Կապանի երկաթուղային կայարանում լռություն է տիրում: Երբեմն լսվում է մարդկանց աղմկոտ անցուդարձը, ովքեր հիշում են Կապանի արդյունաբերական անցյալը:
«Առաջվա Ղափանից մի կոմբինատ ա մնացել, էդ էլ ծախեցինք-պրծանք: Արտասահմանցու ի՞նչ վեջն ա, որ ղափանցին տուժում ա: Դե մերոնց գլուխներն էլ յուղում են, ասում են` մեր սեփականությունն ա, կարող ենք փակել-գնալ: Պաշտոններից վախեցած մարդիկ են»,- ասում են Կապանի կենտրոնական հրապարակում հավաքվածները` սրտնեղելով այն փաստից, որ Կապանի միակ սնուցող` նախկին Լեռնահարստացման կոմբինատում ինչ ուզում՝անում են: «Հիմա էլ ասում են` Շահումյանի հանքն են բացելու: Իսկական աղետ է լինելու: Ես երկար տարիներ աշխատել եմ կոմբինատում: Պաշարները շատ-շատ են: Արդեն մի քանի տարի ա` ռազվեդկա են սկսել: Իսկ էդ ռազվեդկան ոսկու համար ա: Շահումյանում ամենաշատը ոսկին ա: Ում ուզում են՝ խաբեն, բայց ոչ ղափանցուն»,- ասում էր տարեց կապանցիներից մեկը` այդպես էլ չհասկանալով, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները նման անթույլատրելի քայլ թույլ տալիս, ինչպիսին է Շահումյանի բազմամետաղային հանքը բաց եղանակով շահագործելը: «Պատճառը շա՜տ պարզ ա` բաց հանքն ավելի էժան ա նստում իրենց ջեբերի հետի, բա մեր առողջությո՞ւնը: Ուղղակի հետաքրքիր ա` ինչի՞ սաղ մասնագետներին հանեցին: Էսօր խելքը գլխին մի մասնագետ չունեն»,- զարմացած միմյանց հարցնում էին կապանցիները` մատնացույց անելով Շահումյան բանավանը:
Շահումյանը դատարկվում է
Շահումյան բանավանը Կապանից ընդամենը 6,5 կմ հեռավորության վրա է գտնվում: Ճանապարհին տաքսու վարորդը հերթով ցույց էր տալիս կոմբինատի պայթեցումներից առաջացած ճաքերը: Բնակիչներից ոմանք դեռեւս հիշում են, թե հանքի պայթեցումների ժամանակ պահարանի սպասքն ինչպես էր տեղից տեղ շարժվում: Ասում են` պայթեցումների ժամերն արդեն անգիր գիտեին ու նախապես պատրաստվում էին: «Առաջ սավսեմ ուժեղ էր: Դաժե մեզ մոտ էր լսվում: Գետինը դղրդում էր»,- ասում է Ալյոշա պապը, ով, արդեն 74 տարի է` ապրում է բանավանում: «Էն ժամանակ` 1930-ականներին, ֆրանսիացիների ձեռքին էր: Կավարտի ու Շահումյանի հանքերն էին աշխատեցնում: Էս կոչվում էր բանվորների ավան: Հատուկ սարքեցին: Մինչեւ երկիրը քանդվեց»,- ասաց Ալյոշա պապը, ով այսօր ապրում է Շահումյանի ներքին հատվածում, որտեղ բնակիչներն ապրում են փայտյա տնակներում, ավելի ճիշտ` դոմիկներում: «1968թ. երկրաշարժից հետո բնակիչներին ապահովեցին էս դոմիկներով: Հիմա ասում են` բաց կարիեր են ուզում անել: Ես չգիտեմ: Ես չեմ ուզում գնալ: Ով կթողնի էսպիսի այգին ու գնա: Ինչ էլ ուզում ա լինի` ես մինչեւ նոյեմբեր մնալու եմ էստեղ: Ինձ փող պետք չի: Ինձ իմ այգին ա պետք»,- դառնությամբ խոսում էր շահումյանցի պապը` թվարկելով իր աճեցրած մրգատու ծառերը: «Բացի մանդարինից, ապելսինից ու բանանից, ամեն ինչ ունեմ: Ոտներս դեմ ենք տալու, որ մի քանի տարի էլ մնանք: Բայց եթե բաց կարիեր (ժողովրդական լեզվով` հանք.- Մ.Մ.) են անում` խի՞ եք թույլ տալիս, որ անեն: Դուք գիտե՞ք, որ էդ դեպքում սաղ Ղափանին վնաս ա: Հանքի 40%-ը արճիճ ա: Էդ էլ ուրանի նման բան ա: Եթե 150 տարի ա՝ հանում են, ինչի՞ չեն նույն ձեւով շարունակում: Խի՞ են բացում հանքը: Կարգին մասնագետ չոնի՞ն»,- ասում է դառնացած պապը` պատուհանից նայելով բակի վարդենուն: «Ես իմ տունն արդեն ծախել եմ: Դե մի չնչին գումար են առաջարկել` 3 միլիոն դրամ: Մի քիչ էլ մենք ենք դրել ու տուն ենք առել Աշոտավանում»,- նշում է մյուս զրուցակիցս` տիկին Սիրուշը` ուղեկցելով դեպի տուն: Վերջինս մատնացույց է անում պայթեցումների հետեւանքով խոհանոցում առաջացած փոսը: «Ամեն անգամ բերում-հող ենք լցնում, բայց մեկ ա` շուտ նստում ա: Էլ ի՞նչ արած` մի ամսից պիտի գնամ»,- ասում է նա: Շահումյանցիներից շատերն այսօր այս կնոջ պես վաճառել են իրենց տներն ու մոտ մեկ ամիս հետո, ըստ պայմանագրի, լքելու են իրենց տները: Որոշ տներ արդեն քանդել են: Դեռեւս Խորհրդային Միության տարիներին այս տարածքը համարվել է վթարային գոտի: Այդ պատճառով էլ սովետական իշխանությունները բանվորական թաղամասեր են կառուցել Կապանում` բնակիչներից շատերին բնակարաններ տրամադրելով: Անկախ այս հանգամանքից, սակայն, Շահումյանի բնակիչները հավատարիմ են մնացել իրենց հողին: «Ջհանդամը հանքը բացեցին: Էս ի՞նչ օրն են գցել ինձ»,- բարկացած ասում է Ասյա տատը` Շահումյանի 78 տարվա բնակիչը: «Ախր, սաղիս առողջությանն ա վնաս»,- ասում է տատը` արցունքից ջրակալած աչքերը հառելով վերմակը շուլալող հարեւաններին, ովքեր բողոքում էին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ից` հանքը բաց եղանակով շահագործելու համար: «Հատկապես Ղափանում ժողովուրդը ճնշման պրոբլեմներ ունի: Բա դեռ հանքը փակ ա, իսկ եթե բացե՞ն»,- ասում էր տիկին Ռամելան, ով նույնպես արդեն վաճառել է իր տունն ու պատրաստվում է քաղաք տեղափոխվել: «Ճար չկա: Պիտի գնանք: Առաջվա համեմատ ճաքերն ավելի են շատացել: Արդեն վտանգավոր ա էստեղ ապրելը»,- հարեւանների հայացքները որսալով` նկատում է տիկին Ռամելան: Բոլորի աչքերում նկատելի էր հուզմունքը, ապագայի նկատմամբ անորոշությունը:
Քիչ հեռու իր տան բակում հանգիստ նստել էր պարոն Սեյրանը: Տարիներ առաջ բժիշկները հեռացրել էին նրա մի ոտքը: Այս մասին, սակայն, նա այլեւս այնքան ցավով չի խոսում, որքան վերջերս տան վաճառքից իրեն տրված խղճուկ գումարի մասին: Ասում է` բնակիչների գույքը անարդարացիորեն են գնահատել. «Տեսեք` ձեռագրերս են… Ա՛յ, էս տանն էլ ծնվել եմ: Տատմերս հենց մեր հարեւանն էր: Մորս չհասցրեցին հիվանդանոց տանել: Ո՞նց գնամ էս տնից…ասեք… Իրենց տված փողով հազիվ մի բուն ենք առել Շղարշիկ գյուղում, ու էդտեղ պիտի ապրենք 6 հոգով»,- ձեռնափայտերին հենված` իր կառուցած տան պատերը մատնացույց անելով՝ ցավով նշում է Շահումյանի վաղեմի բնակիչը: «Էնքան վատ պայմաններում ենք ապրում: Էն ժամանակ, երբ եկան ծառերը գնահատեցին` ստացած փողը տվեցինք ամուսնուս բուժմանը: Հիմա էլ… Տղաս 6 երեխա ունի` 3 աղջիկ, 3 տղա: Ո՞ւր ա քո պետությունը: Ախր, ստացած նպաստով հազիվ կոշիկ են առնում»,- իրավիճակը ներկայացնում է պարոն Սեյրանի կինը` տիկին Թամարան` գորովանքով նայելով թոռներին, ովքեր պապիկի կողքին լուռ նստած՝ հետեւում են զրույցին: «1998թ. Երեւանից եկանք էստեղ: Տղաս պատերազմում զոհվեց: Սկզբում ապրում էինք ժեշտերով փակված տնակում, հիմա էլ` մի բուդկա-վագոնիկում: Մեր տունը չեն առնում: Ասում են` դա շինություն չի: Մենակ գոմն ու բաղնիքն են գրել: Իսկ ծառերից էլ ոչ մի գումար չենք ստացել: Համ սխալ են հաշվարկել, համ էլ չեն վճարել` պատճառաբանելով, որ փաստաթղթերն ուշացրել ենք: Դա պատճառ չի»,- ասաց տիկին Ամալյան, ում որդու արյան գնով այդ մարդիկ ձեռք են բերել այսօր հանքը խաղաղ շահագործելու հնարավորությունը: «Է՜, հերթով գնում ենք: Մենք էլ ենք արդեն մեր տունը ծախել: Այ բալա, Շահումյանը դատարկվում ա»,- բակի թթենու տակ, մարած օջախի մոտ նստած` ասում է Արմենուշ տատը, ում հարեւանությամբ տներն արդեն դատարկվել են: «Մինակ թե կարիերի ռըխը չբացին: Բայց կբացե՞ն..»,- վախով հարցնում են բոլոր շահումյանցիները:
«Բաց հանքը մեր ապագա՞ն է»
«Բաց հանքի մասին խոսելը դեռեւս շատ վաղաժամ է, որովհետեւ այդ մասին պետք է խոսել այն բանից հետո, երբ ընկերությունը միանշանակ հայտարարած կլինի իր մտադրության` բաց մշակման եղանակին անցնելու մասին: Առայսօր նման բան տեղի չի ունեցել: Ընկերությունն ընդամենը նախանշել է, որ այնտեղ կա մշակման անցնելու պոտենցիալ, որն էլ այսօրվա դրությամբ ուսումնասիրվում է»,- Շահումյանի բազմամետաղային հանքը վերգետնյա եղանակով շահագործելու մասին մեզ հետ զրույցում նշեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի Կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը, այնուամենայնիվ, նկատելով, որ հանքը բաց եղանակով շահագործելու բոլոր նախադրյալները կան: «Դեռեւս մենք ինքներս վստահ չենք, որ բաց հանքը վերջնականորեն լինելու է, չնայած շատ լուրջ նախադրյալներ կան դրա համար: Նախնական տվյալները խոստումնալից են, տպավորիչ»,- ավելացրեց Ն. Աղայանը: Այն հարցին ի պատասխան, թե արդյոք լուրջ նախադրյա՞լ է Շահումյան բանավանի, այսպես ասած` ամայացումը, Ն. Աղայանը նկատեց, որ այդ քայլից հետո ընկերությունը լրացուցիչ հետախուզում պետք է անցկացնի` բաց հանքի պոտենցիալը ուսումնասիրելու նպատակով. «Երբ մենք կհայտարարենք, որ բաց հանքը, այո՛, այս հանքի ապագան է, դրանից հետո կարող ենք ակտիվ քննարկել հարցը»: Ըստ Ն. Աղայանի` փակ հանքը սահմանափակ կյանք ունի, ուստի պետք է գիտակցել, որ բաց հանքն այս ընկերության եւ ընդհանրապես համայնքի ապագան է: Մեր հարցին, թե արդյոք այդ ամենից հետո Կապանը բնապահպանության տեսանկյունից չի՞ հայտնվի Քաջարանի պես ծանր վիճակում, Ն. Աղայանը պատասխանեց. «Խորհուրդ կտայի նման հայտարարություններ անողներին վաղաժամ հայտարարություններ չանել: Բաց մշակման անցնելու պարագայում մեր ընկերությունը, ինչպես նախկինում, այդպես էլ ապագայում, կատարելու է օրենքով նշված բոլոր պահանջները: Բնապահպանական աղետ հաստատ չի լինելու»: Ի դեպ, նշենք նաեւ, որ ընկերությունն արդեն Շահումյան բանավանի բնակիչների շուրջ 70%-ի հետ առքուվաճառքի պայմանագրեր է կնքել, որոնց համաձայն` գումարը փոխանցելուց մեկ ամիս անց բնակիչները պետք է ազատեն իրենց տները: «Մենք նաեւ հնարավորություն ենք տալիս նրանց իրենց ձեռքով քանդելու իրենց տները, որի արդյունքում ձեւավորված շինանյութը նրանք կարող են փոխադրել այլ վայր եւ հետագայում օգտագործել այն»,- ընդգծեց Ն. Աղայանը: Ի պատասխան Շահումյանի բնակիչների բողոքների` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ աշխատակիցը ամենայն հանգստությամբ նշեց, թե, այնուամենայնիվ, գոյություն ունի նաեւ բողոքարկման գործընթաց, եւ մարդիկ կարող են բողոքարկել:
Ինչպիսի՜ մեծահոգություն` մարդկանց հնարավորություն է տրվել սեփական ձեռքերով քանդել իրենց տները…
Թեեւ բնակիչները լավագույնս պատկերացնում են բնապահպանական հնարավոր բոլոր վնասների մասին, այնուամենայնիվ, մենք այս կապակցությամբ ճշտեցինք նաեւ Կապանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի տեսակետը: «Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունի հանքարդյունաբերության երկու տեխնոլոգիա` ստորգետնյա եւ վերգետնյա: Քանի որ վերգետնյա արդյունահանումը ուղեկցվելու է պայթեցումներով, փոշու հսկայական ամպ է բարձրանալու վերեւ, որը քամու միջոցով տարածվելու է: Դա արդեն շրջակա միջավայրի աղտոտում է` հաշվի չառնելով նույնիսկ քիմիական էլեմենտների տարածումը»,- ասաց Ա.Ավագյանը: