«Ժողովուրդը պետք է ըմբոստանա»

31/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Հայաստանը դեռ չի «մարսել» վերջերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 բանաձեւն ու կանխատեսվող հնարավոր բացասական հետեւանքները, երբ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվելու է մեզ համար խիստ անբարենպաստ մի փաստաթուղթ եւս: Խոսքը թիվ 1416 բանաձեւի մասին է, որով նախատեսվում է ԵԽ ԽՎ-ում ստեղծել ԼՂ հարցով ենթահանձնաժողով: Հայտնի է, որ այս բանաձեւը կյանքի կոչելու համար մեծ ջանքեր է գործադրում ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն, որն էլ, թերեւս, կգլխավորի այն: Ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, որոնք քար լռություն են պահպանում, ընդդիմադիր գործիչները բարձրաձայնում են, որ Հայաստանի անտարբեր ու չեզոք պահվածքը կարող է անկանխատեսելի զարգացումների հանգեցնել:

Այս օրերին Ղազախստանում է գտնվում ՀՀՇ վարչության անդամ, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը, ով այդ երկրում կազմակերպված ֆորումի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ֆորումին մասնակից Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Մեզ հետ զրույցում պարոն Իգիթյանն ասում է, որ իր հանդիպումների ընթացքում ավելի պարզ է դառնում, թե իրականում ինչով են զբաղված մեր պատվիրակության անդամներն ու դիվանագիտական կառույցների ղեկավարները Եվրախորհրդում: «Այն, ինչ ես պարզեցի նրանց հետ շփումներից, հաստատում է, որ Հայաստանը ընդհանրապես տեղեկատվական տեսակետից Բրյուսելում որեւէ աշխատանք չի կատարում: Եվրոպառլամենտի պատգամավորները կարծում են, որ նրանք լրջորեն զբաղվում են Կովկասում խաղաղություն եւ կայունություն մտցնելու հարցով: Իսկ մեր դիվանագետները, իրական խնդիրը նրանց ներկայացնելու փոխարեն, առավոտից երեկո մտնում են տարբեր կաբինետներ եւ ապացուցում են, որ Հայաստանի բանտերում նստած մարդիկ ոչ թե քաղբանտարկյալներ են, այլ քրեական տարրեր են, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, ու թե մամուլի ազատության, թե ժողովրդավարության առումով ընդհանրապես համապատասխանում ենք եվրոպական չափանիշներին: 2008-ի նախագահական ընտրություններից հետո մեծաթիվ մասնագիտացված դիվանագետներ ուղղակի կամ մեկուսացվել, կամ էլ դուրս են մղվել համակարգից, իսկ մնացած մասն էլ զբաղվում են նրանով, ինչը վայել չէ դիվանագետին: Նրանք նենգափոխում են այն պատկերը, ինչը առկա է Հայաստանում, եւ նույն դիվանագետների համար հետագայում շատ դժվար է ներկայացնել ԼՂ հարցը, որովհետեւ նրանք սպառել են իրենց հանդեպ ունեցած վստահությունը»,- ասում է Հ. Իգիթյանը: Նրա կարծիքով, Հայաստանն այսքան խոցելի վիճակում է հայտնվել նաեւ Ազգային ժողովի վատ աշխատանքի շնորհիվ. «Պետք է բացասական արտահայտվեմ նաեւ Հայաստանի խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ: Այն պատգամավորները, որոնք ընդգրկված են Եվրոպական ինտեգրացման եւ այլ ծրագրերում, կամ ներկա են Եվրոպական կառույցներում, բացարձակապես չեն համապատասխանում իրենց առաքելությանը: Եվ իրենց կեցվածքով, եւ գիտելիքներով, էլ չեմ ասում օտար լեզվի չիմացության ու եվրոպական մենթալիտետից բան չհասկանալու մասին: Այս ամենը, իհարկե, բերում է նրան, որ ԵԽ պատգամավորները տեղեկությունները ստանում են ոչ թե իրենցից, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատգամավորներից: Մեր խորհրդարանը միայն այս կամ այն հարցի վերաբերյալ նամակներ է ուղարկում ու համարում, որ աշխատանք է կատարել»: Իսկ թե ինչ կարելի է ակնկալել ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանից, ու թե ինչ զարգացումներ են հնարավոր թիվ 1416 բանաձեւի քննարկման հետ կապված, Հ. Իգիթյանն ասում է. «Եվրախորհրդում կամ Եվրոպառլամենտում ընդունվող որեւէ բանաձեւ չի կարող անհետեւանք մնալ: Այն մթնոլորտը, որում ստեղծվում է ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, պարզ ցույց է տալիս, որ իրականում այդ կառույցը չի զբաղվելու ԼՂ կոնֆլիկտի լուծմամբ: Այն ստեղծվում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային փուլից, հանգեցնում է նրան, որ տարբեր ձեւակերպումներում Հայաստանը նշվում է՝ որպես օկուպանտ երկիր: Ինձ համար զարմանալի է նաեւ ԼՂ իշխանությունների դիրքորոշումը: Ես համոզված եմ, որ եթե, ասենք, Կոսովոյի կամ Հյուսիսային Կիպրոսի մասին նման բանաձեւ լիներ, ապա եւ իշխանությունները, եւ ժողովուրդը միանգամից կըմբոստանային: Մենք կտեսնեինք բազմաթիվ հանրահավաքներ, բողոքի ցույցեր: Իսկ մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է անցնում, եւ Հայաստանը իր դիրքորոշումով ցույց է տալիս, որ օկուպանտ երկրի վերաբերյալ մեղադրանքներին շատ նորմալ է վերաբերվում: Այսօր Հայաստանի իշխանությունները իրենց պահվածքով հաստատում են, որ իրենք ժամանակին՝ առանց որեւէ պատճառի, մտել են Ադրբեջան ու զավթելով նրա տարածքի 20 տոկոսը` այնտեղից դուրս են մղել խաղաղ բնակչությանը: Ինձ զարմացնում է. արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի իշխանությունը համաձայն է, որ կոֆլիկտը այս կերպ է ներկայացվում»:

Հ. Իգիթյանը կարծում է, որ առաջընթաց ունենալու եւ ավելի բացասական իրավիճակից խուսափելու համար, Հայաստանը պետք է կտրուկ քայլեր ձեռնարկի: «Եվրամիության հետ նույն լեզվով խոսելու միայն մի ճանապարհ կա: Մենք պետք է լինենք նույն երկիրը, ինչպիսիք հավաքված են այդ կառույցում: Գոնե պետք է հարգենք այն չափանիշներն ու արժեքները, որոնք կարեւոր են այդ երկրների համար: Ավելի քան պարզ է, որ, եթե Հայաստանը լիներ Լյուքսեմբուրգի կամ Շվեյցարիայի նման երկիր, ապա նման բանաձեւեր չէին լինի, եւ հակառակը, Ադրբեջանի հանդեպ կոշտ դիրքորոշում կլիներ: Կարծում եմ, որ նախ պետք է դադարեցվեն իշխանությունների կողմից հնչող լավատեսական հայտարարությունները: Իրականում Հայաստանն է Թուրքիային ներքաշել գործընթացների մեջ, բայց եթե նույնիսկ արդեն չենք էլ կարող փոխել այդ ամենը, ապա գոնե այն մարդիկ, որոնց պատճառով ԼՂ-ն ու Հայաստանը հասան այս վիճակին, պետք է պատժվեն: Պատժվեն գոնե քաղաքական տեսանկյունից, այսինքն` հրաժարական տան»: