Ուրանը լուրջ վտանգ է տարածաշրջանի համար

31/05/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի կապույտ լեռների ծերպերին դիմափոշու հաստ շերտի պես նստել է մշուշը: Գյուղի սկզբնամասում քարերի արանքից աճում են սպիտակ թերթիկներով երիցուկները, որոնք, արդեն 3 գարուն է` աննկատ են մնում տեղի բնակիչների համար: Գյուղի հանդիպակաց սարերի միջեւ տարբերությունը մեկն է` մի տեղ գյուղի բնակիչները բոխի են փնտրում, մյուսում` ռուսներն են ուրան փնտրում…

Չգիտես ինչու, երկու տարի առաջ ՀՀ Կառավարությունը հանկարծ հիշեց, որ Երեւանից շատ հեռու, Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարներ կան, որոնք դեռեւս, այսպես ասած` «տեր» չունեն: 2008թ. փետրվարի 6-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության «Ռոստամ» ատոմային էներգետիկայի պետական կորպորացիայի միջեւ հուշագիր ստորագրվեց, որով ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշական ոլորտում համագործակցության զարգացման հիմք դրվեց: Ըստ այդ հուշագրի էլ` Կառավարությունը որոշեց Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման գործունեություն իրականացնել: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը սկսեց բանակցություններ վարել ռուսական «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի հետ` փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու նպատակով: Արդյունքում հիմնվեց «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ը, որին էլ ՀՀ-ում ուրանի պաշարների հետազոտության եւ ուրանային հանքավայրերի շահագործման մենաշնորհ տրվեց: Ընդ որում` ընկերության կողմից ուսումնասիրությունները սկսվել են 2009թ. օգոստոսին եւ կավարտվեն 2014թ. օգոստոսին:

«Կառավարության կնդին հուվա՞ տվալ»

Մինչ ռուսական կողմը Լեռնաձորում շարունակում է հետախուզական աշխատանքները, գյուղի բնակիչների անհանգստությունն ու հուզմունքը օրեցօր աճում է: «Հանուն հինչի՞: Վայ, էդ ուրանատիրոջ հինչն ըմ ասալ»,- զայրացած նշեց լեռնաձորցի բնակիչ Ֆրունզիկ պապը, ում փորձեց հանգստացնել կինը` Էմմա տատիկը: Նրանք Ներքին Լեռնաձորում հաստատվել են 1960-ականներից: Վերին Լեռնաձորի` Քըրդինգյանցի սողանքների պատճառով բնակիչներին տեղափոխեցին Ներքին Լեռնաձոր: Եվ սողանքների հետեւանքով գյուղի վերին հատվածը փակեցին: «Ներկա մոմենտում ես դեղարանքով եմ ապրում, ցավդ տանիմ: Պա էդ հելա մինչեւ ուրանը հանելնըմ հիվանդ, պա ուրանը հանելուց հետո հի՞նչ պիտի տըռնանք»,- ասաց Էմմա տատիկը` հիշելով, թե ինչպես էին 1960-ականներին ռուսները ուսումնասիրություններ իրականացնում: «Ասում էին` ռազվեդկա ա: Հանքը բացեցին, ու մի գիշերվա մեջ 15 հոգի մահացան: Հետո էլ չշահագործեցին, հանքը փակեցին, պեչատեցին ու գնացին»,- վերհիշեցին բնիկ լեռնաձորցի ամուսինները` չհասկանալով, թե ինչո՞ւ հանկարծ նույն ռուսները կրկին, տասնյակ տարիներ անց վերսկսեցին իրենց գործունեությունը: «Էն ժամանակ էլ էր ժողովուրդը դեմ: Ասում են` էստեղ ուրանի մեծ պաշարներ կան, ու համ էլ բարձր որակի է ուրանը»,- շարունակեց Էմմա տատիկը: «Էստեղից մինչեւ էդ ուրանի հանքը 150 մետր ա: Լավ, հիմա ռազվեդկա են անում, բա որ հանկարծ պարզվի, որ պիտի հանքը բացեն, մեր վիճակն ի՞նչ ա լինելու: Թող մեզ տեղափոխեն, պաժալուստա, հետո ինչ ուզում են` անեն: Մենք ատկազ չենք անում, բայց թող մեր մասին մտածեն»,- ավելացրեց Լեռնաձորի բնակիչ 72-ամյա տատը` շտապելով սուրճ պատրաստել: «Մեզ պիտի տեղավորեն: Թող մեզ տանեն իրենց դաչաները, Վահագնի թաղամասում լիքը դաչաներ կան, ու հանքը շահագործեն: Ու եթե ասում են` վնաս չի, թող իրանք գան էստեղ, մենք էլ գնանք իրենց տներում ապրենք»,- նկատեց գյուղի բնակիչներից տիկին Մելանյան` հետաքրքրվելով, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ են հատկապես Լեռնաձորը դարձնում թիրախ: «Մեզ աշխատանքի տեղեր պետք չեն: Մեզ մոտ համարյա բոլորն էլ աշխատում են կոմբինատում: Ինչի՞ համար են ուզում բացել` մեկի՞, մի քանիսի՞, թե՞ պետության անձնական շահերի համար: Դա իրենք գիտեն: Մենք ի՞նչ իմանանք»,- ընդգծեց գյուղացիներից մեկը: «Իրենք ասում են` վնաս չի: Բա էն, որ էնքան մարդ մահացան մի գիշերվա ընթացքում, ինչի՞ց էր: Բա մենք ո՞նց մնանք էստեղ: Մի բնակիչը ես եմ` թող ինձ տեղավորեն, հետո ինչ ուզում են անեն»,- ասաց Ծաղկավարդ տատը: «Այ բալա ջան, հանքը հեն ա, 10 տարի ա` գործում ա: Էնտեղ 2 ֆրանսիացի կին են աշխատում: Ձմեռը փիչ են վառում: Հանքը հեն ա աշխատում: Ջրերը գնում են, պրոբը վերցնում են: Մենք հելա հեչ` մեծ ենք, պա էն քյորբա խոխեքը: Ուրանի մեջ քանի՞ օր կապրին»,- նշեց մյուս զրուցակիցս` Տիկին Էմման` բանջարների միջով ուղեկցելով դեպի գյուղի գլխավոր ճանապարհ:

Լեռների ձորի բնակիչները ուրանի մասին վախով էին խոսում: Նրանցից շատերը մինչ օրս հիշում էին այն թերհաս ու աննորմալ աճով անասուններին, որոնք պահվում էին այն անասնագոմում` սովխոզում, որը տեղակայված էր ուրանի պաշարներով հարուստ վայրում: Բնակիչներն անասելի զարմանքով էին պատմում այնտեղ կատարվող անոմալիաների մասին` ցավով նկատելով, որ անգամ առանց ուրանի շահագործման էլ ծանր մետաղների պարունակությունը տեղաբնակների օրգանիզմում գերակշռում է: «Ինչքան էլ բարձր աշխատավարձ տան, ո՞վ կմտնի ուրանի հանքը: Դեռ էն ժամանակ հանքում աշխատելու համար ցմահ դատապարտվածներին էին բերում»,- ասացին բնակիչները: Դեռեւս տարիներ առաջ Լեռնաձորի երեխաների շրջանում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ երեխաների եղունգների եւ մազերի մեջ նորմայից անհամեմատ շատ է ծանր մետաղների պարունակությունը: «Մեզ մոտ ահավոր շատ են ինֆարկտները, սրտի հիվանդությունները»,- նկատեցին լեռնաձորցիները` այդպես էլ չհասկանալով այն ակադեմիկոսներին, ովքեր հպարտությամբ նշում են, թե իբր ուրանը որեւէ վտանգ չի կարող առաջացնել, եւ որ այն, բացի «բուտերբրոտ» անելուց, ամեն ձեւով էլ կարելի է օգտագործել:

Ուրանի վտանգը

«Ուրանը լուրջ վտանգ է մեր տարածաշրջանի համար: Այդ տարածքը գտնվում է ծովի մակարդակից 1600-1800 մետր բարձրության վրա»,- ասաց Կապանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը` նկատելով, որ ուրանի հանքավայրի կարեւորագույն խնդիրներից մեկը ջրային ավազանի իսպառ աղտոտումն է, եւ ի տարբերություն մի շարք մետաղների, ուրանի պես ռադիոակտիվ մետաղների պարագայում ջրային ավազանի մաքրման տեխնոլոգիա գոյություն չունի: Ըստ Ա. Ավագյանի` վտանգը սպառնալու է ամբողջ տարածաշրջանին: «Կանադայում, Ավստրալիայում, Ղազախստանում եւ մի շարք այլ երկրներում ուրանի պաշարներով հարուստ վայրերը բավական մեծ տրամագծով ցանկապատել են, որպեսզի որեւէ մեկը չմոտենա: Իսկ այստեղ որտե՞ղ պետք է ցանկապատեն: Մենք մի բուռ պետություն ենք եւ իրավունք չունենք նման շքեղություն թույլ տալ»,- նշեց Աշոտ Ավագյանը: «1966-67թթ. մեր այս տարածաշրջանը հետախուզվել է Կալցովսկի էքսպեդիցիայի կողմից: Ի դեպ, այդ էքսպեդիցիայի ղեկավարը հայ էր` Ռոբերտ Յաղուբյանը: Չեմ կարող ասել, թե պաշարներ հաշվարկվե՞լ են, թե՞ ոչ, բայց հնարավոր չէ, որ Սովետական Միության տարիներին որոնողական-հետախուզական աշխատանքներն իրականացնելիս պաշարներ չհաշվարկվեին: Համենայնդեպս` կարծում եմ՝ այն ժամանակ պարզապես չցանկացան Կապանն ամայացնել: Մինչդեռ հիմա ուրանի հանքավայրը շահագործելու մտադրությունը շատ լուրջ է»,- ընդգծեց «Խուստուփ» բնապահպանական հ/կ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը` նկատելով, որ որքան էլ այսօր թանկ գնահատվի ուրանը, միեւնույն է, այն չի կարելի շահագործել: «Ամենաբարձր գինը մարդու կյանքի գինն է: Եթե շահագործեն, տեղի կունենա էկոլոգիական մեծ աղետ, եւ այլեւս անիմաստ կլինի այստեղ ապրելը: Այդ դեպքում` ո՞ւր գնալ»,- նշեց Վ. Մարտիրոսյանը` կրկին անդրադառնալով այն ռադիոակտիվ ջրերին, որոնք ուրանի շահագործման դեպքում դուրս կգան երկրի մակերեւույթ: Ի դեպ, ուրանի հնարավոր շահագործումն ու հետախուզական աշխատանքները դադարեցնելու համար էլ Կապանի տարածաշրջանային զարգացման հիմնադրամն ու Ազատամարտ կոմիտեն ստորագրահավաք են սկսել: «Շատերն են այս ոլորտում շահագրգիռ: Ասում են, թե ուրանի շահագործումը որեւէ վնաս չի կարող տալ, եթե նորանոր տեխնոլոգիաներ ներմուծենք, եւ թե այն որեւէ բացասական ազդեցություն չի կարող հասցնել շրջակա միջավայրին: Բայց դա իրատեսական չէ մի պարզ պատճառով, որ տվյալ մարդիկ շահագրգիռ կողմ են հանդիսանում»,- նկատեց Կապանի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Փարսադանյանը: Հետաքրքիրն այն է, որ ուրանի շահագործման դեպքում վտանգ չեն տեսնում ոչ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, ով, ի դեպ, կապանցի է, ոչ էլ ՀՀ բնապահպանության նախարարը: Ավելին` վերջինս շաբաթներ առաջ Կապանի Շիկահող գյուղում մեծ հանդիսությամբ մեդալ հանձնեց Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին` իբրեւ՝ շրջակա միջավայրը մաքուր պահելու համար… Իսկ Կառավարության որոշումները պարտավոր են լռելյայն կատարել մարզի ղեկավարները: «Սաղ վախում են պաշտոն կորցնելան: Հո՞ւվ կարա դեմ խոսա… Մեր գյուղսովետի նախագահին էլ նեղեցին, երբ որ էդ մարդը կանգնած էր մեր կողքին: Դե ասում են` մարզպետարանում լավ նեղել են, որ իրա ժողովրդի շահն ա պաշտպանում»,- ասացին Լեռնաձորի բնակիչները եւ խնդրեցին ՀՀ իշխանություններին փոխանցել իրենց խոսքերը` «Ով ասում ա` ուրանից վնաս չկա, մենք մեր տները փոխում ենք իրենցի հետ` մարզպետի, նախարարների, վարչապետի… ու սաղ իշխանությունների… Գնացեք հենց էդպես էլ գրեք»: