Բռնություն` Ազատության հրապարակում

31/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Մայրաքաղաքի Ազատության հրապարակում երեկ դարձյալ «քաղաքական զբոսանքների» էին դուրս եկել Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թվով մոտ 30 համակիրներ, հիմնականում` երիտասարդներ: Սակայն, ժամը 18:00-ի մոտ ոստիկանները շրջափակեցին հրապարակը, այնուհետեւ տասնյակ «իրավապահներ» հարձակվեցին հրապարակում հավաքված ՀԱԿ երիտասարդ անդամների վրա: Նրանք, գոռգոռալով ու հայհոյելով, հրահանգում էին դուրս գալ հրապարակից եւ ցրվել` «Ստեղ մի հավաքվեք, գնացեք ստեղից…»: Նրանք, ովքեր համարձակվում էին դիմադրել` բռնության էին ենթարկվում: Երիտասարդներից մեկի` Դավիթ Քիրամիջյանի վրա 4 ոստիկան էին հարձակվել եւ գետնին գցել: Մեզ հետ զրույցում Դավթի մայրը պատմեց, որ ինքը եւ իր 19-ամյա տղան Սարյանի արձանի կողքով աշխատանքից տուն վերադառնալիս են եղել: Երբ իր տղան տեսել է, որ մի քանի ոստիկան քաշքշում են երիտասարդ աղջիկների, մոտեցել է, որպեսզի օգնի նրանց: Զայրացած ոստիկաններն էլ հենց մոր աչքի առաջ դաժան ծեծի են ենթարկել Դավթին: «Ոչ մի ձեւ չկարողացա տղայիս դրանց ձեռքից խլել: Իրենց ապագա զինվորն է, վաղը բանակ է գնալու: Վայրենաբար քացով խփում էին խեղճ երեխայիս գլխին, պոչկաներին, մինչեւ արյունլվա արեցին, շորերը պատառոտեցին ու կիսամերկ գցեցին ոստիկանական մեքենան»: Դավթի հետ միասին Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկեցին նաեւ 14 այլ անձանց, այդ թվում` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, Վարդգես Գասպարիին, «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողներ Սյուզի Պողոսյանին ու Անի Գեւորգյանին, եւ «Հայք» թերթի լրագրող Լիլիթ Թադեւոսյանին: Ոստիկանները ծեծում ու քաշքշում էին անգամ տարեց կանանց, իսկ նրանցից մեկին` 70-անց մի կնոջ, ինչպես պատմում էին ականատեսները, «մեշոկի նման շպրտեցին ավտոյի մեջ»: Ինչ խոսք, ակտիվիստներն էլ, հատկապես՝ կանայք, հետ չէին մնում ոստիկաններից եւ պատասխանում էին նրանց հայհոյանքներին` փորձելով պաշտպանվել հարձակումներից: Ոստիկանության մեքենաների հետեւից ՀԱԿ համակիրները «Պայքար, պայքար» գոռալով՝ գնացին մինչեւ Կենտրոնի Ոստիկանության շենք: Այստեղ եւս ոստիկանները հասցրել էին մի քանի շարքով պատնեշել շենքի մուտքը, որպեսզի հանկարծ որեւէ մեկը չհամարձակվի ներս մտնել: Երբ Ոստիկանության մոտ հավաքվածների գոռում-գոչյունները փոխարինվեցին երգով. «Հայրենյաց դրոշ մեր ազատության, ծածանվեց ընդդեմ Ոստիկանության», սա վերջնականապես նյարդայնացրեց ոստիկաններին: Վերջիններիս հրաման տրվեց պատ կազմել ու մարդկանց վտարել բակից: Սակայն մի քանի ակտիվիստ կանայք անմիջապես նստեցին գետնին (ոմանք էլ պարզապես պառկեցին գետնին), պնդելով, որ առանց իրենց ընկերների ոչ մի քայլ չեն հեռանա շենքից: Ոստիկաններն, անշուշտ, դրան եւս ուշադրություն չդարձրեցին եւ 2-3 հոգու ասֆալտի վրայով քարշ տալով` հեռացրեցին Ոստիկանության շենքի բակից: Այս միջադեպից հետո ոստիկանների եւ հավաքվածների միջեւ ծեծկռտուք սկսվեց: Թեեւ մի քանի կանայք բավական լուրջ վնասվածքներ ստացան, բայց նրանք ավելի ոգեւորված շարունակեցին իրենց պայքարը. գոռալով հարձակվում էին իրենց հայհոյող ոստիկանների վրա ու իրենց անարգելու համար պատիվ էին պահանջում: Ոստիկաններից մեկն էլ այսպես էր փորձում լեզու գտնել զայրացած մարդկանց հետ. «Ժողովուրդ ջան, ախր հո մենք ձեր վատը չե՞նք ուզում: Չե՞ք հասկանում, որ ձեզ զոմբիացրել են, ուշքի եկեք»: Ոստիկանություն բերման ենթարկվածներին 3 ժամ հետո կամ պետք է ազատ արձակեին, կամ մեղադրանք առաջադրեին: Մոտ 4 ժամ հետո ազատ արձակվեցին Լյուդմիլա Սարգսյանը եւ 2 լրագրողներ: Տիկին Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներսում իրենց հանդեպ որեւէ բռնություն չեն գործադրել, իսկ երբ ինքը փորձել է ճշտել, թե ինչ հիմքով են իրենց պահում Ոստիկանությունում, նրան պատասխանել են, թե բոլորն էլ կասկածվում են իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ: Ժամը 24:00-ի դրությամբ դեռեւս անազատության մեջ էին լրագրող Անի Գեւորգյանը, ծեծի ենթարկված երիտասարդ Դավիթ Քիրամիջյանը եւ Սարգիս անունով եւս մի երիտասարդ: Ենթադրվում է, որ այսօր նրանց մեղադրանք կառաջադրվի: Դավթի հետ նույն սենյակում պահված երիտասարդը, որին ազատ էին արձակել, պատմում էր, որ ոստիկաններից մեկը ցուցմունք էր տալիս, թե ինչպես է Դավիթը հարվածել իր ոտքերին, իսկ հետո պոկել իր «պագոնները», իսկ Դավիթը ծնոտի ցավից չէր կարողանում խոսել:

Իշխանությունների, մասնավորապես՝ իրավապահների նման պահվածքը առնվազն զարմանալի է. ի՞նչ կարող էին անել «քաղաքական զբոսանքի» դուրս եկած այդ` թվով 30 մարդիկ, երիտասարդները, որ այդքան սարսափած` բռնություն գործադրելով, դաժանաբար հեռացնում են նրանց Ազատության հրապարակից: Ինչի՞ց են անհանգստանում իշխանությունները: Մարդիկ զբոսնում են` թող զբոսնեն: