Մեկ ժամանոց հեռախոսազրույց

02/06/2010

Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը մեկ ժամ տեւողությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Էրդողանը տեղեկություններ է հաղորդել թուրք-իսրայելական արյունալի միջադեպի մասին: Նա հայտնել է Անկարայի մտահոգությունն առ այն, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա, ինչը եւ համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում: Թուրքական կառավարության ղեկավարը նաեւ ներկայացրել է բախման ընթացքում սպանված թուրքերի դիակները, վիրավորներին Թուրքիա վերադարձնելու, մարդասիրական օգնություն տեղափոխող նավերն ազատ արձակելու եւ Գազայի հատվածը վայրկյան առաջ ապաշրջափակելու մասին Անկարայի պահանջը: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքը: Օբաման էլ հավաստիացրել է. «Մենք ջանում ենք այս հարցը լուծել միջազգային իրավունքին եւ Թուրքիայի սպասելիքներին համահունչ կերպով: Այդ ուղղությամբ շարունակելու ենք ջանքեր գործադրել: Հավատացած եմ, որ ինչպես մինչեւ օրս, այնպես էլ այսուհետեւ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունը հանուն տարածաշրջանային խաղաղության շատ մերձ է լինելու: Տարածաշրջանին առնչվող մյուս հարցերը ցանկանում եմ Տորոնտոյում կայանալիք G-20 գագաթաժողովի ժամանակ Ձեզ հետ անձամբ հանգամանալից քննարկել»:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ի գիշերը բախում էր տեղի ունեցել Իսրայելի ռազմածովային ուժերի եւ Գազայի գոտի մարդասիրական օգնություն տանող նավատորմի միջեւ, ինչի հետեւանքով զոհվել է՝ 19 եւ վիրավորվել՝ 30 մարդ: Թուրքիայի վարչապետը իսրայելական զինուժի այդ օպերացիան որակեց իբրեւ պետական մակարդակի տեռոր: Իսրայելի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ այդ նավերի իրական նպատակը եղել է մաքսանենգորեն զենք-զինամթերք տեղափոխելը: Իսրայելական իշխանությունները հրապարակել են ուղղաթիռից կատարված նկարահանումներ, որոնք ապացուցում են, որ Գազա ուղեւորվող նավերից մեկի` թուրքական «Mavi Marmara» նավի վրա տեղի ունեցած արյունալի միջադեպի մեղավորը ուղեւորներն են: Տեսաձայնագրությունից հստակ երեւում է, թե ինչպես են նավի ուղեւորները դանակներով ու մետաղաձողերով հարձակվում իսրայելցի դեսանտայինների վրա: Հրամանատարությունը մարտական զենք կիրառելու հրաման է արձակել միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ իսրայելցի զինվորականների կյանքին վտանգ է սպառնում: