Կաթը օգտակար է եւ մեծերին, եւ փոքրերին

02/06/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Բժշկությունը գտնում է, որ կաթը ոչ միայն օգտակար է, այլեւ` բուժիչ հատկություններ ունի: Գրեթե բոլոր հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել: Օրինակ` Արեւմտյան Եվրոպայում մրսածության համար որպես պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրվում ամեն օր յոգուրտ, մածուն ուտել, իհարկե` առանց շաքարի: Կամ շնչուղիների հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ոտնաթաթերին ու ձեռքի ափերի մեջ կովի կաթից պատրաստված-հալեցրած յուղ քսել: Բուժման տեւողությունը 2 ամիս է: Անգինայի ժամանակ օգտակար է թթվասերը: Ընդ որում` այն պետք է ուտել շատ դանդաղ` 20 րոպեում` 50 գրամ: Իսկ ահա լարինգիտի ժամանակ շատ լավ օգնում է 1 ճաշի գդալ հալեցրած կարագը մեղրի ու կիտրոնի հյութի հետ:

Առհասարակ կաթը պետք է օգտագործել ջերմային վերամշակումից` ստերիլիզացիայից հետո: 100 աստիճան ջերմության դեպքում վերանում են կաթի մեջ գտնվող բոլոր միկրոօրգանիզմներն ու դեռ ավելին` մեծանում է կաթի պահպանման ժամկետը: Մեզ մոտ լայն տարածում գտած կաթնամթերքներն են թթվասերն ու կաթնաշոռը: Կաթնաշոռը որպես սննդամթերք հայտնի է եղել դեռեւս Հին Հռոմում: Իսկ ռուսները կաթնաշոռին տալիս էին պանիր անունը, թերեւս այստեղից էլ` պանրիկ անվանումը, թեկուզ այն պատրաստվում է կաթնաշոռից: Կարելի է ասել, որ ամենաօգտակար կաթնամթերքը կաթնաշոռն է, որն ավելի շատ օգտագործում էին սլավոնական ազգերը: Սոյայի կաթնաշոռը շատ ընդունված սննդամթերք է չինական խոհանոցում: Այն պատրաստվում է սոյայի հատիկներից: Չինացիներին դուր է գալիս դրա յուրօրինակ համն ու հոտը, եւ որ պակաս կարեւոր չէ` ցածր գինը:

Կաթնաշոռը որպես օգտակար սննդամթերք` անհրաժեշտ է թե փոքրերին, թե մեծերին: Այն համարվում է դիետիկ սննդամթերք` լյարդի հիվանդության, աթերոսկլերոզի եւ հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ: Տնային պայմաններում եւս հնարավոր է կաթնաշոռ պատրաստել, որը շատ օգտակար է հատկապես փոքրիկների համար: Դրա համար պետք է կաթը եռացնել էմալապատ ամանի մեջ, այնուհետեւ սառեցնել մինչեւ 30 աստիճան, լավ խառնել 2-3 գդալ թթվասերի կամ կեֆիրի հետ ու թողնել մի քանի ժամ: Ստացված զանգվածը լցնել կտորե տոպրակի մեջ, որպեսզի շիճուկն առանձնանա, իսկ կաթնաշոռը մնա:

Թթվասերի պատրաստման եղանակն ավելի պարզ է: Հնում մեր մեծերը կաթը թողնում էին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան քաշում կաթի սերը: Մի քանի օր թողնելուց հետո կաթի սերն ավելի խիտ էր լինում ու ավելի խիտ թթվասեր էր ստացվում: Թթվասեր պատրաստում են տարբեր յուղայնությամբ: Պետք է հիշել, որ թթվասերը համարվում է բարձր կալորիականությամբ սննդամթերք եւ ավելի դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից, քան կաթնաշոռը:

Այծի հրաշագործ կաթը

Շատ բուժիչ առանձնահատկություններ ունի այծի կաթը: Այն, կարելի է ասել, իսկական դեղատուն է: Իր գործած հրաշքների շնորհիվ ժողովրդի մեջ այն ստացել է «կենսական ջուր» անվանումը: Բժիշկները խորհուրդ են տալիս այծի կաթ խմել թե մեծերին, թե փոքրերին, հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, նույնիսկ ալերգիաների ու մաշկային հիվանդությունների ժամանակ: Նույնիսկ ասում են` այծի կաթը երկարացնում է կյանքի տեւողությունը: Այծի կաթի մեջ կենսաբանական այնպիսի նյութեր կան, որոնք չկան կովի կաթի մեջ: Այդ նյութերի շնորհիվ կաթն ավելի թարմ է պահպանվում: Շվեյցարիայի հանգստյան տներում այծի կաթով բուժում էին թոքախտը, սակավարյունությունը եւ ռախիտը: Շվեյցարացիները պանիրը պատրաստում են կովի կաթին անպայման այծի կաթ խառնելով: Հավանաբար դա է պատճառը, որ նրանց պանրի տեսականիները հայտնի են ողջ աշխարհում: Իսկ բուլղարացի պրոֆեսոր Մեչնիկովը այծի կաթից պատրաստված յոգուրտից է ստացել բուժական լակտոբացիլինը:

Այծի կաթը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, ինչը պարզապես անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների համար: Կովի կաթի համեմատ այծի կաթը 6 անգամ ավելի կոբալտ է պարունակում, որը մտնում է B12 վիտամինի կազմի մեջ: Այս վիտամինը պատասխանատու է արյունաստեղծ օրգանների համար եւ կարգավորում է նյութափոխանակության պրոցեսը: Ըստ մասնագետների` մայրական կաթին ամենամոտը այծի կաթն է: Այսօր շատերին է անհանգստացնում այն հարցը, թե արդյոք կաթը վնասակա՞ր է մեծահասակների համար: Ընդհակառակը, բազմաթիվ մասնագետների համոզմամբ՝ հենց մեծ տարիքի մարդկանց այն առավել քան անհրաժեշտ է` հատկապես կանանց, քանի որ հորմոնալ փոփոխությունների հետ կապված, օրգանիզմից դուրս է գալիս կալցիումը, որի պատճառով ոսկորները թուլանում են: Այստեղից էլ սկսում են առաջանալ տարբեր ոսկրային հիվանդություններ: Իզուր չէ, որ Ճապոնիայում կանանց խորհուրդ է տրվում օրական 1 բաժակ կաթ խմել, որպեսզի օրգանիզմում պահպանվի կալցիումի բալանսը: