«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը երեկ Թեքեյան մշակութային միությունում համաժողով է անցկացրել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծի շուրջ: Նախապես այս համաժողովին հրավիրված է եղել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, սակայն միջոցառման նախաձեռնող խումբը հայտնել է, որ համաժողովի կազմակերպիչները պաշտոնական տեսակետը եւս մեկ անգամ հնչեցնելը նպատակահարմար չեն համարում: Այդ իսկ պատճառով երեկ ԿԳ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասված էր. «Վստահ ենք, որ նման մոտեցումը սահմանափակում է հարցի շուրջ կառուցողական երկխոսության եւ առողջ քննարկումների հնարավորությունը, եւ մեզ մնում է միայն ափսոսանք հայտնել, որ համաժողովի կազմակերպիչները նպատակ ունեն միայն «համակողմանիորեն ներկայացնել մասնակիցների անհամաձայնությունը»: Այս առնչությամբ նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը երեկ ասել է, թե իրենց համաժողովի նպատակը խնդիրը տարբեր կողմերից քննարկելը չէ. «Սա նախագծին դեմ արտահայտվող մարդկանց կողմից բողոքի յուրատեսակ դրսեւորում է, որը, հաշվի առնելով փաստը, որ նախաձեռնության անդամները հիմնականում մտավորականներ են, արտահայտվում է համաժողովի տեսքով: Մենք շատ լավ գիտենք նախարարի պաշտոնական տեսակետը եւ կարիք չունենք եւս մեկ անգամ լսել այն: Մեր համաժողովի նպատակը բանավեճը չէ»: Իսկ նախաձեռնող խմբի անդամ Վահան Իշխանյանն էլ ասել է, թե նախարար Արմեն Աշոտյանի կարծիքները բազմիցս լսել են մի քանի հեռուստատեսություններով: «Մասնավորապես Հանրայինով, եւ ասեմ, որ Հանրային հեռուստատեսությունը, որը պետք է բազմակարծություն ապահովի, դա չի արել եւ իսկապես միայն Աշոտյանի տեսակետներն է հեռարձակել: Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր այս համաժողովով իրենց բողոքն են արտահայտում օտարալեզու դպրոցների բացմանը, եւ պետք է կանխեն Հայաստանի անկախությանը հարված հասցնող այդ վտանգավոր նախաձեռնությունը: Աշոտյանը եթե ցանկություն ունի, նրան հրավիրել ենք, կարող է գալ այստեղ` հանդիսատեսի կարգավիճակով, ու լսի ելույթ ունեցողներին, որոնք իր ասածների բոլոր հակափաստարկներն են բերում։ Մենք կարիք չենք զգում, որ նա այստեղ ելույթ ունենա»:
«Իսկապես, այսօր տխրահռչակ եւ օրհասական վիճակ է ստեղծվել: Օտարալեզու դպրոցների հարցի շուրջ չպետք է վիճել, այն էլ՝ մեր անկախության 20-րդ տարում: Դա ծաղր է, որը փաթաթել են մեր վզին»,- համաժողովում հայտարարել է ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը: «Հայոց լեզուն դարձնում են խոհանոցի լեզու: Ասում են` շուկայում, փողոցում ու խոհանոցում հայերեն խոսեք, իսկ գիտությամբ զբաղվելիս` անգլերեն: Այդ մարդն իրավունք չունի բարձր պաշտոն զբաղեցնելու եւ դպրոց մտնելու»,- հավելել է նա: Իսկ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանն էլ նշել է, որ յուրաքանչյուր ժողովրդին ձուլելու հեշտ ճանապարհը օտարալեզու դպրոց բացելն է. «Սա եւ՛ օրհասական է, եւ՛ ճգնաժամային, եւ՛ հայ ժողովրդի համար մարտահրավեր է: Որ օրը կորցնենք մեր հայկականությունը, այն օրը կկորցնենք մեր անկախությունը»: Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանն էլ չի կարողանում հասկանալ, թե ինչու է կառավարությունը հարցն այս փուլում բարձրացնում. «Հայերենի հաշվին օտար լեզու բացելը շատ անտրամաբանական է եւ վտանգներով լի: Դա արտաքին ուժերի պարտադրանք է, սակայն ամեն պարտադրանք չպետք է կատարվի»,- ասել է նա` ՀՀ կառավարությանը հիշեցնելով, որ «լեզուն գույք չէ պարտքի դիմաց»: