Հայր եւ որդի

02/06/2010

BBC-ն նյութ է հեռարձակել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդու` Թալեհ Հեյդարովի «Գաբալա» ֆուտբոլային ակումբի մասին, որտեղ ասվում է, որ Անգլիայի հավաքականի հանրահայտ խաղացող Թոնի Ադամսը հրավիրվել է Ադրբեջանի այդ ակումբում աշխատելու որպես մարզիչ: Նյութում նաեւ քաղաքական ենթատեքստ կա: «Ադամսը նավթով հարուստ երկրից գրավիչ առաջարկներ ստացած առաջին մարզիկը չէ: Նրան «Գաբալայում» բարձր աշխատավարձ, շքեղ տուն եւ մի շարք արտոնություններ են սպասում»,- հայտնել է BBC-ն: «Ազադլըգը» հայտնել է, որ BBC-ի կադրերում ուշադրության են արժանի «Գաբալա» ակումբի նախագահի հոր` Քեմալադդին Հեյդարովի եւ Ադրբեջանի իշխանության միջեւ սերտ կապերի մասին պատմող հատվածները: «Պայմանագրի մյուս յուրահատուկ առանձնահատկությունն էլ այն է, որ Ադրբեջանը արեւմտյան երկրների կողմից ճանաչվում է որպես կոռուպցիայի մեջ խրված երկիր: Ճիշտ է, Ադամսն ասել է, որ նոր ակումբում ինքը բարձր աշխատավարձ չի ստանալու, սակայն դա չի նշանակում, որ հայտնի այդ ակումբն աղքատ է: Հայր Հեյդարովը երկրի ամենամեծ օլիգարխներից մեկն է: Նրա վերահսկողության տակ է Ադրբեջանի «Gilan Holding» ամենամեծ կորպորացիան»,- ասվում է BBC-ի սյուժեում: BBC-ն նշել է նաեւ, որ Ք. Հեյդարովը Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի մերձավորն է եւ հատուկ կշիռ ունի իշխանության մեջ: Նշվել է, որ արտակարգ իրավիճակների նախարարը կարեւոր քաղաքական եւ տնտեսակական ազդեցություն ունեցող անձ է Ադրբեջանում: «Աղքատ ադրբեջանցիները բողոքում են, որ նավթից ստացվող միլիարդավոր դոլարները իշխանությունն ուղղում է ոչ թե երկրի բարեկեցությանը, այլ իր անձնական գրպանը»,- նշվել է նյութում: