Բնության օրինաչափություններն անքննելի են: Երկրաբաններն ասում են` տիեզերքը կենդանի օրգանիզմ է. երբ մենք խախտում ենք այդ օրգանիզմի կենսագործունեությունը` արհավիրքների, աղետների հետ առճակատում ենք ունենում: Բնության հետ անխնա վերաբերմունքը դրսեւորվում է նաեւ մարդկության դեգրադացման երեւույթով: Մարդու արարումն ու էությունն անմիջականորեն կապված է բնության բնականոն կենսագործունեության հետ: Որքան քարակերտ ու պարսպապատ միջավայր ենք ստեղծում` այնքան անսիրտ ենք դառնում, այլ կերպ ասած` խաթարում ենք մեր հոգեկան ներդաշնակությունը: Որքան մեր միջավայրում պակասում է բնությունն, այնքան մենք՝ որպես պոտենցիալ արարողներ, կորցնում ենք արարելու, ստեղծագործելու հատկությունը: Մայրաքաղաքը դարձրել ենք մարմարապատ, բետոնապատ «գերեզմանոց», որտեղ մարդիկ ապրում են «հին ու բարի ժամանակների» ողորմաթաս հիշեցնող հուշերով ու հիշողություններով: Հին քաղաքը թաղել ենք բետոնապատ ծածկույթի մեջ, իսկ նորին, մոլորված, փնտրում ու չենք գտնում:
Մայրաքաղաքի արվեստագետներից շատերն ինքնարտահայտման իրենց տարածքը գյուղում են գտնում: Գյուղը ֆանտաստիկ ներշնչանք է, որտեղ մարդ գտնում է ինքն իրեն: Գյուղի թթվածինն իր փիլիսոփայությունն ունի, որը մարդուն մաքրելու, ինքնարժեւորվելու ու ամեն ինչ նորից սկսելու մարտահրավեր է նետում: Քանդակագործ Աշոտ Հարությունյանը մեր քաղաքի արվեստագետներից շատերի պես մի օր հասկացավ, որ միջավայրի մեջ միջավայր ստեղծելու համար ընդամենը երեւակայություն ու եռանդ է պետք. «Իմ գործերի ցուցահանդեսն իմ տանն է, իմ այգում (Արարատի մարզի Խաչփար գյուղում): Շուրջօրյա է, ում հետաքրքիր է` գալիս-նայում է: Ցուցահանդես բաց երկնքի տակ, որտեղ ամեն ինչ կա կյանքի հրաշքը վայելելու համար»: Կանաչ գոտու մեջ տեղադրված մետաղական կոնստրուկցիաներից ստացված ֆիգուր-քանդակները, որոնք հողի մակերեսին գտել են իրենց մշտական տեղը` զարմանալի արտացոլանք են ստանում անձրեւից, արեւի ճառագայթներից, լույսից ու ստվերից: Հողի անսահմանափակ տարածությունը երկիմաստ խնդիր է դրել` ի ցույց դնելով տիեզերական արարչագործության ու մարդկային ստեղծագործության միջեւ եղած ուղիղ կապը: «Ես էլ տաղանդավոր նկարիչ-քանդակագործ մեր շատ տղերքի նման քաղաքում ինքնարտահայտվելու խնդիր ունեի: Այսինքն, մի դեպքում՝ սոցիալական կյանքը պարտադրում է կենցաղային հարցեր լուծելու համար ադապտացվել իրականության մեջ, իսկ մյուս դեպքում` արվեստը դավաճանություն չի սիրում: Ես ճանապարհը գտա, այսինքն` էն, ինչ որ սովորել եմ Թերլեմեզյանում, Գեղարվեստի ինստիտուտում, դարձավ ինձ համար «փեշակ», իսկ քանդակներ անելու իմ ստեղծագործական ճանապարհը մնաց անդավաճան, որովհետեւ մեկը մյուսի համար ճանապարհ բացեց»,- պատմում է Ա. Հարությունյանը, ով գտել է այն բանալին, որով կենցաղի եւ արվեստի դռները միաժամանակ բացում է: Քանդակագործության մեջ անդավաճան մնալու հարցում Ա. Հարությունյանին օգնության է եկել «փեշակը», այսինքն` արհեստը, որի միջոցով գերեզմանաքարեր է տաշում եւ «ինքնաֆինանսավորում» է այն, ինչ կոչվում է ժամանակակից արվեստ: Ընդհանրապես Ա. Հարությունյանի մեջ կարծես երկու մարդ լինի. մեկն՝ աշխատող, մյուսն` արարող: Այդ երկուսն իրար օգնում, աջակցում են: Ապրելու ու կենցաղավարության հարցերը լուծելու համար Աշոտն իր մեջ արթնացնում է գերեզմանաքար տաշողին, իսկ արարելու համար` քանդակագործին: Ու էսպես հաշտ ու խաղաղ երկուսն էլ ապրում են Աշոտի մեջ ու ամուր պահում արվեստին չդավաճանելու սկզբունքը: «Շքեղ գերեզմանաքարեր ունենալու հայերի մոլուցքը իմ ուղեղի մեջ չի տեղավորվում: Մարդկանց մեջ ամենաշքեղ ու ամենածախսատար գերեզմանոց կառուցելու մրցակցություն կա: Պատրաստ են հանգուցյալի վրա մի ամբողջ կարողություն ծախսել: Զարմանալին այն է, որ կենդանության օրոք մենք էնքան անտարբեր ենք իրար հանդեպ, բայց երբ մեկին կորցնում ենք…»,- ասում է Ա. Հարությունյանը` նշելով, որ գերեզմանաքարերի պատվիրատուների պահանջների վրա հիմնվելով՝ կարելի է լուրջ ուսումնասիրություն կատարել այսօրվա հասարակության արժեհամակարգի, ճաշակի ու մարդկային հատկանիշների վերաբերյալ: Օրինակ` երբ քանդակագործը հետաքրքիր էսքիզներ է առաջարկում` պատվիրատուն, որպես կանոն, հրաժարվելով այդ գաղափարից՝ թելադրում է իր պատկերացումները: Մեզ մոտ, չգիտես ինչու, բոլորը ցանկանում են հանգուցյալի տապանաքարի վրա վերարտադրված տեսնել կենդանության օրոք կրած նրա ոսկյա «ծանրաքաշ» ձեռնաշղթան կամ առհասարակ զարդեղենը: Կարեւոր է նաեւ մականունը հավերժացնող հետմահու դրոշմը: Հանգուցյալի հարազատների մյուս գերեզմանոցներից մի թիզ ավելի տարածություն սփռելու կամ մի թիզ ավելի բարձրության հուշաքար տեղադրելու մոլուցքը գուցեեւ մեր ագահության եւ նյութապաշտության վկայությունն է: Այդուհանդերձ, քանդակագործ Ա. Հարությունյանը համարում է, որ մենք` հայերս, վաղուց հրաժարվել ենք զարգացման հեռանկարից եւ հարմար տեղավորվել ենք հնից կառչելու տաքուկ «բարուրի» մեջ, որտեղ ապրելու համար մեզնից համարձակություն, նորարարություն ու մտածելու կարողություն չի պահանջվում: Բացասական երեւույթներով հագեցած այս ժամանակի ձեռքը սեղմել ենք, որպես խոնարհ հաշտարարներ, եւ ըմբոստության ճիչեր արձակելու փորձեր չենք անում:
Քաղաքի դեմքը որոշում են «ռոճիկից» կախված մի խումբ մարդիկ
Գյուղում Ա. Հարությունյանն աշխատում է իր մեջ արթնացնել աբստրակտ քանդակագործին: Ըմբոստ ու ընդվզող քանդակագործը «սանիտարի» պես գնում երկաթի հետ գործ ունեցող գործարաններից, ջարդոնների կետերից ժանգոտ մետաղները հավաքում, կենտրոնացնում ու սկսում է ձեռքերի հետ «երկխոսության» միջոցով նրանց «վերակենդանացնել»: Մի դեպքում՝ «փեշակ» ունեցողը մարդու կյանքը հավերժացնելու «վերջակետ» տապանաքար է դնում, իսկ մյուս դեպքում` արվեստագետն անպիտան մետաղները կենդանացնում-վերաիմաստավորում է: Ա. Հարությունյանն ասում է, որ աշխարհի բոլոր իրենց հարգող մայրաքաղաքները հրաշալի արվեստի կենտրոններ ունեն, որոնք հագեցնում են հասարակության մշակութային պահանջները: Իրականացվում են ցուցահանդեսներ, բիենալեներ, պերֆորմանսներ, մշակույթը մատուցելու նոր մեխանիզմներ են ստեղծվում, մինչդեռ այն, ինչ կատարվում է մեր մայրաքաղաքում` նոնսենս է… Հնի կրկնություն, միջակություն ու վերադարձ դեպի անցյալ: Ասում է` «Կիրթ մարդիկ միշտ էլ սիրում են նորը, որովհետեւ նորը միշտ քննարկման, խոսակցության, լուծումներ փնտրելու, գտնելու խնդիր է դնում: Հետաքրքրվողները գալիս են ինձ մոտ աբստրակտ քանդակների հետ շփվելու: Ինձ համար կիրթ մարդն ամենեւին էլ ակադեմիական կրթությամբ դիպլոմավոր լինելը չէ: Կիրթ ու գրագետն այն մարդն է, որն իր զգայական ու մտավոր դաշտով նորի պահանջ ունի: Նոր բանը հարցականների, մտածելու շատ խնդիրներ է դնում, իսկ էն մարդը, որը մտածելուց չի վախենում` ուզում է տեսնել էն, ինչը նոր է: Ընդհանրապես հնից կառչելու վախը մեր մոտ պաթոլոգիկ է, դրա համար էլ` ամենուր ճահճացում է գնում: Էսօրվա մեր տաղանդավոր նկարիչ տղերքը դրսերում ցուցահանդեսներ են անում, կատալոգներ են տպում, ինքնարտահայտվում են, իսկ էստեղ` հնի հիշողությունով գոյատեւող հասարակություն է, որովհետեւ իրեն նորը մատուցելու առաքելություն կատարողները փակել են էդ նորի դռները ու պլպլան սկուտեղով էն հինն ուզում են նորովի մատուցել: Սկուտեղը փայլում է, բայց նյութը հին, նույնն է»: Երկրի առաջին դեմքերի մշակութային ճաշակի վրա շատ չի կենտրոնանում, որովհետեւ նրանց ինֆորմացվելու խողովակը տասնյակ խորհրդականների ու վարչության պետերի «կաբինետներն» են, որտեղ աշխատավարձ են ստանում հասարակական պահանջի եւ առաջին դեմքերի կապն ապահովելու համար. «Մասնավորապես կերպարվեստի հետ շփվելու կուլտուրան իսպառ բացակայում է: Ամեն ինչն իր կուլտուրան, ավանդույթն է պահանջում: Հավանաբար փոքրուց չեն գնացել պատկերասրահ, չեն առնչվել կտավների, ցուցադրությունների հետ: Չգիտեն, որ դա բարձր արվեստ է, որ էսօրվա ժամանակներում Եվրոպայում բանկեր թալանելու փոխարեն՝ թանգարանից կտավներ են գողանում, որովհետեւ դրա արժեքը գիտակցում են: Հիմա լավ է` գոնե երաժշտության մեջ զարգացում կա. ռոք խմբեր են հրավիրում, ջազային նոր ալիք է բարձրացել, բայց կերպարվեստում` հետընթաց է»: Ա. Հարությունյանը հետընթաց է համարում նաեւ մեր քաղաքի ճարտարապետական լուծումներն ու առհասարակ քաղաքում տեղադրված քանդակների հանդեպ քանդակագործ հեղինակների մոտեցումները: Ծավալային արվեստի ինքնատիպությունն այսօր մեր քաղաքում կորցրել է իր կշիռը, քանի որ այսօրվա քաղաքը մեզ մատուցում է միանգամայն տարբեր հեղինակների քանդակներ, որոնք, սակայն, միեւնույն ձեռագիրն ունեն ու կարծես ստեղծվել են մեկ մարդու կողմից: «Մեր քաղաքի քանդակները տեղային, տիպային քանդակներ են: Այսինքն` մարդու քանդակն անելիս բացառում են աբստրակտ մոտեցումը, երեւակայական բնորոշումները: Տեղանքի մեջ քանդակով նոր միջավայր ստեղծելու փոխարեն` քանդակը հարմարեցնում են տեղանքին: Մեզ մոտ ինչպե՞ս է… մարդու ուսին գցում են երկար վերարկուն կամ բաճկոնը, ձեռքին գիրք են դնում ու… Այսինքն` ճիշտ այնպես` ինչպես գերեզմանոցներում հանգուցյալի հուշարձանն են կառուցում: Որոշեցին, միլիոններ տրամադրեցին, եւ քաղաքի մի հատվածում եկավ, նստեց էսինչ գրողի, գիտնականի կամ աստղագետի դեմքով մարդը: Անկենդան, պրիմիտիվ, խորություն չունեցող, ոչինչ չասող կրկնատիպություն: Էլ ո՞րն է ծավալային արվեստի մեջ քանդակագործի երեւակայության մեծությունը: Դուք էսօր աշխարհի մոտեցումները նայեք: Քանի՞ դար պիտի Երեւանում էդքան միանման քանդակներ նստացնեն, պառկեցնեն: Այսինքն` կան մի քանի մարդիկ, որոնց աստղային ժամն էսօր է, ու իրենք պիտի քաղաքի գեղագիտությունը, քաղաքաշինությունն իրենց կասկածյալ, կիսատ-պռատ շնորհքով որոշեն»,- ասում է Ա. Հարությունյանը` վստահեցնելով, որ օտարերկրյա քաղաքացիները Երեւանին ծանոթանալուց հետո գալիս են այն եզրահանգման, որ քաղաքի բոլոր քանդակների հեղինակը մեկ մարդ է: Այսինքն` մեզ մոտ այլախոհական մոտեցման առաջ տաբու է դրված, հետեւաբար՝ մեր քաղաքը վերածվել է յուրօրինակ «գերեզմանատան», որտեղ մարդկանց քանդակ-հուշաքարերը միանման ֆորմատի եւ միեւնույն պատվիրատու-կատարողի ձեռագիրն են արտացոլում: «Մարդկանց էդ տեսակը, որոնք ավելի շատ գտնվում են չինովնիկական դիրքերում` նկարիչներ, գրաֆիկներ, քանդակագործներ, կաբինետային նեղ, քարացած մտածելակերպով են ապրում ու էդպես էլ քաղաքի գույնն ու տեսքն են որոշում: Կոնկրետ վախի սինդրոմը թույլ չի տալիս համարձակ լուծումներով քաղաք կառուցել: Աստղային ժամն ավարտվելու վախ կա»,- ասում է Ա. Հարությունյանը՝ որպես օրինակ մատնանշելով նաեւ Նկարիչների միությունում կազմակերպված Ապրիլի 24-ին նվիրված ցուցահանդեսը: Ի դեպ, որպես կանոն, հանձնաժողովը մերժել է ներկայացնել բոլոր աբստրակցիոնիստների գործերը: Արդյունքում եղել է խղճուկ, կոնսերվատիվ, խիստ թեմատիկ էքսպոզիցիա. «Էնպիսի տպավորություն էր, որ մենք ապրում ենք գորբաչովյան, ավելի ճիշտ՝ բրեժնեւյան ժամանակաշրջանում: Թուրքիային ու աշխարհին ուզում ենք ցույց տալ, որ մենք փոքր, բայց ազատատենչ, բարձր մշակույթ ունեցող, ստեղծագործ, զորեղ ազգ ենք: Բայց ցուցահանդեսով ցույց ենք տալիս մի խեղճ ու կրակ, նեղ պատուհանից նայող ազգ… Ինչո՞ւ ցույց չենք տալիս, թե էսօրվա երկրի շնչառությունը, զարկերակը, ուժն ո՞ւր է: Եթե մի կոմպոզիտոր որոշում է Եղեռնի 100-ամյակին նվիրված սիմֆոնիա գրել, ի՞նչ է` պետք է մղկտալու բա՞ն գրի: Հակառակը, պիտի մի նոր, ուժեղ գործ ստեղծի, բում անի, որ ինքնավստահության մարտահրավեր նետի: Ո՞վ ասաց, որ էդ օրը չպիտի ազգի լավատեսություն, բոցավառություն ցույց տանք, այլ Սեւակի, Կոմիտասի գլուխ, արյունոտ յաթաղան, խաչքար պիտի ցույց տանք: Պիտի մի նոր բան աշխարհին ցույց տա՞նք, թե՞ չէ, մեկը պիտի ռեֆորմ անի՞, թե՞ ամբողջ կյանքում գորբաչովյան շունչն ենք զգալու»: