DigiTec բիզնես ֆորում. աջակցություն գործարարներին

02/06/2010

Այս տարի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) արդեն երրորդ անգամ հունիսի 9-10-ը կանցկացնի ամենամյա DigiTec բիզնես ֆորումը։

«Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն». այս խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է՝ աջակցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման, բիզնես գործընթացների ավտոմատացման եւ բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար։

Փաստ է, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) շատ քիչ ընդգրկում ունեն հայաստանյան բիզնես ոլորտում։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում ծրագրային միջոցների կիրառման մակարդակը բավականին ցածր է։ Դա խոսում է այն մասին, որ հայաստանյան գործարարները տեղյակ չեն ՏՀՏ հնարավորությունների մասին։ Դա կա՛մ տեղեկացվածության պակասի հետեւանք է, կա՛մ թերահավատության։ «Այս երկուսի դեմ էլ պետք է պայքարել։ Մարդկանց ոչ միայն պետք է ցույց տալ, որ հաջողությունների կարելի է հասնել, այլեւ պետք է մատնանշել այն մեթոդներն ու եղանակները, որոնց կիրառմամբ կարելի է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ Ամբողջ աշխարհում արտադրողականության բարձրացման հիմնական եղանակն այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է, ինչը կարող է նպաստել եւ՛ ծախսերի կրճատմանը, եւ՛ կադրերի առավել օպտիմալ կառավարմանը, ինչո՛ւ չէ, նաեւ վաճառքների ծավալների ավելացմանը»,- նշում է ԻՏՁՄ նախագահը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նույնպես կարծում է, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ամենածանր, ամենադժվար եւ ամենադանդաղ փոփոխություններ արձանագրող հատվածը բիզնես ոլորտն է եւ այստեղ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը։ Հիմնական պատճառը, ըստ Կ. Վարդանյանի, բիզնեսում մրցակցության բացակայությունն է. «Բիզնեսը մեզ մոտ հիմնականում ունի վարչական, օլիգարխիկ կամ մենաշնորհային բնույթ։ Այդ բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման կարիք ընկերություններն առանձնապես չունեն։ Իսկ եթե բիզնեսում կորուստներ են արձանագրվում, ապա դրանք ավելի շուտ լուծվում են, այսպես կոչված, տնական կարգով։ Սա կարեւոր եւ խիստ մտահոգող խնդիր է»։ ԻՏՁՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ Հայաստանում բիզնես ընկերությունների միայն 20-30 տոկոսն է (հիմնականում՝ փոքր եւ միջին) գործում մրցակցային պայմաններում, որոնք պարբերաբար տեխնոլոգիական փոփոխությունների կարիք ունեն՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու եւ մրցակցային դաշտում դիմանալու համար։ DigiTec բիզնես ֆորումի նշանակետը հենց այդ 20-30 տոկոս ընկերություններն են, որոնց մասնակցությունն էլ ակնկալվում է։ Այդ ընկերությունները ներկայացնում են ՀՀ տնտեսության ամենատարբեր ոլորտները՝ առեւտուր, տրանսպորտ, բանկային համակարգ, արտադրություն, լեռնամետալուրգիա եւ այլն։ Այս ընկերություններում առկա են հաճախորդների եւ ձեռնարկության կառավարման խնդիրներ։ Այդ երկու խնդիրներն էլ ունեն տեխնոլոգիական լուծումներ, որոնք կներկայացվեն բիզնես ֆորումի շրջանակներում։

ԻՏՁՄ նախագահ Հ. Ավոյանը նշեց, որ ֆորումի շրջանակներում նախատեսված են DigiTec բիզնես ցուցահանդես, տեխնոլոգիական սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ։ Բացի այդ, մասնակիցները հնարավորություն կունենան գործնական միջավայրում շփվել Հայաստանի առաջատար գործարար շրջանակների ավելի քան 1500 ղեկավարների հետ։ Միջոցառման հրավեր են ստացել բիզնեսի տարբեր ոլորտների շուրջ 7600 գործարարներ, կազմակերպությունների ղեկավարներ, ՏՀՏ պատասխանատուներ, ինչպես նաեւ՝ պետական գերատեսչությունների ղեկավարներ։ Ֆորումին կհրավիրվեն նաեւ խորհրդատուներ, ովքեր կպատասխանեն գործարարների՝ տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում օգտագործելու վերաբերյալ յուրաքանչյուր հարցի:

ԻՏՁՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ ավանդական դարձած ֆորումում որակական առաջընթացն ակնառու է։ Այս տարի հաջողվել է միջազգային լուրջ ուշադրություն հրավիրել ֆորումի վրա։ Կան պայմանավորվածություններ Արեւելյան Եվրոպայի 5-6 երկրների (Մակեդոնիա, Ռումինիա, Ալբանիա եւ այլն) տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիաների հետ։ Վերջինների ներկայացուցիչները կայցելեն համաժողով, ինչը մեր երկրի հետ փոխգործակցությունն առավել խորացնելու հնարավորություն կտա։ «Այսօր արդեն հայաստանյան մի շարք ընկերություններ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների հետ լուրջ գործարար նախագծեր են իրականացնում, եւ մենք այդ տարածաշրջանը դիտարկում ենք՝ որպես կարեւորագույն պոտենցիալ գործընկերներ, ում հետ համագործակցությունը կարող է էականորեն աջակցել մեր ՏՏ ոլորտի զարգացմանը»,- նշում է Կ. Վարդանյանը։

DigiTec-ը մի քանի տարիների հետեւողական աշխատանքի արդյունքում դարձել է բրենդ, բավականին ճանաչելի է, ինչն ավելի է շահագրգռում մասնակիցներին։ ԻՏՁՄ նախագահ Հ. Ավոյանը կարծում է, որ բիզնես ֆորումի շրջանակներում շատ կարեւոր է հաջողության պատմություններ ստեղծելը, որպեսզի մարդիկ ձեռքբերումներ արձանագրած կոնկրետ ընկերություններ տեսնեն։ Նրանց օրինակը քարոզելով՝ կարելի է իրապես ընդլայնել տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավումը գործարար շրջանակներում։