Ուզում են նմանվել Ջենիֆեր Լոպեսին

02/06/2010

«Գալիս են երիտասարդ աղջիկներ` Ջենիֆեր Լոպեսի կամ Պամելա Անդերսենի նկարով, եւ ասում են` այսպիսի ուրվագծեր ենք ուզում»,- երեկվա ասուլիսում ասել է ՀՀ պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը: Ըստ նրա` աշխարհում պլաստիկ վիրաբուժությունը բաղկացած է երկու ճյուղերից` վերականգնողական եւ էսթետիկ: Առաջինը, ըստ Հովհաննիսյանի` զբաղվում է բնածին արատների շտկմամբ, վնասվածքներից, ուռուցքներից հետո հյուսվածքների վերականգնմամբ, իսկ էսթետիկ վիրաբուժությունն աշխատում է մարդու արտաքին տեսքի վրա։ «Դա գեղագիտական վիրաբուժությունն է»,- ասել է նա:

«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ, էսթետիկ վիրաբույժ Աշոտ Զարգարյանի ասելով, թե՛ պլաստիկ, եւ թե՛ էսթետիկ վիրաբուժության հիմքում դրված է նույն կրթությունը: Մասնագետների խոսքով, Հայաստանում պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժությունը բուռն զարգացում է ապրում: Պլաստիկ եւ էսթետիկ վիրաբույժներին դիմում են առաջին հերթին՝ քթի, ապա՝ կրծքի, պրոթեզավորման, ձգման, տղամարդկանց մոտ` որովայնի շրջանի լիպոկսացիայի համար: Վիրաբույժ Աշոտ Զարգարյանի տեղեկացմամբ, 2009թ., 2008թ. համեմատ, նման վիրահատությունների թվի եռակի աճ է արձանագրվել: Այսօր այդ վիրահատություններին դիմողների քանակը մի քանի հազարի է հասնում:

«Գեղեցիկ լինելու ցանկությունը միշտ եղել է, միշտ կա եւ միշտ էլ կլինի, կարող եք չկասկածել: Այստեղ ուղղակի պետք է ճիշտ հասկանանք, որ սա առաջին հերթին բժշկություն է, վիրաբուժություն` իր բոլոր օրենքներով, եւ բոլոր այն դեպքերում, երբ խախտվում են այդ օրենքները, գերագնահատվում են բժշկի հնարավորությունները կամ չափազանցվում են ցուցումները, անպայման պատժվում են եւ՛ բժիշկը, եւ՛ հիվանդը»,- հայտարարել է Արմեն Հովհաննիսյանը` նկատելով, թե նման վիրահատությունների դիմողների մեջ վերջին տարիներին ավելացել է տղամարդկանց թիվը:

Իսկ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Կարեն Դանիելյանի խոսքով, պլաստիկ եւ էսթետիկ վիրահատություններից հետո բարդությունների հավանականություն կա, ուստի մինչեւ վիրահատությունը հարկավոր է հիվանդին ներկայացնել խնդրի բոլոր մանրամասներն ու հնարավոր հետեւանքները: Ինչ վերաբերում է գներին, մասնագետների ասելով, օրինակ, Մոսկվայի նմանատիպ կլինիկաների համեմատ Հայաստանում գները 5-10 անգամ էժան են: