ԵԱՀԿ-ն կոչ է անում վերանայել նախագիծը

02/06/2010

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը համապատասխանեցնել ԵԱՀԿ եւ եվրոպական չափանիշներին` նախքան նախագծի վերջնական ընդունումը:

«Եթե նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, այն չի երաշխավորի հեռարձակման ոլորտում բազմակարծությունը: Նախագծով նաեւ չի հաջողվել ամուր հիմքեր ստեղծել թվայնացման գործընթացի համար: Լավ նախագիծը կարող է պաշտպանել հեռարձակողների անկախությունը` դրանով իսկ նպաստելով ԶԼՄ-ների ազատությանը` միեւնույն ժամանակ խթանելով մրցունակ եւ տնտեսապես կայուն հեռարձակման դաշտի ստեղծմանը Հայաստանում»,- ասել է Դունյա Միյատովիչը: Նա նաեւ նշել է, որ վերջերս Հայաստան կատարած իր այցի ընթացքում Սերժ Սարգսյանը վստահեցրել է իրեն, որ իր գրասենյակի եւ քաղաքացիական հասարակության առաջարկությունները հաշվի կառնվեն նախագիծը վերջնական տեսքի բերելուց առաջ: Միյատովիչը ողջունել է այն փաստը, որ նախագիծը քննարկվել է խորհրդարանի կազմակերպած հանրային լսումների ընթացքում: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը` այն հանրությանը ներկայացնելուց քիչ անց: Չորս օր անց` նախքան լսումները, Միյատովիչի գրասենյակը տրամադրեց օրենքի նախագծի մասին փորձագիտական կարծիք` մանրամասնելով մտահոգություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Փորձագիտական կարծիքը, որը ներկայացվել է Հայաստանի իշխանություններին, նաեւ ներառում է առաջարկություններ լրամշակումների համար: Ըստ փորձագիտական վերլուծության` նախագծում առկա թերությունների թվում են հետեւյալ խնդիրները.

1. Նախագիծը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ) այլեւս չի պարտավորեցնում հիմնավորել հեռարձակման լիցենզիայի համար ներկայացված դիմումները մերժելու պատճառները: 2. Անորոշ ժամանակով հետաձգում է թվային հեռարձակման համար մասնավոր մուլտիպլեքսորների ստեղծման հնարավորությունը` միեւնույն ժամանակ պահանջելով, որպեսզի 2013թ. հուլիսի 20-ին դադարեցվի անալոգային հեռարձակումը: Սա կարող է խախտել մրցակցության կանոնները: 3. Օրինագիծը ՀՌԱՀ-ի ներկայիս պարտականություններից հանում է տարին առնվազն մեկ անգամ հաճախականությունների պլանը հրապարակելու պարտականությունը: Սա լիցենզավորման եւ մրցույթների ընթացակարգերը, ինչպես նաեւ մուլտիպլեքսների հստակ կարողությունը եւ թիվը անորոշ է դարձնում եւ տարբեր մեկնաբանությունների եւ բյուրոկրատական հայեցողության ենթակա:

4. Հստակ կանոններ չի պարունակում արբանյակային, բջջային եւ ինտերնետային հեռարձակման վերաբերյալ` փորձելով տեսաձայնային լրատվամիջոցների ծառայությունների բոլոր ձեւերն ու տեսակները դնել ՀՌԱՀ-ի լիցենզավորման կամ թույլտվությունների խիստ ռեժիմի ներքո: 5. Սահմանափակում է հեռուստաալիքների թիվը` առանց որեւէ մեկնաբանության: 6. Չի համապատասխանում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության եւ նշանակման միջազգային չափանիշներին: