանը, որն, ի դեպ, Անիի եղբայրն է: Այսօր 3-րդ օրն է, ինչ նրանք պահվում են ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում (Էրեբունու ԿՊԶ): Քանի որ այսօր երեկոյան ժամը 18:30-ին լրանում է նրանց ազատազրկման 72 ժամը, ապա, ըստ օրենքի, կամ նրանց պետք է ազատ արձակեն, կամ` մեղադրանք առաջադրեն եւ կալանավորեն: Ձերբակալվածներից Դավիթը հենց այն երիտասարդն է, որը դեպքի օրը դաժան ծեծի է ենթարկվել: Լուսանկարներում եւ տեսաերիզներում հստակ երեւում է, որ տեսնելով, թե ինչպես են ոստիկանները հրում ու հայհոյում մի քանի կանանց, Դավիթը մոտենում է եւ փորձում միջամտել: Սակայն ոստիկանները, ընդ որում՝ քաղաքացիական հագուստով, հարձակվում են Դավթի վրա, նրան նետում գետնին եւ մի քանի հոգով դաժան ծեծի են ենթարկում: Փաստորեն, միայն այն բանի համար, որ 19-ամյա երիտասարդը փորձել է պաշտպանել կանանց եւ համարձակվել է իրենց «մասնագիտական պարտականությունները» կատարելիս խանգարել ոստիկաններին, նրան ձերբակալեցին: Ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, Դավիթը եւ Սարգիսը մեղադրվում են խուլիգանության, իսկ Անին` Ոստիկանության ծառայող` մոտ 50-ամյա Համբարձում Բոքսյանին հարվածելու եւ կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածք պատճառելու մեջ: Երեկ մենք զրուցեցինք Դավթի մոր` տիկին Ռութի հետ: Նա պատմեց, որ երեկ երեկոյան իրեն թույլատրել են տեսակցել որդու հետ: «Նա շատ վատ է, գլուխն ամբողջովին կարմրած է, աչքերի տակը` կապտած, մեջքը շատ ցավում էր: Նա բժշկական հետազոտության եւ օգնության կարիք ունի: Ես պատրաստվում եմ ներկայացնել նրա բնութագրերը, որ նա ուսանող է եւ թե ուսման մեջ, ու թե ընդհանրապես շատ պարտաճանաչ տղա է: Նա չէր կարող իրեն խուլիգանական արարքներ թույլ տալ՝ ինչպես պնդում են Ոստիկանությունում»: Իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ որեւէ նոր բան դեռեւս հայտնի չէ, եւ պարզ չէ՝ ձերբակալվածներն ազատ կարձակվե՞ն, թե՞ ոչ: Նա պնդեց, որ իր պաշտպանյալների ձերբակալություններն ապօրինի են, եւ նրանց հանդեպ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար Ոստիկանությունը ոչ մի հիմք չունի: Երեկ, երբ ՀԱԿ-ի մի քանի անդամներ փորձեցին Սարյանի արձանի մոտից խաղաղ զբոսանքի նպատակով մտնել Օպերայի բակ, ոստիկաններն անմիջապես կազմ ու պատրաստ փակեցին նրանց ճանապարհը: Զավեշտալին այն է, որ իրավապահները նրանց արգելեցին անգամ մի բաժակ սուրճ խմել Օպերայի հարակից սրճարաններից մեկում: Երբ մայիսի 31-ին 15 հոգու բերման էին ենթարկել Ոստիկանություն, իսկ ՀԱԿ համակիրներն էլ այնտեղ բողոքի ցույց էին կազմակերպել, ոստիկաններից մեկը շենքի 2-րդ հարկից տեսախցիկով նկարում էր բոլոր հավաքվածներին: ՀԱԿ անդամները վստահ են, որ իրենց դեմքերը ֆիքսում են, որպեսզի ճանաչեն բոլորին ու թույլ չտան մտնել Ազատության հրապարակ: Նախօրեի հավաքին ներկա էին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, որոնք իրենց աչքով տեսան, թե ինչպես են ոստիկանները խախտում խաղաղ բնակչության իրավունքները: Այդ դեպքերի հետ կապված, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ս. թ. մայիսի 31-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք): Սարյանի արձանի մոտակայքում հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ: Ներկա էին նաեւ լրագրողներ եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ: Ժամը 19-ի սահմաններում ՀՀ ոստիկանության աշխատակիցները, արգելելով մի խումբ քաղաքացիների մուտքը Ազատության հրապարակ, որոշ քաղաքացիների փորձել են հրավիրել ՀՀ ոստիկանության բաժին` ըստ Ոստիկանության ներկայացուցչի` «նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն վերցնելու նպատակով»: Սակայն, ի պատասխան Ոստիկանության ներկայացուցիչների պահանջների, մի խումբ քաղաքացիներ դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ եւ դիմել են սադրանքների, ընդ որում, ըստ նախնական տվյալների` սադրանքներ հրահրողները ներկայացել են որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Վերջիններս ձերբակալված են, եւ քննության արդյունքներով կպարզվի միջադեպի մանրամասները»: Անդրադառնալով նաեւ հունիսի 1-ին կատարված դեպքերին, նշվում է նաեւ, որ ՀԱԿ ներկայացուցիչները մի խումբ լրագրողների ուղեկցությամբ Սարյանի արձանի մոտակայքից շարժվել են Ազատության հրապարակի ուղղությամբ, սակայն հրապարակ տանող բոլոր մուտքերը եղել են Ոստիկանության հսկողության տակ, եւ նրանք արգելել են մարդկանց մուտքը հրապարակ: «Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից չի տրվել իրավական որեւէ հիմնավորում: Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը գտնում է, որ ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով խախտվել են վերը նշված անձանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները», -ասվում է հաղորդագրության մեջ: Լրագրող Անի Գեւորգյանին ազատ արձակելու պահանջով երեկ հայտարարություն են տարածել նաեւ լրագրողական կազմակերպությունները: