Ամերիկացի գիտնականները մշակել են կրծքի քաղցկեղի դեմ պատվաստաշիճուկ, որը մկների վրա կատարված փորձի արդյունքում ցույց է տվել ընդգծված պրոֆիլակտիկ էֆեկտ: «The Times»-ի փոխանցմամբ` դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա նախատեսվում է սկսել երկու տարի հետո: Որպես կանոն, հակաուռուցքային պատվաստաշիճուկի պատրաստումը դժվարանում է նրանով, որ քաղցկեղի բջիջների հակագեները մարդու օրգանիզմի համար օտարածին չեն, եւ սեփական իմունային համակարգը դրանց դեմ չի պայքարում: Յեյլի եւ Քլիվլենդի համալսարանների եւ Լերների հետազոտական ինստիտուտի գիտնականները դեղամիջոցը պատրաստելու ժամանակ որպես հակագեն ընտրել են a-լակտալբումին սպիտակուցը, որը մեծ քանակությամբ արտադրվում է կրծքի քաղցկեղի բջիջների կողմից, ինչպես նաեւ կրծքով կերակրելու ժամանակ կաթնագեղձի նորմալ էպիթելային հյուսվածքներում: Փորձի շրջանակում գենային ինժեներիայով ստացված 6 մկների, որոնց մոտ մեծացվել է կրծքի քաղցկեղի վտանգը, ներարկվել է a-լակտալբումին պարունակող դեղամիջոցը։ Նույնքան մկներ էլ ստացել են պլացեբո: Ներարկումից հետո 10 ամսվա ընթացքում բոլոր փորձամկների մոտ զարգացել է կաթնագեղձի քաղցկեղ։ Դեղամիջոցն ընդունած կենդանիների մոտ ուռուցքի նշաններ չեն նկատվել:
Հետազոտության ղեկավար Վինսենտ Տուոհին ասել է, որ նոր պատվաստաշիճուկը նախատեսվում է ներարկել 40-ից բարձր տարիքի կանանց` հաշվի առնելով, որ այդ տարիքում կրծքով կերակրելու հավանականությունը նվազում է, իսկ քաղցկեղի զարգացումը` մեծանում: «Մեր կարծիքով` կրծքի քաղցկեղը լիովին կանխարգելվող հիվանդություն է»,- հայտարարել է Տուոհին: