Մինչ հայ համայնքի հետ հանդիպումը, երեկ Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը, որի ընթացքում, ըստ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության` երկու նախագահները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, տնտեսական համագործակցության, հումանիտար ոլորտում շփումների ակտիվացման հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: «Մենք՝ որպես մոտ գործընկերներ, ռազմավարական դաշնակիցներ, պետք է հաճախակի հանդիպենք: Ըստ էության, մենք հենց այդպես էլ վարվում ենք: Վերջերս Դուք մասնակցեցիք մայիսի 9-ի` ֆաշիստական զավթիչների դեմ այն ժամանակ մեր ընդհանուր պետության Հաղթանակի 65-ամյակի տոնակատարություններին: Ես ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել, որ Դուք այդ օրը մեզ հետ էիք: Դա ցույց է տալիս մեր պետությունների մերձավորության աստիճանը եւ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու հետագա ցանկությունը»,- ասել է Դ. Մեդվեդեւը` Ս. Սարգսյանին տեղեկացնելով եվրոպական գործընկերների հետ իր մի քանի հանդիպումների արդյունքների մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ըստ հաղորդագրության` Ս. Սարգսյանը կարեւորել է նման աշխատանքային հանդիպումները` ասելով. «Կարծում եմ, որ սա լավ ձեւաչափ է: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի եւ այս գեղեցիկ քաղաք այցելելու հնարավորության համար: Դոնի Ռոստովի եւ մարզի հետ հայ գիտական եւ ստեղծագործական մտավորականության մի ամբողջ շարք անուններ են կապված: Այստեղ կա մեծ սփյուռք: Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ռուսաստանի հարավային մասի սփյուռքի ներկայացուցիչների հետ»: Նաեւ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Մեծ հաղթանակի 65-ամյակի միջոցառումների փայլուն կազմակերպման համար. «Ես հպարտ էի. հզոր շքերթը մեր ընդհանուր պատմության եւ մեր մարտական եղբայրության հրաշալի հիշեցում էր»,- ասել է Ս. Սարգսյանը: Ի դեպ, հանդիպման ընթացքում նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` այս տարվա օգոստոսին Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ:
Ս. Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ասել է. «Դոնի Ռոստովն այնքան շատ բան է տվել մեր գրականությանը, մշակույթին եւ քաղաքական մտքի զարգացմանը, որ այստեղ ՀՀ նախագահի խոսքը կարող է հնչել առանձնահատուկ շեշտադրումով։ Նկատի ունեմ, որ իմ թիկունքին են մեծանուն նորնախիջեւանցիները` Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Մարտիրոս Սարյանը եւ շատերը, որոնց անուններն ու գործը նվիրական են բոլորիս համար։ Սա պարտավորեցնող է հատկապես նրանց համար, ովքեր այսօր ճակատագրի բերումով ապրում եւ աշխատում են այստեղ, եւ կոչված են արժանավայել կերպով շարունակելու հայկականության մեծ ու հարուստ այդ ավանդույթները։ Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամուր հիմքերի վրա են եւ, համոզված եմ, այդպես էլ շարունակվելու է։ Այս իրողությունը մեր համայնքների զարգացման համար ակնհայտ առավելություն է եւ բարենպաստ պայման, քանզի կա փայլուն բարեկամություն նոր հայրենիքի` Ռուսաստանի եւ պատմական հայրենիքի` Հայաստանի միջեւ։ Ավելին՝ կա փոխըմբռնման եւ փոխվստահության այնպիսի աստիճան, որը կարող է օրինակ դառնալ շատերի համար»։ Ս. Սարգսյանը հայ համայնքի հետ խոսել է նաեւ երկրի ներքին կյանքի, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման եւ տնտեսության վերականգնման մասին: «Հայաստանում ներքին կյանքը կայուն է: Հակաճգնաժամային միջոցառումները, որ ձեռնարկել էր կառավարությունը, արդեն տալիս են իրենց պտուղները: 2010 թվականի անցած ամիսներին արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճ: Մենք գտնվում ենք վերականգնման փուլում»,- հայտարարել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե տեղական եւ միջազգային փորձագետների գնահատականներով, Հայաստանի տնտեսական աճի ամբողջական վերականգնումը շատ չի ուշանա: «Մենք ելնում ենք այն պարզ ու հանճարեղ սկզբունքից, որ գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատանքն է: Մեր ժողովրդի դարավոր փորձը դա է ցույց տալիս: Մենք սիրում եւ կարողանում ենք աշխատել: Նաեւ աշխատել անբարենպաստ պայմաններում: Ասվածի վառ վկայությունը ձեր աչքի առջեւ է. ես նկատի ունեմ Նոր Նախիջեւանի հիմնադրումը: Մենք բազում արհավիրքներ ենք վերապրել, բազում փորձություններ անցել: «Վերապրել» բառը մեր դեպքում ավելին է, քան դիմակայելը, մենք պարտավոր ենք բոլոր դժվարություններից դուրս գալ ավելի ուժեղացած, ավելի կազմակերպված ու ամրացած: Այլընտրանք պարզապես չունենք»,- ասել է Ս. Սարգսյանը: «Մենք մեր պատմությունն ենք կերտում։ Պատմություն, որ նոր շունչ է առել Հայաստանի անկախացմամբ։ Պատմություն, որի նոր էջերը գրելու ենք բոլորս միասին։ Եվ գրելու ենք լավ ձեռագրով, գրելու ենք այնպես, որ սերունդները հետագայում հպարտանան մեր ձեռքբերումներով։ Ժամանակն աշխատում է նրանց օգտին, ովքեր խելամտորեն են օգտագործում այդ ժամանակը, ովքեր ճիշտ են բաշխում իրենց ուժերը։ Աշխատենք ձեռք ձեռքի տված՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, աշխատենք ճիշտ, եւ ժամանակը կաշխատի մեր օգտին, կդառնա մեր դաշնակիցը»,- հանդիպման վերջում ասել է Սերժ Սարգսյանը: