Ի՞նչ է մարզանքը

02/06/2010

«Մարզանք» բառը շատերի մոտ նույնացվում է ֆիզիկական վարժությունների հետ, որ կատարվում է առավոտյան ժամերին: Շատ հաճախ, սակայն, մեր մարմինը մարմնամարզության կարիք ունի հատկապես երեկոյան ժամերին, օրվա հոգնածությունից հետո, իհարկե, ընթրիքից առաջ: Ինչպիսի՞ խնդիրներ կարելի է լուծել երեկոյան մարզանքով: Առաջին հերթին մարմնամարզությամբ կարելի է ազատվել «գայլի ախորժակից». սա հատկապես կարեւոր է նիհարել ցանկացողների համար: Երկրորդ` հանգստանում է նյարդային համակարգն, ու ազատվում ես սթրեսային վիճակից: Ազատվում եք այն հոգնածությունից, որն օրվա ընթացքում կուտակվել է աշխատավայրում: Նպաստում է ողնաշարի վիճակի կարգավորմանը, եւ դադարում են մեջքի ցավերը: Ակտիվանում է ներքին օրգանների աշխատանքը: Ընդհանրապես յուրաքանչյուրն ինքը պետք է մշակի իրեն հարմար եւ օգտակար վարժությունների ցանկը, իհարկե, հետեւելով որոշակի խորհուրդների: Դրանք են` մարզանք պետք է կատարել դատարկ ստամոքսով, եւ այն պետք է վերջացնել ընթրիքից 15-20 րոպե առաջ: Պարապմունքի տեւողությունը պետք է լինի 10 րոպե: Կարիք չկա ամեն օր զբաղվել երեկոյան մարզանքով, կարելի է շաբաթվա մեջ 3 անգամ կրկնել: Օրգանիզմը պետք չէ շատ ծանրաբեռնել: Իսկ ամենալավ վարժությունը վազքն է, որ համակարգային ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Կարելի է ասել, որ այն իդեալական մեթոդ է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համար` որպես սրտամկանի համար պրոֆիլակտիկ միջոց: Վազքը սկզբում պետք է սկսել 5 րոպե տեւողությունից, այնուհետեւ հասցնել 30 րոպեի: Պետք է վազել շաբաթը 2-3 անգամ. ավելիի դեպքում օրգանիզմը չի կարող հասցնել վերականգնվել, իսկ քչի դեպքում` կտրուկ նվազում է դրա առողջարար նշանակությունը: Վազքից առաջ պետք է փոքր-ինչ մարզել մկանները, իսկ վազքն սկսել դանդաղ ընթացքով, ապա` հետզհետե արագացնել: Քիչ անց պետք է վազքը աստիճանաբար դանդաղեցնել, իսկ վազելուց հետո ընդունել ջրային պրոցեդուրաներ: Հավատացեք, այս ամենից հետո կսկսեք բավական թեթեւ մտածել վաղվա օրվա մասին: