ՀՅԴ-ն ծեր է

02/06/2010

«Առաջիկա ամիսներին որոշակի տակտիկական, դիրքային պայքար կլինի իշխանության եւ ընդդիմության միջեւ, ինչպես նաեւ՝ որոշակի վերադասավորումներ կլինեն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներսում»,- երեկվա ասուլիսում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանը փորձելու է ավելի մոնոլիտ դարձնել իշխանությունը, որպեսզի առաջիկա ընտրություններին մասնակցի այդ մոնոլիտ իշխանությամբ: Ըստ նրա, մոնոլիտ իշխանություն ձեւավորելու առաջին քայլերն արված են` վարչապետի ու տնտեսական բլոկի նախարարների անդամագրումը ՀՀԿ-ին, ինչպես նաեւ՝ ՕԵԿ երկու նախարարների փոփոխությունը: Ս. Սուրենյանցի կարծիքով, թեեւ նոր նախարարները կրկին ՕԵԿ-ական են, սակայն նրանք ոչ մի կապ չունեն այդ կուսակցության հետ: Նրա դիտարկմամբ` ԲՀԿ-ն մնալու է քաղաքական համակարգում` նաեւ իր առաջնորդի խարիզմայի շնորհիվ, իսկ ՀՅԴ-ի մասին էլ ասաց. «ՀՅԴ-ին ընդդիմություն չեմ համարում. պետպատվերի շրջանակներում գործող հայրենասիրական ուժ է»։ Նաեւ հավելեց. «Ծերունիների մասին հարգանքով են խոսում: ՀՅԴ-ն անելիք չունի քաղաքական դաշտում»: Անդրադառնալով Հայ Ազգային կոնգրեսում հնարավոր վերադասավորումներին, Սուրենյանցն ասաց. «Եթե ՀԱԿ-ը չկարողացավ ավելի արդյունավետ ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծել, որպեսզի վերածվի ավելի երկարաժամկետ պրոյեկտի, ՀԱԿ-ը լուրջ խնդիրներ կունենա»: Չնայած նման կանխատեսումներին, նա բացառեց ՀԱԿ-ի մասնատման հնարավորությունը` ասելով, թե այսօր ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը տիրապետում է մեծ հասարակական եւ քաղաքական ռեսուրսի, ինչից կարող են զրկվել ՀԱԿ-ի կազմից դուրս եկող ուժերը: «ՀԱԿ-ում ամեն ինչ չէ, որ իդեալական է: Պետք է ստեղծվեն ավելի արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի այդ քաղաքական ուժի ու հասարակության կոնտակտն ավելի արդյունավետ լինի եւ միայն միտինգներով չսահմանափակվի»,- ասաց նա: