Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախօրեին իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության նիստի ժամանակ քննադատել եւ սպառնացել է Իսրայելին` Գազայի հատված հումանիտար օգնություն տեղափոխող նավերի ուղեւորների եւ իսրայելցի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպի համար: «Zaman» օրաթերթի փոխանցմամբ` իր երկարաշունչ ճառի ընթացքում Թուրքիայի վարչապետը խոսել է նաեւ օրեր առաջ Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցելության մասին` իր կուսակիցներին հիշեցնելով արգենտինյան այցելությունը չեղյալ հայտարարելու պատճառները:
«Ինչպես որ մենք ենք կարեւորում յուրաքանչյուր երկրի արժեքները եւ հանդուրժողաբար մոտենում դրանց, յուրաքանչյուր երկիր էլ պետք է նույն կերպ մոտենա մեր արժեքներին: Բնականաբար, օգտակար եմ համարում եւս մեկ անգամ հիշեցնել սա` հայկական Սփյուռքի նման գործողությունները, հստակ ասում եմ, որեւէ օգուտ չեն կարող բերել ոչ Հայաստանին, ոչ հայ ժողովրդին, ոչ էլ երրորդ երկրներին: Ընդհակառակը` վնաս են բերում: Սփյուռքի գործողություններն ինչքան որ դժվարին կացության մեջ են դնում Հայաստանին, այնքան էլ անպատասխանատու ձեւով դժվարին վիճակի մեջ են դնում երրորդ երկրներին, ինչպես եղավ Արգենտինայի դեպքում: Բոլոր նրանք, ովքեր հանուն ներքաղաքական շահերի անձնատուր են լինում հայկական Սփյուռքին եւ դառնում նրա գերին, հուսով եմ` շուտով կտեսնեն` ինչքան վնաս են տալիս եւ՛ Հայաստանին, եւ՛ իրենց երկրներին»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լատինաամերիկյան շրջագայության շրջանակում չեղյալ էր հայտարարել մայիսի 30-31-ն Արգենտինա նախատեսված այցելությունը: Քանի որ արգենտինահայ համայնքի ջանքերով Բուենոս Այրեսի իշխանությունները հրաժարվել էին քաղաքում տեղադրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին: