«7 օրի» փոխանցմամբ` ըստ Գյումրիում շրջանառվող հավաստի լուրերի` Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը կադրային լուրջ փոփոխություններ է իրականացնում մարզպետարանում: Մասնավորապես, մարզպետն իր մարդկանց է փորձում նշանակել առանցքային այն վարչություններում, որոնք տիրապետում են նշանակալի ֆինանսական ու վարչական լծակների եւ մեծ դերակատարում են ունենում ընտրությունների ժամանակ իշխանությունների օգտին ձայներ հավաքագրելու առումով: Այդպիսիք են համարվում Շիրակի մարզպետարանի Կրթության, Մշակույթի, Սպորտի եւ առողջապահության վարչությունները: Կայքի տեղեկությունների համաձայն` առաջիկայում պաշտոնանկ են արվելու վերոհիշյալ վարչությունների պետերը:
Մասնավորապես պաշտոնանկվելու է Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը, որի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է մարզպետարանի Տարածքային կառավարման վարչության պետ Կառլեն Աբրահամյանը: Զբաղեցրած պաշտոնից զրկվելու է նաեւ Առողջապահության վարչության պետ Սամվել Ղազարյանը: