Նոր նշանակում

31/05/2010

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, առաջիկայում պաշտոնանկ է արվելու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը, ում փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Արմեն Եսայանը: Չնայած երեկ մեր թղթակցի հետ զրույցում եւ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը, եւ ինքը` Արմեն Եսայանը, հերքել են այդ տեղեկությունները, այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ իշխանության վերնախավում վերջինիս նշանակման մասին որոշումն արդեն կայացված է: Ընդ որում, նրա նշանակումը եւս կապվում է ներիշխանական վերջին խմորումների հետ: Եսայանի նշանակմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է ամրապնդել իր ազդեցությունը դատախազական համակարգում: Գործող զինդատախազ Ա. Խաչատուրյանը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ որեւէ ազդեցություն չունի ուժային համակարգում: Բացի այդ, ինչպես հայտնի է, այս համակարգը միշտ աչքի է ընկել կոռուպցիայի բարձր մակարդակով, իսկ Ա. Եսայանը դատախազական մարմիններում անկաշառ ու սկզբունքային մարդու համարում ունի եւ թերեւս որեւէ կլանի չի պատկանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս վաղուց են նախապատրաստում այդ պաշտոնի համար, եւ հենց այդ համատեքստում պետք է դիտարկել 38-ամյա Ա. Եսայանին անցած տարի գեներալի կոչում շնորհելու փաստը: Սակայն իրավապահ ու ուժային մարմիններում, այդ թվում` մի շարք գեներալների շրջանակում, որոշակի «անհանգստություն» կա նրա նշանակման հետ կապված, քանի որ շատերը մտավախություն ունեն զրկվել ստվերային գումարներ աշխատելու հնարավորությունից: