Մորիս Բլանշո «Վեպ թափանցիկության մասին»

02/06/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

շարունակություն

Հարկ չկա զարմանալու այն բանի վրա, որ անդառնալի, օգտակար գործածությունից հանված ժամանակը լցվում է խոշտանգման ենթադրելի պատկերով: Արդյո՞ք ճիշտ է այն, որ շրջիկ գործակալը «այնտեղ, ոլորանի ետեւում», ընտրել է այն ուղին, որ սովորականից տարբեր է: Արդյո՞ք նա իրոք հանդիպել է աղջկան, որ գրավել էր իր ուշադրությունը, իր ընկերուհիներից մեկին նման լինելու պատճառով: Նա իրո՞ք կապել էր նրան, հանվացրել, այրելով խոշտանգել, իսկ այնուհետեւ մերկ մարմինը նետել ծովը: Մի՞թե նա, այդ հանգիստ երիտասարդը, մարկիզ դե Սադն է: Բայց ե՞րբ է տեղ գտել այդ տեսարանը: Հետզհետե մենք տեսնում ենք, թե ինչպես այն հաջորդական վրձնահարվածներով ծնվում է դեռեւս մինչեւ այն, որ կատարվում է, այն անցնում է ողջ պատումի միջով, ամեն մի տեսարանի ետեւում, ամեն մի հայտնվող դեմքի ետեւում, այն սեպի նման խրվում է նախադասությունների արանքը, պարբերությունների միջեւ: Հենց այդ տեսարանն էլ ստեղծում է սառը պարզության թափանցիկությունը, որի շնորհիվ մենք տեսնում ենք մնացած բոլոր բաները, քանզի միայն դրանում, դատարկության մեջ, ամեն ինչ թափանցիկ է դառնում: Բռնության տեսարանը, որը Մատիասը տեսել կամ երեւակայել էր վեպի սկզբում, փողոցում, աղջիկը, ում նա նկատում է շոգեքարշի վրա, ոնց որ թե կտտանքների համար կապված, կինոյի ռեկլամով վահանակը, դատարկ սենյակը, ծնկի իջած աղջիկ պատկերող փոքրիկ նկարով, ամսագրի մի էջ, երիցահանգույցներով խաղը, իսկ այնուհետեւ, արդեն իրադարձությունից անդին, ճանապարհի վրա փոքրիկ գորտի դիակը «լայն բաց արած տոտիկներով եւ խաչված թաթերով»: Այդպիսին են շարժումները, որոնց միջոցով կենտրոնական, մեզ անտեսանելի պատկերը, մենք չենք կարող այն տեսնել, քանի որ այն անտեսանելի է` մի ակնթարթ, անկշիռ թափանցիկ ուրվականի հանգույն, թույլ է տալիս իրեն զննել իրական պայմաններում: Ժամանակը, ցրված ինչ-որ ներքին արհավիրքի արդյունքում, ասես թույլ է տալիս գալիքի հատվածներին ի հայտ գալ ներկայի միջով կամ էլ հարաբերվել անցյալի հետ: Ժամանակը անրջված եւ մտաբերվող, ժամանակը, ինչպես եւ գալիքը, կարող էր գոյություն ունենալ, մշտական փոփոխությունների ենթարկվել տարածության շողարձակող ներկայությամբ, մաքուր տեսանելիության ծավալման վայրում:

Տարածության փոխակերպվող ժամանակը

Հավանաբար, հենց այստեղ է տվյալ գրքի հիմնական հետաքրքրությունը: Այստեղ ամեն ինչ թափանցիկ է, կամ նվազագույնը, տենչում է թափանցիկության, որը տարածականության էությունն է կազմում: Ինքը՝ պատումը, առարկաների, իրադարձությունների եւ շնչավոր էակների նման, համածին կարգին համապատասխան կառուցվում է գծաշար, երկրաչափական ֆիգուրների տեսքով, կառուցվում է վերահսկվող հնարամտությամբ, ինչը պարզունակություն կլիներ կուբիզմի հետ համեմատելը: Արդեն Ջոյսը, Ֆոլքները, Հաքսլին եւ այլք տանջալիորեն էքսպերիմենտներ էին անում ժամանակի հետ, խզելով կապերը սովորույթի եւ ժամանակագրական հաջորդականության հետ: Երբեմն դա արվում էր զուտ տեխնիկական նկատառումներով, երբեմն էլ` խորունկ ներքին պատճառներով, որպեսզի արտահայտի անհատական գործունեության աղճատումները: Սակայն Ռոբ-Գրիեի նպատակը, հավանաբար, հերոսի մոլագարությունների կամ նրա անցած հոգեբանական երթուղու նկարագրությունը չէ, եւ եթե նրա պատումում անցյալն ու ապագան` այն, ինչ նախորդում է, եւ այն, ինչ հաջորդում է` միտում ունեն, հեռանկարների եւ մոտեցումների ստուգված խաղի շնորհիվ, տեղավորվելու ներկայի ողորկ հարթության վրա, ապա դա նրանք անում են՝ ենթարկվելով առանց ստվերի ու հոծության տարածության պահանջին, որի վրա ամեն ինչ, որպեսզի նկարագրվի, պետք է տեղավորվի նկարային միաժամանակայնության մեջ, շնորհիվ ժամանակի փոխակերպմանը տարածության, ինչը ավելի կամ նվազ չափով ջանում է անել յուրաքանչյուր պատումը:

«Լրտեսը» դրանով մատնացույց է անում վեպի զարգացման ուղղություններից մեկը: Սարտրը ցուցադրեց, որ վեպը պետք է համապատասխանի գործող անձանց ազատությանը, եւ ոչ թե վիպագրի մտադրություններին: Ցանկացած նարատիվի միջուկում ընկած է սուբյեկտի գիտակցությունը, ազատ եւ անսպասելի հայացքը, որը ծնում է իրադարձությունները՝ դրանք համեմատող տեսունակությամբ: Պահպանման կարիք ունի հենց այդ կենդանի միջուկը: Միշտ որոշակի տեսանկյան հետ հարաբերակցվող, պատումն ընթանում է ասես ներքուստ: Եվ այն տանում է ոչ թե վիպագիրը, ում արվեստն իշխում է ամեն ինչի վրա, այլ իրականանում է ազատ, անսահման եւ միաժամանակ սահմանափակ լոկալիզացմանը համապատասխան, աշխարհին ուղղված մղում, որն այդ ազատությունը հաստատում է, ներկայացնում եւ փոխանցում: Հարկ է վիպագրին միշտ հիշեցնել, որ ինքը չի գրում իր ստեղծագործությունը, այլ, որ այն նրա միջոցով փնտրում է իրեն, այնպես որ, ողջ փափագելի սթափությամբ հանդերձ՝ վիպագիրը տրվում է փորձին, որը նրան գերազանցում է: Ծանր եւ աղոտ շարժում: Բայց մի՞թե դա գիտակցության շարժումը չէ, որի ազատությունը չի կարելի ոտնահարել: Եվ մի՞թե վեպում հնչող ձայնն անպայման անհատի ձայնն է, անհատական ձայնը: Արդյո՞ք այդ ձայնը անորոշ մի բանի ալիբին է, սկզբնապես տարօրինակ, չեզոք, թափառիկ, Համլետի հոր ուրվականի նման, մեկ այստեղ, մեկ այնտեղ, խոսելով անհայտ է՝ թե որտեղից, ասես ժամանակի հատումների միջից, որոնք նա փոխելու կամ քայքայելու իրավունք չունի:

Ռոբ-Գրիեի ձեռնարկած փորձում մենք ներկա ենք պատումի մեջ ստիպելու հենց պատումին խոսելու եւս մի ջանքի: Պատմությունը, առաջին հայացքից, պատմվում է մի տեսանկյունից, լրտես-գործակալի կողմից, ում մենք հետեւում ենք: Մենք չգիտենք այն, ինչը հայտնի է նրան, չենք տեսնում այն, ինչը տեսել է նա, հավանաբար, մեզ նրանից տարբերում է այն, որ մենք գիտենք փոքր-ինչ քիչ, բայց հենց այդ «քչից», պատումի մեջ այդ պատռվածքից էլ սկիզբ է առնում նրան ներհատուկ թափանցիկությունը, միանման, դեդեւուն լույսի տարօրինակությունը, որը մեկ թվում է՝ մանկությունից է գալիս, մեկ էլ` խորհրդածությունից կամ անուրջից, որովհետեւ անուրջից նա ունի ճշգրտությունը, անկպչունությունը եւ խիստ աննկունությունը:

Լուսաշերտ

Այսպիսով, այս գրքում, հերոսի գիտակցությանը համընկնելով, ավելի ճիշտ, այդ գիտակցության գլխավոր իրադարձությանը, կա ընդհատման, գոտու պես մի բան, որից մենք հեռացված ենք, որը, հավանաբար, հեռացված է եւ ինքնին, որպեսզի նրա միջի այդ բաց տեղից ծագեր եւ դրսեւորվեր տեսունակության մաքուր ուժը` լուսաշերտը: Իհարկե, խոսքն այստեղ այն արժեքը վար բերելու կամ քայքայելու մասին չէ, որը ներաշխարհ են կոչում: Բայց եթե այդ պատմությունը հետաքրքրություն է հարուցում, որը կապված է իսկական հանելուկների հետ, դա տեղի է ունենում այն պատճառով, որ սառը թափանցիկությունը, որը ներքին կյանքի տեղն է գրավում, մնում է հենց նույն մտերմիկության բացությունը, երկիմաստ, անմատչելի իրադարձությունը, որը կարելի է կյանքի կոչել սոսկ սպանության կամ մահապատժի քողի տակ:

Լրտեսի հանցագործությունն այն է, ինչը նա գործել է, նրա փոխարեն այն իրագործել է ժամանակը: Օրվա ընթացքում, որը նա պատրաստվում է անմնացորդ նվիրել պիտանի գործերին (նրա մասնագիտությունը՝ ժամացույց վաճառելն է, հենց նույն անխոտոր ժամանակի խորհրդանիշը), սողոսկել է դատարկ եւ անբովանդակ ժամանակը: Բայց դա կորուսյալ ժամանակն է, որը թաքնված է սովորական օրվա կարգավորված հոսքից, որը հետազոտում էր Բերգսոնը: Դա, ընդհակառակը, ժամանակ է առանց խորության, որի ազդեցությունն ավելի շուտ ամենայն խորունկի համառոտումն է, եւ ամենից առաջ ներքին կյանքի խորության, դեպի մակերեսային վերափոխությունները, ինչը թույլ է տալիս այս կյանքի դրսեւորումների նկարագրությունը տարածական եզրերով: Միեւնույն օբյեկտները մի քանի էջ ինտերվալով, նկարագրված են այդ վեպում հազիվ նկատելի փոփոխություններով: Գլխավոր հերոսը` մարդ է, ով առեւտուր է անում տեսողությամբ` մտնելով տարբեր տներ, ըստ տեսանելիության մտնում է միեւնույն տունը, պարզապես տեղափոխված տարածության տարբեր կետեր, իսկ շնորհիվ այն բանի, որ հիշողությունների եւ երեւակայվածի պատկերները միշտ պատրաստ են հաստատվելու իրենց ֆիկտիվ արտաքինում, հերոսը նույնպես մշտապես պատրաստ է տեղափոխվելու իր երեւակայության կամ հիշողության տարածությունից դեպի իրականության տարածություն: Նա կարծես հասնում է սահմանին, ուր անպատկերացնելի արտաքինում միավորվում են գոյության հիմնական պարամետրերը: Այդ պատճառով գործնականորեն ոչ մի նշանակություն չունի, թե մահապատժի գործողությունը իրական է թե երեւակայական, կամ էլ, թե դա, պարզապես, տարբեր բնագավառների եւ զանազան ժամանակային կետերի վերաբերող պատկերների պատահական համընկնում է: Դա մենք չենք կարող իմանալ, եւ դա մեզ պետք էլ չի: Եթե Մատիասի ձեռքը իրոք դիպչել է աղջկան, դա կարող է ճանաչվել ոչ առավել, քան ճանաչելի կլիներ ժամանակից զուրկ գործողությունը, աննկատ գործողությունը, որն ինքնին միշտ մնում է աննկատելի, բայց որը տեսանելիորեն տեղավորվում է իրերի մակերեսային մերկության մակերեւույթին:

Ռոբ-Գրիեի վարպետությունը հիացմունքի արժանի է, ինչպես եւ իմաստավորությունը, որով նա հետազոտում է անհայտը: Նույնը վերաբերում է եւ նրա գրքերի էքսպերիմենտալ կողմին: Սակայն այդքան գրավիչ է դարձնում այդ գրքերը ամենից առաջ դրանց շամփրող թափանցիկությունը, վերջինս օժտված է խուսանավությամբ անտեսանելի լույսի, որն ընկնում է մեր մեծ երազներից ոմանց վրա: Հարկ չկա զարմանալու «օբյեկտիվ» տարածության եւ մեր ներքին գիշերային տարածության միջեւ եղած նմանության վրա, որին ոչ առանց խիզախման եւ հանկարծական փոփոխությունների ձգտում է հասնել Ռոբ-Գրիեի հայացքը: Երազների տանջալիությունը, նրանց ներհատուկ անկեղծության եւ դյութանքի ունակությունը այն է, որ դրանք մեզ տեղափոխում են մեր իսկ սահմաններից դուրս, այնտեղ, ինչ-որ տեղ, որ արտաքո է մեզ, ծորում է մաքուր մակերեւույթով հավերժորեն արտաքին խաբուսիկ լույսի ներքո: