Անհամամասնական Հայաստան

02/06/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վերջին տարիներին, ըստ ազգագրագետների, Հայաստանում խիստ բացասական վերաբերմունք կա Երեւանի հանդեպ: Երեւանի ու երեւանցիների հանդեպ: Գավառական մեծ ու փոքր քաղաքներից մայրաքաղաք եկած մարդու համար դժվար է: Դժվար է ու ցավալի՝ տեսնել մայրաքաղաքն իր աշխույժ կյանքով, գիշերային լուսավորությամբ: Վերջին մեկ-երկու տարին մասնագիտության բերումով հայաստանյան շատ բնակավայրերում եմ եղել: Առանց բացառության, ամենուր լսել եմ նույն ձեւակերպումը. «Մեր մոտ կյանք չկա, կյանքը Երեւանում է»: Բացառությամբ, իհարկե, այն բնակավայրերի, որոնք կարելի է տուրիստական որակել: Այսինքն՝ այն բնակավայրերի, ուր ամառային կամ ձմեռային հանգիստ-զվարճանք են անցկացնում մայրաքաղաքից եկածները: Խոսքը Ծաղկաձորի, Սեւանի ու Ջերմուկի մասին է միայն: Մյուս բոլոր բնակավայրերը թշվառության պատկեր են մարմնավորում ու հուսահատություն ծնում: Մեր կառավարությունը մարզային բնակավայրերում արտագնա նիստ անելը բնավորության պես բան է դարձրել: Նախարարաց ու հարակից համապատասխան կազմով գնում են որեւէ քաղաք, նիստ են անում ու մեծ-մեծ խոստումներ տալիս: Գյումրին, կարծեմ, տիեզերահռչակ տեխնոպարկ պիտի դարձնեին: Դիլիջանը` ֆինանսական կենտրոն: Զանգեզուրը` Սասնա Ծռերի Որսասարի պես մի բան: Եվ այլն: Այս ամենին հետեւող որեւէ մեկի համար դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում են մարզային քաղաքները: Չնորոգված ու չլուսավորվող փողոցներով, այգի հիշեցնող անխնամ տարածքներով: Կառավարությանն, իհարկե, կարելի է առաջարկել արտագնա նիստ անել, օրինակ, Դաստակերտ քաղաքում: Վերջին քսան տարին այս քաղաքը հաստատ բարձրաստիճան հյուր չի ունեցել: Բայց ես նման առաջարկ չեմ անի: Արտագնա նիստը շատ թանկ կնստի պետբյուջեի վրա: Բոլոր ավտոմեքենաները հիմնական նորոգման կկանգնեն: Դաստակերտ տանող ճանապարհը վերջին անգամ հավանաբար 70-ականներին է նորոգվել:

Կառավարությունն էլ ամբողջ կազմով ընկճախտի մեջ կընկնի: Դաստակերտում եղած ամեն մարդ վստահաբար կպնդի, որ Տարկովսկին իր «Ստալկեր» ֆիլմն այստեղ է նկարահանել: Նույն լքված գոտին է` դատարկ տներով, կամ բնակիչներ ունեցող շենքով, որի երկրորդ հարկի պատի վրա ծառ է աճում: Ու այլ սահմռկեցուցիչ տեսարաններով: Ես, իհարկե, բերեցի ամենադաժան օրինակը: Դաստակերտ քաղաքն, անխոս, Հայաստանի ամենաթշվառ բնակավայրն է: Բայց մյուսներն էլ մի վիճակի չեն: Մայիսյան վերջին օրերը անցկացրեցի Գյումրիում: Կենտրոնն ավելի վատ վիճակում է, քան քսան տարի առաջ: 19-րդ դարի սրբատաշ առանձնատների ու հասարակական շենքերի թաղամասերը 88-ի երկրաշարժից հետո չեն նորոգվել: Բացառությամբ մի քանի խոշոր փողոցի, որոնցով արտագնա նիստ անելու է գնում կառավարական ավտոշարասյունը: Գյումրիի հանրահայտ քաղաքապետը քաղաքը հեղեղել է իր ճաշակի ու անհասկանալի արձաններով ու արձանախմբերով: Գյումրեցիները պնդում են, որ բոլոր արձանախմբերի կենտրոնական կերպարները դեմքով իրենց քաղաքապետին են հիշեցնում: Թոռնիկներին գրկած գյումրեցի պապիկի արձանից՝ մինչեւ Սուրբ Վարդան Մամիկոնյանի արձանը: Ու հնարավոր է, որ սրանում ճշմարտության հատիկ կա: Բայց դա չէ էականը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ գործազրկության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի մարզինն է: Իր՝ մարզկենտրոն ու բնակչությամբ հայաստանյան երկրորդ քաղաք համարվող Գյումրիով: Էականն այն է, որ մութն ընկնելուն պես այս քաղաքն էլ է ամայանում:

Մայիսի 27-ի գիշերը Երեւանը տժժում էր: Կարապի լճի հարեւանությամբ ուղիղ եթերով համերգ էր: Երեւանյան սրճարաններում հետեւում էին «Եվրատեսիլին»: Ճիշտ նույն ժամին մայրաքաղաքից ժամանած լրագրողների, քաղաքագետների ու հասարակական գործիչների մի փոքր խումբ Գյումրիի փողոցներն էր չափչփում: Դատարկ ու վատ լուսավորված փողոցները: Բաց սրճարան էին փնտրում: Չգտան:

Աշխատատեղ ու աշխատավարձ չունեցող քաղաքում մութն ընկնելուն պես կյանքը դադարում է: Անգամ մթերային խանութներն են փակվում: Փակ էր անգամ հանրահայտ «Պոլոզ Մուկուչ» գարեջրատունը, որի ճիշտ դիմացի մայթի շենքին փակցված ու լուսավորված ցուցանակ կար: Ցուցանակի վրա գրված էր, որ դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի գրասենյակն է: Լավ է, որ ցուցանակը լուսավորված էր: Լապտերի լույսն «ակամա» քարուքանդ մայթի մի քանի մետր էր լուսավորում: Գիշերային Գյումրիում զբոսնող մարդը կհամոզվի, որ այս տարածաշրջանում զբոսաշրջություն զարգացնելու մասին խոսողներն անուղղելի երազողներ են: Գյումրիում, իհարկե, քիչ թե շատ հարմարավետ երկու-երեք հյուրանոց կա: Բայց մյուս ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են: Եվ այդ հյուրանոցներում, եւ քաղաքային սրճարաններում ու այլ հաստատություններում սպասարկման մակարդակը նախնադարյան է: Իհարկե, դա իր բացատրությունն ունի: Չկա պահանջարկ: Հետեւաբար` չկա սպասարկման որակ: Ճիշտ այնպես, ինչպես հայաստանյան մյուս բնակավայրերում: Որոնք հերթով ու կառավարության որոշմամբ որեւէ ոլորտի գծով տիեզերական կամ տարածաշրջանային կենտրոն են հայտարարվում: